«Դպրոցական սպանություն»

01/03/2009

Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում փետրվարի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել, գյուղական դպրոցում ծեծկռտուք է սկսվել, ինչը 6-րդ դասարանի աշակերտ Վարազդատ Դավթյանի մահվան պատճառ է դարձել: Դպրոցի շենքի մեջ ծագած կռվի արդյունքում 10-ամյա Վարազդատին հասակակիցները հրել են ու հատակին են տապալել: Նա ծոծրակի հատվածում ուժեղ վնասվածք է ստացել, գյուղացիների վկայությամբ` նրա պարանոցում մետաղյա ձողի բեկոր են հայտնաբերել: Վիրավոր երեխային սկզբից Չարենցավանի հիվանդանոց են տարել, այնուհետեւ` տեղափոխել են Երեւանի 3-րդ մանկական հիվանդանոց: Վարազդատը 12 ժամ «կոմայի» մեջ է գտնվել, եւ այդպես էլ ուշքի չգալով` մահացել է: Երեւանի մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել «ռեանիմոբիլով», եւ այդպես էլ դուրս չգալով կլինիկական մահից` մահացել է: Նա չի շտապում եզրակացություններ անել, քանի որ դատաբժշկական փորձաքննություն է ընթանում: Ֆոնտան գյուղի գյուղապետ Նորայր Կարապետյանը տեղեկացրեց, որ «դպրոցային միջադեպը» այժմ նախաքննվում է: Գյուղի բնակիչները այլ մանրամասներ հաղորդել չեն համարձակվում: Մեր թղթակիցը եղել է Ֆանտան գյուղում, որտեղ երեկ հողին է հանձնվել աշակերտի դին: Նա ասում է, որ գյուղը վախի եւ շոկի մեջ է, բոլորը կարծես իրենց արածից ու նաեւ` չարածից սարսափել են: Դեռահասների դաժանությունը վերջերս շատ հաճախ գերազանցում է բոլոր տրամաբանական նորմերը: Դա շատ մտահոգիչ է, քանի որ երեխաները իրական մահը հաճախ շփոթում են պատրանքների հետ, նրանք չեն էլ հասկանում, որ ոչ թե սերիալների կամ կրիմինալ քրոնիկայի հերոսներ են, այլ` մսից ու արյունից արարված էակներ: Իրենց թվում է, որ ոչ մի վատ բան չեն անում` պարզապես նմանակում են մեծերի վարքագիծը եւ իրենց դուր չեկած մարդուց «վրեժխնդիր» են լինում այնպես, ինչպես կարող են եւ ինչպես իրենց հուշում է միջավայրը: Վ. Դավթյանին վերջին ճանապարհ էին ուղեկցում ոչ միայն իր երկվորյակ քույրն ու հայրը (որը մասնագիտությամբ կոշկակար է), այլեւ` ողջ գյուղը: Ողբերգությունը միախմբում է մարդկանց: