Առաջին խաղը` մարտի 21-ին

06/03/2009

2009 թվականի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան մարտի 21-22-ին: Ըստ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տեղեկատվության, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է ՀՀ ֆուտբոլի ազգային առաջնության խաղացանկը:

ՀՀ առաջնության մեկնարկային փուլում հանդիպելու են՝ մարտի 21-ին՝ Երեւանի «Կիլիկիան» եւ Երեւանի «Ուլիսը»` «Հրազդան» մարզադաշտում, 22-ին՝ Գյումրիի «Շիրակը» եւ Երեւանի «Արարատը», Կապանի «Գանձասարն» ու Աշտարակի «Միկան», Երեւանի «Փյունիկը» եւ Երեւանի «Բանանցը»: Առաջինը նշված են խաղադաշտի տերերի կարգավիճակ ունեցող թիմերը: Ըստ նույն աղբյուրի` Հայաստանի 35 ֆուտբոլի մրցավար եւ 12 տեսուչ մասնակցում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած դասընթացներին: Այն ղեկավարում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Արարատ Ճաղարյանը: Նշենք նաեւ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը Նորվեգիայի «Ֆրեդրիկսթադի» ֆուտբոլի ակումբի կազմում հանդես կգա 20-րդ համարի համազգեստով:

Ըստ Աշտարակի «Միկա» ակումբի` վերջինիս նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության «Դնեպր»` Սմոլենսկ, ֆուտբոլի ակումբի գլխավոր մարզիչ: Երեւանի «Ուլիս» ֆուտբոլի ակումբի տեղեկացմամբ` «Ուլիս» թիմը 2:1 հաշվով հաղթել է Վրաստանի Զուգդիդի քաղաքի «Մգլեբիին»` այդ երկրի Ուռեկի քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքում: Գոլերի հեղինակ են դարձել Արտյոմ Ադամյանը եւ Դավիթ Գրիգորյանը: