Ոչ հարկատուների հաշվին

03/03/2009

«Նաբուկո» գազամուղը չպետք է ֆինանսավորվի հարկատուների միջոցների հաշվին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրյուսելում ընթացող տնտեսական ֆորումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Եվրամիությունը հույս ունի, որ «Նաբուկո» գազամուղը Թուրքիայի տարածքով գազը կհասցնի Եվրոպա ու դրանով եվրոպական երկրների համար կնվազեցնի ռուսական գազից ու գործող տրանզիտային երթուղիներից իրենց կախվածությունը: «Նաբուկո» մայրուղային գազամուղը, որը պետք է ունենա 3,3 հազար կիլոմետր երկարություն, Կենտրոնական Ասիայից գազը հասցնելու է Եվրամիության երկրներ` շրջանցելով Ռուսաստանը: Առաջին հերթին այդ գազամուղը գազ կհասցնի Գերմանիային ու Ավստրիային: Նախագծի հզորությունը կկազմի տարեկան 26-32 միլիարդ խմ գազ: Գազամուղի շինարարության առաջին փուլը կսկսվի 2010 թվականին, երկրորդը` 2014 թվականի վերջին: