Անկախությունից հետո Հայաստանի նորաստեղծ արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության առաջ կանգնեցին երկու առաջնահերթ խնդիրներ` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որոնց կարեւորությունը երբեւիցե չի հարուցել ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության կասկածը: Սակայն, որքան էլ պետական մտածողության տեսանկյունից տարօրինակ թվա, վերջին տասը տարիներին քոչարյանական ռեժիմը արհեստականորեն սառեցրեց կոնֆլիկտի հանգուցալուծման եւ հայ-թուրքական երկխոսության գործընթացները: Նման անհեռատես եւ ազգավտանգ քաղաքականությունը դեռ խորը ուսումնասիրման եւ վերլուծության կարիք ունի: Այս երկարատեւ պաուզային հաջորդած 2008-ի նախագահական բուռն ընտրապայքարի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց արտաքին քաղաքականության իր ծրագիրը, որում կարեւորվում էին նշված խնդիրները: Ներկա վարչակարգը խոհեմություն ունեցավ անդրադառնալ կոնսերվացված պրոբլեմներին: Ինչո՞վ էր այն պայմանավորված: Մի կողմից` մեծ տերությունների գործադրած ճնշումով, մյուս կողմից` ներքաղաքական լարվածությունը` արտաքին քաղաքականության հաջողություններով հավասարակշռելու ձգտումով: Այս վերջինը փորձված, բայց դժվար դիվանագիտական մանյովր է: Ամերիկա հայտնաբերած չեմ լինի, եթե հիշեցնեմ, որ ղարաբաղյան հիմնահարցը եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները սիամական երկվորյակների նման կապված են օրգանական անքակտելի թելերով, որոնք անցնում են Հարավային Կովկասի, Մեծ Մերձավոր եւ Միջին Արեւելքի, ինչպես նաեւ՝ Միջին Ասիայի պետությունների աշխարհաքաղաքական եւ աշխարհաստրատեգիական հետաքրքրությունների լաբիրինթոսով: Հետեւաբար՝ մեզ համար այդ պրոբլեմների քիչ թե շատ բարեհաջող լուծումը կախված է բազմակոմբինացիոն ու բարդ դիվանագիտական խաղի արդյունքներից, որը հիմնականում ընթանում է Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցության շրջանակներում: Իսկ նրանք` այդ դարավոր թշնամի-բարեկամները, անցյալ տարվա օգոստոսի ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո, կարծես թե, գտել են փոխներգործության նոր եզրեր: Թեզիսների կարգով փորձենք հասկանալ՝ ինչն ինչոց է:
1. Ռուսաստան: Առաջնային խնդիրը դիրքերի ամրապնդումն է Սեւ ծովի ավազանում, որոնք նկատելիորեն թուլացել են Բուլղարիայի եւ Ռումինիայի Ատլանտյան դաշինք մտնելուց հետո, եւ էլ ավելի կթուլանան, եթե նրան անդամակցեն Ուկրաինան ու Վրաստանը: Մոսկվայի համար դամոկլյան սուր է դառնում նաեւ 2017-ին Սեւաստոպոլի ռազմածովային բազան կորցնելու ռեալ վտանգը: Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության սրման դեպքում Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներից կախված կլինի նոր «Ղրիմյան պատերազմի» լինելն ու չլինելը: Այդ իսկ նկատառումով Ռուսաստանը ծրագրում է պատնեշել ՆԱՏՕ-ի հարավ-արեւելյան ֆլանգի ծովային ուղիները: Այդ հանդուգն ու հեռահար պլանը հնարավոր է իրագործել միայն Թուրքիայի օգնությամբ, քանի որ պատերազմի դեպքում նեղուցներով ռազմանավերի անցումը կարգավորվում է Անկարայի հսկողության ներքո` համաձայն դեռեւս 1936 թվականին Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում ստորագրված կոնվենցիայի: Մոսկվան այնքան է շահագրգռված սեւծովյան գործերով, որ անգամ աչք փակեց Վրաստանին թուրքական զենքի մատակարարման եւ այնտեղ թուրք ռազմական հրահանգիչների առկայության վրա: Կրեմլը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ իրաքյան ու պարսկական պրոբլեմների շուրջ: Նպատակադրված զարգացնելով հարաբերությունները Անկարայի հետ՝ Մոսկվան ամենեւին երկրորդական պլան չի մղում իր տարածաշրջանային էներգետիկ նկրտումները եւ փորձելու է օգտագործել կրտսեր գործընկերոջը այդ նպատակով եւս: Միայն ռուսների օգնությամբ Թուրքիայում ատոմակայան կառուցելու ծրագիրն ինչ ասես արժի: Դատելով երկու երկրների վերջին կես տարվա շփումների տրամաբանությունից, կարելի է փաստել, որ նրանք պատրաստվում են երկարաժամկետ եւ բազմավեկտոր համագործակցության: Այդ է վկայում Գյուլի փետրվարյան այցելությունը Մոսկվա, որի ընթացքում Մեդվեդեւի հետ քննարկվեց հարցերի լայն սպեկտր. միջկառավարական հանձնաժողովների աշխատանքը, կովկասյան եւ սեւծովյան խաղաղության եւ անվտանգության խնդիրները, Կովկասի կայունությունը եւ, ամենակարեւորը, ռազմական համագործակցության հեռանկարները (կարդա նեղուցների հարցը): Բնականաբար, մեզ համար ամենակարեւորը Հարավային Կովկասի հակամարտությունների քննարկման փաստն է եւ մեկ էլ այն, թե Կրեմլի ՊՏոՐՏվ-ն թուրքական միջնորդական առաքելությանը ղարաբաղյան կոնֆլիկտում, մնո՞ւմ է արդյոք ուժի մեջ, թե՞ ոչ: Ավելորդ է նշել, որ Անկարայի ուզած ձեւի մասնակցությունը կոնֆլիկտի կարգավորմանը, միանշանակ, հակացուցված է հայկական կողմի շահերին, ուրեմն` անընդունելի է մեզ համար: Հետո, մտածմունքի առարկա է դառնում տարածաշրջանում երրորդ ուժի բացառման մասին արված հայտարարությունները: Ո՞ւմ եւ ի՞նչը նկատի ունեն Մոսկվայի եւ Անկարայի լիդերները` ամերիկացիների՞ն, իրանցիների՞ն, եվրոպացիների՞ն, թե՞ չինացիներին, եւ էլ ո՞ւմ: Շատ չեղա՞վ այս փոքր Կովկասի համար: Ռուս-թուրքական թափ առնող մեղրամիսը, ակներեւաբար, հուզում է Հայաստանի քաղաքական միտքը: Ծագում է հռետորական հարց. նրանց համագործակցությունը ստրատեգիակա՞ն է, թե՞ տակտիկական, ժամանակավո՞ր է, թե՞ մշտական: Ըստ իս, Ռուսաստանը եւ Թուրքիան երբեք չեն դառնա ստրատեգիական գործընկերներ: Նախ` նրանց վրա ծանրացած է պատմության բեռը, եւ հետո, ներկայիս խորքային` գլոբալ հետաքրքրությունները գտնվում են հակառակ բեւեռներում: Այնուհետեւ առաջանում է հաջորդ հարցը. ռուս-թուքական համագործակցությունը մեզ համար օգտակա՞ր է, թե՞ ոչ: Օգտակար է, եթե մեր դիվանագիտությունը կարողանա օգուտ քաղել դրանից: Հայտնի բան է, որ երկու մեծերի բարեկամությունը մի փոքրի նկատմամբ ունի իր առանձնահատկությունները` դրական եւ բացասական: Տվյալ պարագայում պետք է զգույշ լինել, որպեսզի աշխարհը մեզ չընկալի իբրեւ Մոսկվայի եւ Անկարայի կրկնակի ֆորպոստ: Եվ մեկ էլ` չընկնել նրանց ոտքի տակ, երբ հնչի ամուսնալուծության զանգը: Հեռանալիս` ունեցվածքը բաժանում են: Քաղաքականության մեջ ոչինչ հարատեւ չէ: Ինչ վերաբերում է ռուսական դիվանագիտությանը, ապա նրա զիգզագները հայտնի են պատմությանը: Դեռեւս հեղափոխությունից առաջ Լենինը ամբողջ մի տեսություն մշակեց ժամանակավոր բարեկամության եւ անցողիկ դաշնակիցների վերաբերյալ եւ այն նենգաբար գործարկեց: Փորձը ժառանգեցին Ստալինը ու խորհրդային լիդերները: Հեռու չգնանք, անցյալ տարի «Օրինաց երկիր» կուսակցությունը նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանի ընդդիմության երդվյալ դաշնակիցն էր, թե ինչ եղավ հետո` բոլորս գիտենք:
2. Թուրքիա: Կովկասի սահմանը 70 տարի փակ է եղել թուրքերի առաջ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք ասպատակեցին տարածաշրջանը: Հետո փոխներգործեցին Ռուսաստանի հետ, ինչը մեզ համար ողբերգական եղավ: Խորհրդային Միության փլուզումով Անկարան վերադառնում է տարածաշրջան եւ փորձում ստեղծել «բալկանյան պակտի» կովկասյան նմանօրինակը` անալոգը, որն ընդունվեց 1999-ին Կոսովոյում պատերազմից հետո: Ավելին, Թուրքիայի արտաքին քաղաքականության աշխարհագրությունը նկատելիորեն ընդարձակվում է: Բացի Կովկասից, նա ակտիվորեն թափանցում է Բալկաններ եւ Միջին Ասիա: Թուրքիան հանդիսանում է առնվազն երկու մերձավորարեւելյան` իրաքյան եւ սիրիա-իսրայելյան խոշոր ծրագրերի հեղինակն ու ակտիվ իրագործողը: Թել Ավիվի եւ Անկարայի միջեւ հաջողությամբ գործում է տարիներ առաջ ստորագրված ռազմական համաձայնագիրը, որին` ի դեպ, ձգտում է միանալ Բաքուն: Այնպես որ, հարկ չկա մեծ ուշադրություն դարձնել հրեաների հետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերջերս Դավոսում սարքած սկանդալին: Ես կասկածանքով եմ ընկալում այն հայտարարությունները, թե թուրք-ռուսական հարաբերությունները իբր զարգանում են հակաարեւմտյան եւ հակահրեական շպարի տակ: Վերը մենք խոսեցինք ռուսական դիվանագիտության զիգզագների մասին, իսկ նման օրինակները Թուրքիայի նոր պատմության մեջ շատ ավելի են: Միայն Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Թուրքիայի` սկզբում՝ Հիտլերի հետ սերտ բարեկամությունը, եւ հետո՝ առանց մի կաթիլ արյուն թափելու դաշնակիցների կողմն անցնելը, ասվածի պերճախոս վկայությունն է: Իմիջիայլոց, այն համարվում է XX-րդ դարի դիվանագիտական փայլուն մանյովրներից մեկը: Այնպես որ, հայկական դիվանագիտությունը պետք է զգուշանա Թուրքիա-Ռուսաստան խաղերից` քաղաքական ծուղակում չհայտնվելու համար, քանզի նրանց դիվանագիտության համար մարտնչող մաքիավելիզմը «պարապ վախտի խաղալիքի» նման մի բան է: Կա եւս մի շատ կարեւոր հանգամանք, որը չի կարելի անտեսել: Թուրքիան, թեպետ ՆԱՏՕ-ի անդամ է, բայց իրեն, ինչպես եւ Ռուսաստանը, զգում է ավելի շուտ եվրասիական, քան եվրոպական երկիր: Այդ` եվրասիական աշխարհընկալումը, որն անվանվում է նոր օսմանականություն` նոր օտոմանիզմ, առանձնապես ուժեղացավ 2002 թ. նոյեմբերին Էրդողանի «Արդարության եւ զարգացման կուսակցության» իշխանության գալուց հետո, ինչը զարկ տվեց մահմեդական արժեքների վերածննդին` ռենեսանսին: Չունենալով զարգացման բարձր մակարդակ եւ մեծ ինտելեկտ, սակայն լինելով ուժեղ անհատականություն եւ ճկուն լիդեր, Էրդողանը նախ` երկիրը հանեց 2000-2001թթ. խորը տնտեսական ճգնաժամից, հետո իրագործեց արտաքին քաղաքականության իսկական հեղաշրջում: Պատահական չէ, որ նրան անվանում են «թուրքական Պուտին»: Պրեմիեր-մինիստրի դիվանագիտությունը հիմնված է իր խորհրդական, պրոֆեսոր Դավիթօղլուի աշխարհաքաղաքական հայեցակարգի` դոկտրինայի վրա, որի առանցքն է կազմում, այսպես կոչված, «խորքային ստրատեգիան»: Ըստ այդ ստրատեգիայի, Թուրքիան պետք է հրաժարվի զուտ արեւմտաեվրոպական ուղղվածությունից եւ վերաիմաստավորի իր օսմանական անցյալը: Արդ ուրախանա՞լ է պետք Անկարայի Եվրոպա մտնելու դժվարություններով ու խանգարե՞լ նրան: Ո՞րն է մեզ ձեռնտու. եվրոպակա՞ն թուրքը, թե՞ ասիացի թուրքը` մեր քթի տակ: Իհարկե` առաջինը: Բայց սա մեր ցանկությունն է: Իսկ այսօրվա թուրքերն ավելի խելոք են, քան մենք ենք կարծում: Նրանք ձգտում են ունիվերսալիզմի, այսինքն՝ ցանկանում են լինել ամենուրեք: Թուրքիան միաժամանակ մերձավորարեւելյան, կովկասյան եվրոպական, ասիական, սեւծովյան եւ միջերկրածովյան երկիր է: Այսպիսին է նոր օսմանականների նշանաբանը, ինչը, նրանց կարծիքով, Թուրքիային հնարավորություն է ընձեռելու սառը պատերազմի ժամանակների ՆԱՏՕ-ական ծայրամասային երկրից դառնալ հետխորհրդային աշխարհի հիմնասյուներից մեկը: Մի խոսքով, Անկարան երազում է փոխարինել խորհրդային Մոսկվային: Այսպես: Ոչ ավել, ոչ պակաս: Դավիթօղլուն մշակել է նաեւ թուրքական դիվանագիտության գործողության ծրագիր, որում նա նշում է. ա) ոչ մի պրոբլեմ հարեւանների հետ, բ) դիվանագիտությունը պետք է լինի ակտիվ: (Մեզ էլ չէր խանգարի նման ծրագիրը): Այնպես որ, Հայաստանը եւ Ղարաբաղը ընդամենը մի հատված` ֆրագմենտ են թուրքական դիվանագիտության ծրագրերում: Նույնը, որոշ վերապահումներով, կարելի է ասել նաեւ Ադրբեջանի համար: Այնպես որ, գերագնահատել մեր ախոյան-հարեւանի նշանակությունը ավագ եղբոր` Թուրքիայի համար, այնքան էլ ճիշտ չէ: Անկարան ունի իր նպատակները, իր շահերը, որոնք չի զիջի ոչ ոքի: Սա եւս պետք է նկատի ունենան մեր դիվանագետները իրենց հաշվարկներում եւ փորձեն խաղալ թուրք-ադրբեջանական հակասությունների վրա:
Հաջորդ անգամ կանդրադառնանք Միացյալ Նահանգների տարածաշրջանային քաղաքականության այն վեկտորներին, որոնք շոշափում են Հայաստանի շահերն ու հետաքրքրությունները: