Կիրակի օրը մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երկրորդ արտասահմանյան շրջագայությունը` Մերձավոր Արեւելք եւ Եվրոպա: Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո Հիլարի Քլինթոնը փետրվարին մեկնել էր Ասիա` այցելելով Ճապոնիա, Ինդոնեզիա, Հարավային Կորեա եւ Չինաստան: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երեկ Հիլարի Քլինթոնը Եգիպտոսում` Շարմ-էլ-Շեյխում մասնակցել է Գազայի գոտու վերականգնմանը նվիրված դոնոր երկրների համաժողովին: Այսօր նախատեսված են նրա բանակցությունները իսրայելցի եւ պաղեստինցի պաշտոնյաների հետ. Քլինթոնը նախ կայցելի Երուսաղեմ, ապա՝ Ռամալլահ: Հինգշաբթի օրը Քլինթոնն արդեն կլինի Բրյուսելում, որտեղ կհանդիպի իր պաշտոնակիցներին ՆԱՏՕ-ի անդամ երկրներից: Քննարկման թեմաներն են պատերազմը Աֆղանստանում եւ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները:
Բելգիայից Քլինթոնը կմեկնի Շվեյցարիա, որտեղ Ժնեւում առաջին անգամ կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ` քննարկելով երկկողմ հարաբերություններին եւ, մասնավորապես, սպառազինությունների կրճատմանը վերաբերող հարցեր: Շրջագայության վերջին հանգրվանը Անկարան է: ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դենիել Ֆրիդը ասել է, որ Անկարայում Հիլարի Քլինթոնի աշխատանքային օրակարգը շատ հագեցած է լինելու, պետքարտուղարը հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ, քննարկվելու է Աֆղանստանի պատերազմի թեման: Վերլուծաբանները չեն բացառում, որ թուրքական կողմը կարծարծի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեման: «Հյուրիեթ» օրաթերթը վկայակոչել է ԱՄՆ Կոնգրեսի Թուրքիայի հետ բարեկամության խմբի համանախագահ, դեմոկրատ կոնգրեսական Ռոբերտ Վեքսլերին, ով Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովում անցած շաբաթավերջին ասել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հասել են մի պատմական փուլի, որն ընձեռում է բարելավման եւ սահմանների բացման հնարավորություն: Ի դեպ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆը Կալիֆոռնիայում բնակվող հայությանը հերթական անգամ հավաստիացրել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքը շարունակվում է: Շիֆը, ով Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի անդամ է, իր գործընկերներ Ջիմ Կոստայի եւ Դենիս Կարդոզայի հրավերով երեկ այցելել է Ֆրեզնո, որտեղ քննարկել է Սան Խոակին հովտում ի հայտ եկած ջրի մատակարարման ճգնաժամի հարցը: Քննարկումներից հետո Ադամ Շիֆը Ֆրեզնոյում հանդիպել է Կալիֆոռնիայի Հայ դատի հանձնախմբի շուրջ 75 ներկայացուցիչների հետ եւ հավաստիացրել, որ անպայման նորից կներկայացնի ցեղասպանության ճանաչման օրինագիծը, հավելելով, թե պետք է պատրաստ լինել այն բանին, որ Թուրքիան, իր հերթին, լոբբիստական թեժ արշավով կփորձի հակազդել դրան: «Գործնականում բոլոր կոնգրեսականները գիտեն, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է»,- ասել է նա եւ ակնարկելով նախորդ վարչակազմի օրոք Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսին «Հայոց ցեղասպանություն» հասկացությունը կիրառելու համար աշխատանքից ազատելու հանգամանքը` ասել է, որ Բարաք Օբաման դեմ էր այդ պաշտոնանկությանը: