Թանկացումներ, որոնք հանգեցնելու են նոր թանկացումների

01/03/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` ՀԾԿՀ-ն, սպառողներին վաճառվող բնական գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաեւ խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների սակագները բարձրացնելու որոշում ընդունեց:

Որպես գազի թանկացման հիմնական պատճառ ներկայացվեցին սահմանի վրա բնական գազի թանկացումը (ներկայիս 110 դոլարի փոխարեն՝ ապրիլի 1-ից գանձվելու է 154 դոլար), «ՀայՌուսգազարդի» իրականացրած ներդրումները, դրամի արժեզրկումը եւ այլն: Ամսական մինչեւ 10 հազար նորմալ խորանարդ մետր գազ սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվեց 96.000 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` նախկին 84.000 դրամի փոխարեն: Նշենք, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն առաջարկել էր բարձրացնել սակագինը մինչեւ 99 հազար դրամ` 1000 խմ-ի դիմաց: Սակայն երեկվա նիստում ընկերության ներկայացուցիչն իր համաձայնությունը հայտնեց հանձնաժողովի առաջարկած սակագնի նկատմամբ: Իսկ ամսական 10 հազար նորմալ խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող` 7900 կկալ/նորմալ խորանարդ մետր ջերմարարություն ունեցող բնական գազի սակագինը սահմանվեց 215 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` ներկայիս 153 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փոխարեն: 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը բնակչության համար սահմանվեց 30 դրամ նախկին 25 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը (23։00-7։00)` 20 դրամ` ներկայիս 15 դրամի փոխարեն: «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման համար էլ սահմանվեց 179,78 դրամ սակագին: Այս փոփոխությունները կգործեն ապրիլի 1-ից: Սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձում էին հասկանալ ծախսերի հաշվարկը, թեեւ այն տեղադրված էր հանձնաժողովի ինտերնետային կայքում: Նրանք նույնիսկ առաջարկեցին հետաձգել նիստը` այս մասին քննարկումներ կազմակերպելու հնարավորություն ստանալու համար: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանն առաջարկեց «ՀայՌուսգազարդի» վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին աշխատել 6 % շահութաբերությամբ` 10 %-ի փոխարեն, եւ գազի սակագինը սահմանել ավելի ցածր: «Ո՞նց եք պատկերացնում մի միլիարդանոց կամպանիան 6 տոկոս շահույթով: Դրա փոխարեն կարող ենք փողը բանկում դնել եւ ավելի շատ տոկոս կստանանք` ոչինչ չանելով»,- հակադարձեց Կ. Կարապետյանը: Ա. Եղոյանը ուներ նաեւ սեփական հաշվարկը 2009թ. էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքի վերաբերյալ, որը, ըստ նրա, կազմում է 13.095 դրամ մեկ կվտ/ժամ` 2005թ. 12 դրամի փոխարեն: Պարզվեց նաեւ, որ էլեկտրաէներգիայի ինքնարժեքի թանկացման վրա գազի գնի բարձրացումը 1 կվտ/ժ-ի հաշվով կազմում է ընդամենը 1.7 դրամ: Այսինքն` եթե միայն այս գործոնը հաշվի առնվեր, ապա էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը պետք է սահմանվեր 26.7 դրամ: Սակայն հանձնաժողովը հաշվի էր առել նաեւ մի շարք այլ գործոնների, օրինակ՝ աշխատավարձերի աճի ազդեցությունը: Փորձագետ Հակոբ Ղարաբեկյանն էլ իր ելույթում պնդեց, որ Իրանից Հայաստան գազ մուտք գործելու դեպքում կարելի էր շատ ավելի էժան սակագին սահմանել: Բայց դա տեղի չի ունենում, քանի որ այդ գազատարը պատկանում է «Գազպրոմի» դուստր ընկերություն հանդիսացող «ՀայՌուսգազարդին» (վերջինիս բաժնետոմսերի 75 տոկոսը «Գազպրոմի» սեփականությունն է): Կ. Կարապետյանը այստեղ էլ հակադարձեց` նշելով, որ Իրան-Հայաստան գազատարի վրա իրենք ծախսել են միլիոնավոր դոլարներ, եւ այն հետ բերելու համար խիստ շահագրգռված են: