Երեւանի քաղաքապետարանի միջոցներով այս տարի հիմնանորոգվելու է ութ փողոցների (Իսահակյան, Ալեք Մանուկյան, Աթենք, Հովսեփյան, Թոթովենց, Լեո, Մամիկոնյանց, Տիգրան Մեծ) եւ Ծիծեռնակաբերդի խճուղու արտաքին լուսավորության ցանցը: Այդ մասին «Արմենպրեսին» հայտնել է Երեւանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Սամվել Գաբրիելյանը, ըստ որի այդ փողոցներն այսօր մասամբ լուսավորվում են, սակայն խնդիր է դրված արդիականացնել լուսավորության ցանցը: Տարվա ընթացքում փողոցների եւ բակային տարածքների արտաքին լուսավորության աշխատանքներ կիրականացվեն նաեւ թաղային համայնքների միջոցներով: Այս տարի կիրականացվեն նաեւ արձանների լուսավորման աշխատանքներ: Երեւանում հաշվառված 63 մեծ ու փոքր արձաններից այսօր լուսավորվում են 48-ը: 2008թ. վերականգնվել է 40 փողոցների արտաքին լուսավորության ցանցը, որից 30-ը` Երեւանի քաղաքապետարանի միջոցներով: Թաղային համայնքների կողմից վերականգնվել է 10 փողոցի եւ 29 բակային տարածքի լուսավորության ցանցը: