Կիկաբիձեն հիասթափված է

06/03/2009

«Դուք ինձ չդավաճանեցիք, այլ հիասթափեցրիք» խորագիրը կրող նոր տեսահոլովակով վրացի ճանաչված երգիչ ու դերասան Վախթանգ Կիկաբիձեն քննադատում է իր ռուս ընկերներին ու ընդհանրապես ռուս մտավորականությանը` 2008 թվականի օգոստոսյան պատերազմի արժանի գնահատականը չտալու համար: Տեսահոլովակում ընդգրկված են Վրաստանի տարածքում ռուսական զորքի գործողությունները, բնակելի շենքերի ռմբակոծումը, օգնության կանչող վիրավորներին, փախստականներին պատկերող կադրեր: «Իսկ մտավորականությունը լռեց եւ շարունակում է լռել»,- «Ազատություն» ռ/կ-ի ռուսական ծառայությանը ասել է Կիկաբիձեն` հավելելով. «Բնականաբար, պատերազմի համար ռուս մտավորականությունը մեղավոր չէ. ոչ ոք նման բան չի ասում: Բայց հիասթափություն` այո, կա, որովհետեւ նրանք լռեցին, չօգտվեցին ճշմարտությունն ասելու իրենց իրավունքից: Որովհետեւ ոչ բոլորը կարող են ասել այն, ինչ զգում են, ոչ բոլորն են ի վիճակի ասել ճշմարտությունը»: Նախկին խորհրդային պետության տարածքում մեծ հռչակ վայելող Կիկաբիձեն ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո լրիվ խզել է կապերը Ռուսաստանի հետ եւ, իր իսկ վկայությամբ, արդեն կես տարի չի հատել Ռուսաստանի սահմանը: Պատերազմի օրերին` օգոստոսի 12-ին, նա հրաժարվեց Բարեկամության շքանշանից, որով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պարգեւատրել էր իրեն ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Այնուհետեւ Կիկաբիձեն չեղյալ հայտարարեց հոկտեմբերի 5-ին Մոսկվայում նախանշված հոբելյանական համերգը` հիմնավորելով, որ ռուսական ագրեսիան փաստացի շարունակվում է, ռուսները գրավել են իր երկրի տարածքի 20 տոկոսը, եւ ինքը չի կարող երգել: Վախթանգ Կիկաբիձեն հայտնել է, որ պատերազմից հետո որեւէ շփում չունի նաեւ իր ամենամտերիմ ընկերներից շատերի, այդ թվում Իոսիֆ Կոբզոնի եւ Lեւ Lեշչենկոյի հետ, որոնք արդեն կես տարի իրենով չեն հետաքրքրվում, եւ միայն ռուսական մամուլում երբեմն կարդում է իր մասին նրանց դատապարտող ելույթները:

«Այդ տեսահոլովակով նաեւ հիշեցնում ենք, որ ընկերներ ենք եղել: Եթե իրենց հետ Ռուսաստանում ինչ-որ բան պատահեր, ես անպայման կզանգահարեի»,- ասում է վրաց արվեստագետը: Վախթանգ Կիկաբիձեն մտադիր չէ երբեւէ վերսկսել համերգային գործունեությունը Ռուսաստանում, հրաժարվել է նաեւ իրեն առաջարկված որոշ դերերից: Իսկ ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգով նա մարտի վերջին հանդես կգա Կիեւում: