Զեկույցից հետո փողը կտա՞ն

03/03/2009

«Այս տարին «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստանի» համար առանձնահատուկ է նրանով, որ մի շարք ծրագրերի նախագծային փուլն ավարտվում է, եւ դրանք արդեն կսկսեն իրագործվել»,- այդ մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՄՀՀ գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Ըստ նրա, այս տարի նախատեսվում է բոլոր ծրագրերով շինարարության սկիզբ: Ոռոգման ծրագրերով շինարարությունն արդեն սկսվել է, այդ աշխատանքները ներկայում ընթանում են Արզնի-Շամիրամ ջրանցքում: Ճանապարհաշինական ծրագրերը մեկնարկել են դեռ նախորդ տարվա ընթացքում, մարտ ամսվա կեսերից դրանք կշարունակվեն: 2009 թ. նախատեսված է վերանորոգել շուրջ 273 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ: «Ջրից դեպի շուկա» ծրագիրը շարունակվում է, այն եւս ներառում է որոշ շինարարական նախագծեր: Այս տարվա ծրագրերի համար «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից նախատեսված է շուրջ 70 մլն դոլար ֆինանսավորում: Այդ գումարները տրամադրվում են փուլ առ փուլ` ամեն եռամսյակի կտրվածքով: 2009թ. առաջին եռամսյակի համար նախատեսված ծրագրերի համար արդեն իսկ հատկացվել է 6.8 մլն դոլար: Մարտի 13-ին նախատեսվում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի խորհրդի քննարկմանը ներկայացնել ապրիլ-հունիս եռամսյակի համար ծրագրերը, որոնց արժեքը նախնական հաշվարկներով շուրջ 12 մլն դոլար է: Իսկ արդյո՞ք անցած շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Հայաստանի վերաբերյալ բավական կոշտ զեկույցից հետո այդ գումարները կտրամադրվեն անխափան ընթացքով: Այդ հարցին Ա. Հովսեփյանը դժվարացել է պատասխանել` նշելով, որ այդ հարցերը քննարկվելու են մարտին: