Երեկ ԱԺ ճեպազրույցներում քննարկվող հիմնական թեման Երեւանի քաղաքապետի` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններն էին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի խոսքերով, «Ժառանգությունում» դեռեւս չեն որոշել, թե ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն, քանի որ, ինչպես նա նշեց` դեռեւս շարունակում են բանակցություններն ընդդիմադիր մյուս ուժերի հետ, որոնց արդյունքներն այս պահին հրապարակման ենթակա չեն: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց, որ առաջիկա օրերին ՕԵԿ-ը խորհրդի նիստ կհրավիրի ու կորոշի, թե ով է լինելու իրենց թեկնածուն: Երեկ նա միայն տեղեկացրեց, որ կոալիցիայում որոշում է ընդունվել առանձին-առանձին գնալ ընտրությունների: Սակայն կոալիցիայի անդամ ՀՅԴ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանն ասաց, որ իրեն ծանոթ չէ կոալիցիայի որոշում, համաձայն որի` կոալիցիոն ուժերը Երեւանի քաղաքապետի ընտրություններին պետք է մասնակցեն առանձին-առանձին: Նա նաեւ հավելեց. «Մենք մասնակցելու ենք, սակայն ՀՅԴ-ի ընտրական ցուցակը դեռ որոշված չէ»: ԲՀԿ-ն նույնպես որոշել է առանձին մասնակցել ընտրություններին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի խոսքերով, իրենց կուսակցությունը նույնպես դեռեւս ընտրական ցուցակ չունի, սակայն միանշանակ է, որ այդ ցուցակը չի գլխավորելու Գագիկ Ծառուկյանը, քանի որ նա պահանջվող` Երեւան քաղաքի 3 տարվա գրանցում չունի: Ինչ վերաբերում է իրեն, ապա Ա. Սաֆարյանն ասաց, որ ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականում հաստատ իր անունն էլ չի լինելու: Հիշեցնենք, որ համաձայն «Երեւանի մասին» օրենքի` մեխանիկորեն Երեւանի քաղաքապետ կդառնա այն քաղաքական ուժի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող անձը, որը 50 տոկոսից ավելի ձայն կստանա ընտրություններում: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այստեղ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ: Խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ասելով` Երեւանի քաղաքապետի իր նախընտրելի թեկնածուն Գագիկ Բեգլարյանն է, եւ ՀՀԿ-ին ամենեւին չեն մտահոգում Գ. Բեգլարյանի շուրջ ընթացող սկանդալները։ «Մեր թեկնածուները գոնե մեզ համար մատչելի են: Այն անձերը, որոնք քննարկման թեմա են դարձել, մեզ համար ընդունելի են»,- ասաց Գ. Սահակյանը: Հիշեցնենք, որ, ըստ ՀՀԿ-ականների` ՀՀԿ-ում քննարկվում է երեք թեկնածուի անուն` գործող քաղաքապետ Երվանդ Զախարյան, «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյան եւ Կենտրոն համայնքի ղեկավար Գ. Բեգլարյան: