Ճգնաժամի պատճառով

03/03/2009

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն երեկ տեղեկացրել է, որ նվազեցնում է արտահանվող բեռների փոխադրման գները: «Հարավկովկասյան երկաթուղին» եւ հայրենական ցեմենտի արտադրողներն օրերս համաձայնեցրել են փոխադրման պայմանները 2009թ. համար, որի արդյունքում երկաթուղային տրանսպորտով արտահանման փոխադրումների արժեքն իջեցվել է միջինը 30%` փոխադրումների երաշխավորված ծավալների առկայության դեպքում: Հումքի փոխադրման համար նախատեսված է 10% զեղչ` գործող սակագներից: ՓԲԸ-ի եւ Վրացական երկաթուղու միջեւ անցկացված համատեղ աշխատանքի արդյունքում մոտակա ամիսներին պլանավորվում է նաեւ բեռնարկղային փոխադրումների սակագների իջեցում: Ըստ ընկերության` չնայած այն փաստին, որ «Հարավկովկասյան երկաթուղին» աշխատում է վնասով` վերջինիս ղեկավարությունը հիմնական էներգառեսուրսների արժեքի ավելացման պայմաններում որոշել է ճկուն սակագնային քաղաքականություն վարել` ՀՀ տնտեսության եւ հայկական արտահանողների վրա տնտեսական ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու նպատակով: