Ոչ համարժեք ուժ, միակողմանի հետաքննություն

27/02/2009

«Human Rights Watch» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության երեկ հրապարակած զեկույցը նվիրված է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին:

«Մարտի 1-ին` ընդամենը 20 ժամվա ընթացքում, ոստիկանությունը, քաղաքի կենտրոնի տարբեր հատվածներում, առանց նախազգուշացնելու եւ դիմադրության հանդիպելու, հարձակվեց ցուցարարների վրա, բանակցեց, հետ քաշվեց, վերադարձավ հարձակման եւ ի վերջո թեժ մարտի մեջ մտավ ցուցարարների մի փոքր խմբի հետ,- անցած տարվա մարտյան իրադարձությունների վերաբերյալ գրում են զեկույցի հեղինակները` շարունակելով,- Իրավապահ մարմինների գործողությունները տարբեր վայրերում եւ օրվա տարբեր ժամանակահատվածներում հանգեցրին մահվան դեպքերի եւ վնասվածքների»: «Human Rights Watch»-ը մինչեւ Մյասնիկյանի արձանի մոտ կատարված իրադարձությունների նկարագրությունը անդրադառնում է մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում կատարված դեպքերին: «Առանց որեւէ նախազգուշացման ոստիկանները հարձակվեցին ցուցարարների վրա` օգտագործելով ռետինե մահակներ, երկաթյա ձողեր եւ էլեկտրաշոկ: Ըստ Lեւոն Տեր-Պետրոսյանի` իր վրա հարձակվել է մոտ 30 ոստիկանից կազմված մի խումբ, որը ղեկավարում էր գեներալ Գրիգոր Սարգսյանը, եւ ուժով նրան հեռացրել է տարածքից: Ի պատասխան հարցի, թե արդյո՞ք դա ձերբակալություն է, Տեր-Պետրոսյանին ասել են, թե այդ ամենն արվում է իր իսկ անվտանգությունն ապահովելու նպատակով: Հետագայում Տեր-Պետրոսյանը տեղափոխվել է տուն եւ հայտնվել փաստացի տնային կալանքի տակ»: Զեկույցի պատրաստման ընթացքում «Human Rights Watch»-ի ներկայացուցիչները զրուցել են նաեւ մարտի 1-ի իրադարձությունների շարքային մասնակիցների հետ, եւ զեկույցում ներառված են մեջբերումներ նրանց պատմածներից: «Ոստիկաններն ինձ հետապնդում էին, եւ մի պահ ես զգացի, որ հոգնել եմ: Որոշեցի պարզապես պառկել գետնին եւ ձեռքերով պաշտպանեցի գլուխս: Ոստիկանները մոտեցան եւ սկսեցին հարվածել ինձ մահակներով ու ոտքերով: Հիմնականում հարվածները գլխիս էին, մեջքիս ու երիկամներիս շրջանում: Մի պահ ես կորցրեցի իրականության զգացումը, այդ ամենը կարծես երազ լիներ: Ուշքի եկա ու տեսա, որ ողջ հագուստս արյունոտված է, իսկ ես արդեն ոստիկանության բաժանմունքում եմ»,- իրավապաշտպաններին ասել է 32-ամյա Հովսեփը: Զեկույցում մանրամասն ներկայացված է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակագրությունը, ինչպես նաեւ՝ Մյասնիկյանի արձանի մերձակայքում տեղի ունեցած դեպքերը: «Ցույցը ցրելու ոստիկանության գործողությունները սկիզբ առան երեկոյան 9:30 չափազանց ագրեսիվ միջոցներով` լուսագծող գնդակների կրակոցներով ու արցունքաբեր գազի կիրառմամբ: Ականատեսները պնդում են, որ ոստիկանները ցրվելու բանավոր նախազգուշացում չեն տվել, ինչպես նաեւ ոչ համարժեք ուժ են կիրառել նույնիսկ այն անձանց հանդեպ, ովքեր ուժ չէին գործադրում ոստիկանների նկատմամբ: Ցուցարարները, որոնք զինվել էին մետաղյա ձողերով ու մահակներով, բենզինով լի շշերով ու քարերով, ետ մղեցին ոստիկանների հարձակումը, որոնք հետ քաշվեցին դեպի մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող խաչմերուկը: Մինչ հիմնական ցույցը խաղաղ շարունակվում էր բարիկադների ետեւում, ցուցարարների մի խումբ հարձակում սկսեց ոստիկանության վրա: Թեեւ երբ ոստիկանությունն ուղիղ հարձակման էր ենթարկվում, որոշ կրակոցներ հնչում էին, այժմ պարզվում է, որ ոստիկանները նույնպես կրակել են ցուցարարների վրա` միտումնավոր եւ առանց թիրախի տարբերակման, չկան նաեւ փաստեր, որոնք կհիմնավորեին մահաբեր զենքի օգտագործման անհրաժեշտությունը»,- գրել են «Human Rights Watch»-ի զեկույցի հեղինակները` փաստելով՝ «Զոհվեց առնվազն տասը մարդ` ութ ցուցարար եւ ոստիկանության երկու ծառայող, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին: Այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները հետաքննել, դատապարտել եւ երբեմն թերացումներով ընթացող ու քաղաքական դրդապատճառներով պայմանավորված դատավարություններում մեղավոր են ճանաչել ընդդիմության տասնյակ անդամների ցույցը կազմակերպելու եւ բռնի անկարգություններին մասնակցելու համար, նրանք իրավապահ մարմինների ներկայացուցիչներից եւ ոչ մեկին մեղադրանք չեն ներկայացրել ոչ համաչափ ուժի կիրառման համար»: «Ես տեսա, թե ինչպես երկու երիտասարդներ Մաշտոցի պողոտայի կողմից մոտեցան խաչմերուկին: Այդ պահին կրակոց հնչեց, եւ նրանցից մեկը վայր ընկավ, մյուսը սկսեց գոռալ, որ ընկերոջը սպանել են: Քիչ անց ընկած երիտասարդին մոտեցավ մի ոստիկան եւ սկսեց հարվածել: Մյուս ոստիկանները սաստեցին գործընկերոջը` ասելով, թե տղան մահացել է»,- «Human Rights Watch»-ի ներկայացուցիչներին ասել է դեպքերի ականատեսներից մեկը` Արեւիկը: «Մեկ տարի անց էլ հստակ չէ, թե մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել: Ամեն դեպքում, պարզ է, որ ոստիկանությունը ոչ համարժեք ուժ է կիրառել, իսկ հետաքննությունը, ցավոք սրտի, միակողմանի է ընթացել»,- գրել է զեկույցի հեղինակներից Գեորգի Գոգիան: Զեկույցի վերջում հեղինակները հստակեցնում են այն ուղիները, որոնք, նրանց համոզմամբ, հնարավորություն կտան դուրս գալ հետմարտիմեկյան ճգնաժամից: Գլխավոր դատախազությունը, ըստ իրավապաշտպանների, պետք է ավելի մեծ ջանք գործադրի անկախ եւ անաչառ հետաքննություն իրականացնելու համար` պարզելու, թե արդյո՞ք իրավապահները մարտի 1-ին գործել են հայաստանյան եւ միջազգային օրենքների շրջանակներում: «Ավելի լայն առումով էլ անհրաժեշտ է անդրադառնալ Հայաստանի ընտրական գործընթացների թերություններին ու կեղծումներին, որոնք նպաստում են արդարության նկատմամբ անվստահությանն ու արդյունքների վերաբերյալ կասկածների տարածմանը: Միայն այդ դեպքում Հայաստանում երբեւէ հնարավոր կլինի հասնել իրական ժողովրդավարության»,- նշված է «Human Rights Watch»-ի «Հայաստանյան ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին…» զեկույցում: