Մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն գրել էինք, որ այս տարվա հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները կանխատեսվածից ավելի բացասական են: Համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել էր, այսինքն՝ տնտեսական աճի մասին խոսելն ավելորդ է։ Ինչ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառությանը, ապա նվազել էին թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ծավալները։ ՀՀ Վիճակագրական պետական ծառայությունը երեկ հրապարակել է հունվար ամսվա ամբողջական ցուցանիշները, որոնք ավելի մանրամասն պատկեր են ուրվագծում, մասնավորապես, արտաքին առեւտրի ոլորտում։ Այսպես, արտաքին առեւտրաշրջանառությունը 2009-ի հունվարին կազմել է շուրջ 254 միլիոն դոլար, ինչը 82 միլիոն դոլարով (կամ՝ մոտ 24.5%-ով) զիջում է 2008-ի հունվարի նույն ցուցանիշին։ Ներմուծումը նվազել է շուրջ 20%-ով՝ կազմելով 220 միլիոն դոլար, իսկ արտահանման նվազումն ավելի զգալի է՝ 43.9%։ Եթե տվյալները դիտարկենք ըստ ապրանքային կառուցվածքի, ապա ներմուծման մեջ ամենամեծ անկումն արձանագրել են թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերն ու մետաղները (շուրջ 48%), հանքահումքային արտադրանքը (37.2%), վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտային միջոցները (26%)։ Նշենք նաեւ, որ եթե 2008-ի հունվարին Հայաստան էին ներկրվել շուրջ 14 հազար դոլար արժողությամբ արվեստի ստեղծագործություններ, ապա այս հունվարին այդ տողով ցուցանիշը զրոյական է։ Ներմուծման ծավալների 79%-անոց աճ արձանագրվել է «կենդանի կենդանիներ եւ կենդանական ծագման արտադրանք» հոդվածով։ Աճել է նաեւ պատրաստի սննդի արտադրանքի, թղթի եւ թղթից իրերի, կոշկեղենի, քարից, գիպսից եւ ցեմենտից պատրաստված իրերի, սարքերի եւ ապարատների ներմուծումը։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա բացարձակ անկում է գրանցվել բոլոր ապրանքատեսակների գծով։ Փայտի եւ փայտյա իրերի արտահանումը նվազել է ավելի քան 700 անգամ (եթե 2008-ի հունվարին արտահանվել էր 221.3 հազար դոլարի արտադրանք, ապա այս տարվա հունվարին՝ ընդամենը 300 դոլարի)։ Քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի արտահանումը նվազել է ավելի քան 4 անգամ՝ կազմելով 160 հազար դոլար։ Ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանումը կազմել է 15.3 միլիոնի դոլար՝ նախորդ տարվա հունվարի 23.3 միլիոն դիմաց։ Գրեթե կրկնակի նվազել են պատրաստի սննդի արտադրանքի, հանքահումքային արտադրանքի, պլաստմասսայի եւ կաուչուկի արտահանումը։ Որքան էլ զարմանալի լինի, արտահանման միակ հոդվածը, որի գծով պաշտոնական վիճակագրությունը աճ է արձանագրել՝ այն էլ 88.5%-ով, հետեւյալն է. «վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտային միջոցներ»։ Նախորդ տարվա հունվարին այս գծով արտահանումը կազմել է 228.3 հազար դոլար, իսկ այս տարվա հունվարին՝ 430.4 հազար։ Թե ինչ տրանսպորտային միջոցների մասին է խոսքը, թերեւս գիտեն միայն իրենք՝ արտահանողները եւ վիճակագիրները։