Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ մտադիր է մենամարտել WBC եւ WBO վարկածներով աշխարհի մեկ այլ չեմպիոնի` ամերիկացի Կելլի Պավլիկի հետ:
«Մենք առաջարկություն ենք արել Top Rank պրոմոութերական ընկերությանը, որը Կ. Պավլիկի մենամարտերի կազմակերպիչն է, եւ երեւում է, նրանք երկյուղում են այդ առաջարկությունից: Սակայն ինձ թվում է, որ վերջին 48 ժամերի ընթացքում մի փոքր առաջ ենք գնացել բանակցություններում: Այդ մենամարտը ցույց կտա, թե ով է աշխարհում լավագույնը միջին քաշային կարգում: Մենք հասկանում ենք, որ Պավլիկը շատ հայտնի է ԱՄՆ-ում, բայց ես պակաս հայտնի չեմ Գերմանիայում: Մենք պատրաստ ենք մենամարտ անցկացնել նրա տարածքում, եթե դա անհրաժեշտ լինի»,- «Fightnews.com»-ին տված հարցազրույցում ասել է Ա. Աբրահամը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Կ. Պավլիկի մարզիչը հայտարարել էր, թե իրենք Ա. Աբրահամին առաջարկել են մենամարտ անցկացնել, սակայն վերջինս դրան չի արձագանքել: