Նախօրեին Համաշխարհային բանկը հայտարարել է, որ պարզեցված համակարգով առաջին օժանդակությունը տրամադրում է Հայաստանին եւ Կոնգոյին` օգնելու այդ երկրներին հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: Բանկի Միջազգային զարգացման ընկերակցության կողմից (IDA) Հայաստանին հատկացվել է 35 միլիոն, Կոնգոյին` 100 միլիոն դոլար փոխառություն: ՀԲ-ն հայտարարել է, որ իր խորհուրդը հաստատել է փոխառությունները` հաշվի առնելով «հստակ նշանները, որ երկու երկրներում ժողովուրդները տուժում են ճգնաժամից»:
IDA-ի պարզեցված հատկացումների նորաստեղծ համակարգի նպատակն է՝ ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության ցանցերի ֆինանսավորումը դրամաշնորհների եւ անտոկոս երկարաժամկետ վարկերի միջոցով: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀԲ-ն հաստատել էր Հայաստանին հատկացվելիք չորս փոխառությունների փաթեթը` 85 միլիոն դոլար ընդհանուր գումարով, ինչպես նաեւ՝ երկրին տրամադրվելիք 1,5 միլիոն դոլարի դրամաշնորհը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից: Ընդհանուր առմամբ, ՀԲ-ն Հայաստանին հատկացնելու է 525 մլն դոլարի վարկային միջոցներ: