Ինչպես ցույց է տալիս վերջերս անցկացված լայնամասշտաբ միջազգային
սոցիոլոգիական հարցումը, հակաամերիկանիզմի ալիքը, որ բարձրացել էր Իրաքի
պատերազմից հետո, դատելով ըստ ամենայնի, սկսում է կամաց-կամաց իջնել, թեեւ
մուսուլմանական աշխարհում տիրում են բացահայտ բացասական
տրամադրություններ, իսկ շատ եվրոպացիներ Չինաստանին ավելի բարեհամբույր են
վերաբերվում, քան Միացյալ Նահանգներին։
Այսպիսի պատկեր է ստացվել PEW հետազոտական կենտրոնի կազմակերպած
սոցիոլոգիական հարցումից, որին մասնակցել են ԱՄՆ-ի եւ աշխարհի 15 երկրների
17.000 հարցվողներ։ Հարցումն անցկացվել է Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում,
Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Հորդանանում, Իսպանիայում, Կանադայում,
Չինաստանում, Լիբանանում, Մարոկկոյում, Պակիստանում, Լեհաստանում,
Ռուսաստանում, Թուրքիայում եւ Ֆրանսիայում։
Ապրիլի 20-ից մինչեւ մայիսի 31-ն անցկացված հարցումը բացահայտել է, որ
աշխարհում պահպանվում են Միացյալ Նահանգների նկատմամբ եղած կասկածները,
տագնապներն ու չկամությունը, սակայն որոշ երկրներում՝ անցած տարվա
համեմատ, շնորհիվ Վաշինգտոնի որոշ քայլերի, վերաբերմունքը դարձել է ավելի
բարեկամական։
Ինդոնեզացիների 79%-ը հայտարարել են, որ դեկտեմբերյան ցունամիից հետո
ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության համար իրենց վերաբերմունքը դարձել է ավելի
դրական։ Հնդիկներին ոգեւորում է տնտեսական կապերի ամրապնդումը, իսկ
ռուսները գոհ են առեւտրի եւ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում
ունեցած համագործակցությունից։
– Աշխարհի տարածաշրջանների մեծ մասում, որտեղ մենք հարցում էինք
անցկացնում, հակաամերիկյան տրամադրություններն արմատացել են,- ասում է PEW
հետազոտական կենտրոնի տնօրեն Էնդրյու Քոհութը։
ԱՄՆ-ի հետ ավանդաբար դաշնակից երկրներից միայն Մեծ Բրիտանիայում եւ
Կանադայում է վերաբերմունքը մնացել դրական։ Մյուս երկրներում Ջորջ Բուշը
շարունակում է մնալ ծայրահեղ անհաճո կերպար։
Բրիտանիայի, Կանադայի եւ Ֆրանսիայի հարցվողների մոտավորապես երեք քառորդն
ասել է, որ Բուշի վերընտրությունը բացասաբար է ազդել ԱՄՆ-ի նկատմամբ իրենց
վերաբերմունքի վրա։ Բացի այդ, կանադացիներն, ավելի հաճախ, քան մյուս
երկրների հարցվողները, ամերիկացիներին համարում են կոպիտ եւ բռնության
հակում ունեցող։
Այն հարցին, թե ի՞նչ է պետք անել ԱՄՆ-ի իմիջը բարելավելու համար, հարցման
կազմակերպմանը մասնակից, նախկին սենատոր Ջոն Դանֆորթը նկատել է.
«Ենթադրելի խնդիրներ կարգավորելու ուղղությամբ կատարված կամայական
գործողությունների համար ստիպված վճարում ենք ժողովրդականության կորստով»։
Ամերիկացիները, հավանաբար, լավ են հասկանում, որ իրենց երկիրն իմիջի
խնդիրներ ունի։ Հարցվածների քառորդ մասն է միայն համարում, որ Միացյալ
Նահանգները դրսում ժողովրդականություն են վայելում։
Որոշ երկրներում հարցվածների զգալի մեծամասնությունը դրական է վերաբերվում
եւս մեկ հզոր ռազմական տերության ի հայտ գալուն, որը կկարողանա հակակշռել
ԱՄՆ-ին, սակայն քչերն են, հատկապես Եվրոպայում, ուզում այդ դերում տեսնել
Չինաստանին։
Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում տասը հարցվածից յոթը դեմ են
արտահայտվել Չինաստանի գերտերություն դառնալուն։ Այդպիսի կարծիք է հայտնել
գերմանացի եւ ամերիկացի տասը հարցվողից ութը։ Սակայն զարգացող երկրներում՝
Ինդոնեզիա, Հորդանան, Պակիստան, Թուրքիա հարցվողների մեծ մասը կողմ է այդ
հեռանկարին։
Չնայած Միացյալ Նահանգներն ավանդաբար համարվում են անսահմանափակ
հնարավորությունների երկիր, հարցվածներից շատերը՝ պատասխանելով այն
հարցին, թե երիտասարդներին լավ կյանք որոնելու համար ո՞ւր խորհուրդ կտային
գնալ, ավելի հաճախ նշել են Ավստրալիան, Բրիտանիան, Գերմանիան ու Կանադան,
քան Միացյալ Նահանգները։
Տ.Պ.