Երեւանի Քրեական դատարանում երեկ վերջին անգամ տեղի է ունեցել «7-ի գործով» դատավարությունը. մարտի 1-ից այդ դատարանն այլեւս գոյություն չի ունենալու, եւ «7-ի գործը» լսվելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Իսկ երեկվա դատական նիստը նշանավորվել է նրանով, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը` Մացոն, այն ամբողջությամբ վերածել է շոուի, այս անգամ ծիծաղելի` ինքը դառնալով դրա գլխավոր հերոսը: Մարտիրոսյանը ընդմիջումից հետո դատարանի դահլիճ գալով հայտարարել է, թե ինտերնետից տեղեկացել է,
որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ինքը նշանակվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավոր: Նա նաեւ ասել է, թե որոշում է կայացրել, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների
ընդհանուր իրավասության դատարանում եւս ինքը պետք է վարի «7-ի գործով» դատավարությունը: Այսինքն` ինքն իրեն հռչակել է այս գործով դատավոր: Դա հարուցել է ոչ միայն քաղբանտարկյալների ու պաշտպանների, այլ նույնիսկ մեղադրողների ու մյուս դատավորների ծիծաղը: Իսկ դատական հաջորդ նիստը` արդեն ինքնահռչակ դատավորի նախագահությամբ, տեղի կունենա մարտի 4-ին: