Երեւանի Քրեական դատարանի վարույթում երեկ վերջին անգամ տեղի ունեցավ «7-ի գործով» դատավարությունը: Հաջորդ դատավարությունը տեղի կունենա արդեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:
Երեկվա նիստի առաջին մասի ժամանակ քաղբանտարկյալներ Ալեքսան Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը եւ Սուրեն Սիրունյանը, ինչպես նախորդ անգամ, մնացին կանգնած եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանի «նստեք» կոչին չարձագանքեցին: Դա, ինչպես նախորդ անգամ, չխանգարեց Մ.Մարտիրոսյանին վարել դատական նիստը:
Իսկ անցած 2,5 ամսվա ընթացքում Մ.Մարտիրոսյանը «7-ի գործով» քննել եւ մերժել է մի քանի ինքնաբացարկի միջնորդություն: Նախորդ անգամ ոչ արդար եւ ոչ հրապարակային դատավարություն իրականացնելու համար հերթական ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Ա.Արզումանյանը: Երեկ մեղադրող Կորյուն Փիլոյանն ընդդիմացավ այդ միջնորդությանը` ասելով, թե դատավարությունը «լավ էլ հրապարակային է»:
«Էս մեյմուններին բերել-լցրել եք դատարան, մեր հարազատներին թույլ չեք տալիս դահլիճ մտնել, ու ասում եք՝ հրապարակայի՞ն է»,- ցույց տալով տուժողի անվան տակ դահլիճի նստարանների մեծ մասը զբաղեցրած անձանց` բարկացավ Հ.Հակոբյանը: Դատավորը 1 ժամով գնաց խորհրդակցական սենյակ, վերադարձավ ու հայտարարեց, թե մերժում է միջնորդությունը: Մ.Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, թե ընդմիջման ժամանակ ինտերնետից տեղեկացել է, որ նախագահ Ս. Սարգսյանը թվով 51 դատավորներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, այդ թվում` ինքը դատավոր է նշանակվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Այսինքն` Մնացականյանը ինտերնետից տեղեկացավ, որ ինքը մարտի 1-ից այլեւս Քրեական դատարանում չի աշխատելու, որովհետեւ այդ դատարանն այլեւս գոյություն չի ունենալու: Նա նաեւ հայտարարեց, թե որոշում է ընդունել, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում էլ ինքն է քննելու այս գործը: «Հիմա դուք ո՞վ եք, ես չգիտեմ: Քրեակա՞ն, թե՞ Կենտրոնի դատարանի դատավոր եք: Ես ապշած եմ, ես ձեզ հետ էլ ի՞նչ խոսեմ, դուք արդեն չկաք: Դուք այս պահին հանցագործություն եք կատարում, սա պաշտոնի յուրացում է»,- հայտարարեց Ա.Արզումանյանը: «Նախորդ անգամ մեր ոտքի կանգնելը համարեցիք անհարգալից վերաբերմունք: Բա հիմա ո՞նց ենք անում, այդ մասին ինտերնետում չկա՞ր»,- կատակեց Սասուն Միքայելյանը: Ս.Սիրունյանն էլ հայտարարեց, թե դուրս է գալիս դահլիճից ու չի վերադառնա մինչ դատավորը պայմաններ չստեղծի, որ իր եւ մյուս քաղբանտարկյալների հարազատները կարողանան ներկա գտնվել դահլիճում: Դատական կարգադրիչները, սակայն, նրան թույլ չտվեցին դուրս գալ: «Այստեղ հիմա պետք է նստած լինեին զոհվածների հարազատները, իսկ դուք դահլիճը լցրել եք կեղծ տուժողներով»,- հայտարարեց Մ.Մալխասյանն ու դատավորին հորդորեց փակուղուց դուրս գալու համար փոխել իրենց խափանման միջոցը` դրանով փրկելով իր ու մեր երկրի դեմքը:
Դրանից հետո Ս.Սիրունյանի հետ որոշեցին դահլիճից դուրս գալ նաեւ մյուս 6 քաղբանտարկյալներն, ու դատավորն աղմուկի մեջ հասցրեց հայտարարել, թե 1,5 ժամով նիստը հետաձգում է: «Հետաքրքիր բան ասեց, ես լսած չեմ իրավագիտության մեջ: Հիմա ստացվում է, որ գործը դրեց թեւի տակ ու գնում է Կենտրոնում հանդես գա՝ որպես դատավոր: Փաստորեն, հանրապետության միակ Սողոմոն իմաստունը, անփոխարինելի դատավորը Մ.Մարտիրոսյանն է»,- ասաց պաշտպանական խմբի անդամ Հովիկ Արսենյանը:
Իսկ Ս.Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ դատավորների նշանակումներն ուժի մեջ են մտնելու մարտի 1-ից, այսինքն` կիրակի օրը: «Ոչ աշխատանքային օրը նշանակումներ չեն անում, Մարտիրոսյան: Բացի այդ, Ձեզ նախ պետք է պաշտոնից ազատեին, հետո նոր այլ պաշտոնի նշանակեին: Ձեզ ազատե՞լ են: Դուք նախ պետք է գայիք այստեղ, հանեիք ձեր դատավորի հագուստը, ասեիք, որ էլ դատավոր չեք, հետո նոր հայտարարեիք այդ նշանակման մասին… Մենք Ձեզ չենք ճանաչում: Մենք հիմա ո՞ւմ իրավասության տակ ենք: Մենք հիմա ապօրինի կալանքի տակ ենք: Դուք, պարոն, ապօրինի եք: Ս.Սարգսյանը հանցագործություն է կատարել, որ Ձեզ նշանակել է ազատելուց առաջ»,- ընդմիջումից հետո հայտարարեց Ա.Արզումանյանը:
Ընդ որում, երկրորդ ընդմիջումից հետո քաղբանտարկյալները դահլիճ մտան, նստեցին ու դատավորի ներս գալու պահին կրկին ոտքի չկանգնեցին: Դատավորը, սակայն, այս անգամ որոշեց, որ քաղբանտարկյալների ոտքի չկանգնելը թյուրըմբռնման արդյունք է:
«Այո, այլեւս մենք թյուրըմբռնման մեջ ենք եւ թյուրըմբռնելիորեն հայցում ենք Ձեր ներողամտությունը ապագա թյուրըմբռնումների համար»,- հակադարձեց Ա.Արզումանյանը:
Իսկ դահլիճում ստեղծված իրավիճակն այնքան զավեշտալի էր, որ իրենց ծիծաղը չէին կարողանում զսպել ոչ միայն պաշտպաններն ու քաղբանտարկյալները, այլեւ դատավորն ու մեղադրողները: Եվ այդ հռհռոցի արանքում Մ.Մարտիրոսյանը հասցրեց հայտարարել, որ նիստը հետաձգվում է մինչեւ մարտի 4-ը: Սակայն արդյո՞ք Մ.Մարտիրոսյանը նիստ նշանակելու իրավունք ուներ, չէ՞ որ նա վաղվանից այլ դատարանի աշխատող է: «Չուներ: Պետք է գործը գնար Կենտրոնի դատարան, դատարանի նախագահի կողմից մակագրվեր ցանկացած դատավորի վրա, եւ դրանից հետո դատավորի կողմից որոշում կայացվեր գործը վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին: Այդ որոշումը մարտի 1-ից հետո պետք է ուժի մեջ մտներ, մասնագիտական դատարանները վերանային, եւ դրանից հետ նոր ինքը հանդես գար որպես Կենտրոնի դատավոր: Իսկ հիմա մենք չգիտենք, թե գործը ո՞ր դատարանի հաշվեկշռի վրա է լինելու թեկուզ այս երկու օրերի ընթացքում: Սա նշանակում է, որ արդեն նրա կողմից դատաքննությունը շարունակելու պատվեր կա»,- ասաց պաշտպանական խմբի մեկ այլ անդամ՝ Ստեփան Ոսկանյանը:
Մարտի 4-ին` արդեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի վարույթում գտնվող «7-ի գործի» դատավարությունն էլ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում` հաշվի առնելով դահլիճի պայմանների «հարմարավետությունը»: