Հերթական «բարեփոխման» զոհերը

03/03/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նշանակման հենց սկզբից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսում էր խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու ու ստվերային տնտեսությունը կրճատելու մասին:

«Գաղտնիք չէ, որ մեր խնդիրները հիմնականում կապված են հարկային ու մաքսային համակարգերի ու վարչարարության հետ»,- սա առաջին միտքն էր, որ նա ասաց լրագրողներին որպես վարչապետ` փորձելով տպավորություն թողնել, թե աշխատելու է այդ ուղղությամբ: Սակայն այսօր առանց այլեւայլության կարելի է արձանագրել, որ նրա բարձրագոչ մտքերը, կառավարության նիստերի ժամանակ հնչող երկար-բարակ դասախոսությունները, ՀԴՄ-ների կիրառման եւ շահումների հետ կապված այս ամբողջ «աշխուժությունը» սովորական իմիտացիա է: ՀԴՄ-ները չարիք դարձան մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, իսկ հարկային փոփոխությունները` շատերին կանգրեցրին փակվելու վտանգի առջեւ: Ակնհայտ է, որ ՀԴՄ-ների պարտադիր կիրառման միջոցով ստիպել, որ մանր առեւտրականները խոշորներից փաստաթուղթ պահանջեն, պարզապես անհնար է: Սակայն թատերականացված ներկայացումները վարչապետի կատարմամբ դեռեւս շարունակվում են: Դրանցից մեկն էլ Ոսկու շուկայի պատմությունն էր: Մոտ մեկ ամիս առաջ նա այցելեց Ոսկու շուկա` կրկին փորձելով ցույց տալ, թե կառավարությունն ուզում է «կպնել» խոշորներին: «Տոնավաճառների հետ կապված օրենսդրական վերջին փոփոխությունները միտված են հարկային բեռը հատկապես աշխատողների համար թեթեւացնելու` այն տեղափոխելով տոնավաճառի, շուկայի կազմակերպչի վրա»,- ասել էր նա: Ավելին, վարչապետը այս անգամ նույնիսկ անվանապես մի քանի թթու խոսք էր ասել Ոսկու շուկայի կազմակերպչին` հայտարարելով, թե աշխատանքային պայմանները առեւտրականների համար լավը չեն, օրենսդրությանը չեն համապատասխանում, եւ այլն: «Աչքակապություն էր վարչապետի այցը: Մեր վիճակը ընդհանրապես ոչ թեթեւացավ, ոչ էլ թեթեւանում է: Մենք դժգոհում էինք այս վարձերից: Ամիսը 65-70 հազար դրամ փող ենք տալիս: 18 հազար որպես հարկ վճարվում է պետությանը, 5 հազարը` Կենսաթոշակային հիմնադրամին, 5 հազարը` հաշվապահությանը, մնացած գումարը` շուկայի տիրոջը` տեղի վարձակալության համար, եւ այլն: Կողքիս տղեն չդիմացավ, դուրս եկավ: Բայց վարչապետը այնպես ներկայացրեց, թե աշխատանքային պայմաններից ենք դժգոհում, ու այդ ամենը շուռ տվեց Վաղարշի (շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի.- Հ.Մ.) գլխին: Աշխատանքային պայմանների առումով ոչ մի դժգոհություն էլ չկա: Թող ապրելու հնարավորությունը ունենանք, նոր կմտածենք աշխատանքային պայմանների մասին: Էդ մարդուց մենք գոհ ենք: 5 հազար ընտանիք նրա շնորհիվ պահվում է: Այնպես շուռ տվեց Վաղարշի վրա, որ հիմա ժողովրդի մեջ խոսում են, թե Վաղարշի ձեռքից տոնավաճառը խլելու են»,- մեզ հետ զրույցում ասաց Ոսկու շուկայի առեւտրականներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ: Ավելին, վարչապետը կառավարության նիստի ընթացքում ասաց նաեւ, թե Ոսկու շուկայի սեփականատերը շուկայի ու աշխատակիցների պայմանները բարեկարգելու փոխարեն Ծաղկաձորում դղյակներ է կառուցում: Շուկայի աշխատակիցներից մեկն ասաց, որ Վ. Աբրահամյանը Ծաղկաձորում հյուրանոցային համալիր է կառուցում եւ ոչ թե դղյակ: «Վարչապետի ի՞նչ գործն է, թե այդ մարդը իր սեփական փողերը ոնց է ծախսում: Այդքան խոսում են Հայաստանում տուրիզմ զարգացնելու մասին: Փոխանակ շնորհակալ լինեն, որ հյուրանոց է կառուցում, ներդրում անում, աշխատատեղ ստեղծում, մի բան էլ դժգոհում են: Թե՞ ուզում են, որ Վաղարշն էլ իրենց նման փողերը Հայաստանից տանի ու արտասահմանում ծախսի, դաչաներ կառուցի»,- վրդովված վրա բերեց մեր զրուցակիցներից մեկը: «Ոչ մի դրական բան Տ. Սարգսյանի այցից հետո չենք տեսել: Հակառակը, նրա ցուցումով պադվալային հարկերը քանդեցին, ժողովրդին հանեցին-տուն ուղարկեցին: Իմ աչքով եմ տեսել, թե տղամարդ հալով ոնց էր նրանցից մեկը լացելով գնում: Եկավ ոչ թե օգուտ տվեց, այլ քանդեց, ահագին ժողովրդի դարձրեց գործազուրկ»,- ասաց մեկ այլ զրուցակից:

Տոնավաճառի աշխատակիցները նաեւ բախվել էին դոլար հայթայթելու խնդրին: Նրանք նշեցին, որ իրենք դրամով են ոսկին վաճառում, իսկ հարկ եղած դեպքում դոլար կարող են գնել միայն սեւ շուկայում` 320-325 դրամ փոխարժեքով: Ինչ վերաբերում է ՀԴՄ-ների կիրառմանը, ապա նշենք, որ բոլոր տաղավարներում էլ դրանք տեղադրված էին: «Բայց մենք աշխատում ենք կտրոն չխփել ու լավ էլ անում ենք»,- անկեղծացավ մի աշխատակից: «Ասում են` 7 մետրից պակաս տարածքները ՀԴՄ-ներով չեն հարկվելու: Այդ դեպքում ինչո՞ւ են պարտադրում, որ ՀԴՄ-ներով աշխատենք: Թող հաստատագրված վճար սահմանեն: Իսկ հիմա պետք է ցուցակ ունենանք, գրենք, թե ումից ենք առել, ինչ գնով ենք առել, ոնց ենք վաճառում, շահույթը ինչքան է եւ այլն: Բայց ախր մենք դրանից շատ ենք հեռու: Թող սկզբում խոշորներին ստիպեն փաստաթղթերով աշխատել, հարկային դաշտ բերեն, նոր մեզ անդրադառնան: Մենք պետությունից կախում չունենք, առանց օգնության այսքան տուն ենք պահում, ի՞նչ են ուզում, ինչո՞ւ հանգիստ չեն թողնում»,- հավելեց նա: Աշխատակիցները նաեւ բողոքում էին առեւտրի ծավալներից: «Մենք նորմալ առեւտուր էլ չենք կարող անել: Նստեք այստեղ, տեսեք, թե օրվա ընթացքում քանի գնորդ է գալիս: Այդ փոփոխությունները գոնե ճգնաժամից հետո անեին»,- առաջարկում է ոսկի վաճառողներից մեկը: