Ադրբեջանական «Day.Az» եւ «Today.Az» էլեկտրոնային լրատվական կայքերը վաճառվել են: Այս մասին երեկ հայտարարել է այդ լրատվամիջոցների նախկին գլխավոր խմբագիր Էլնուր Բայրամովը: Հիշեցնենք, որ կայքերը դադարել էին աշխատել փետրվարի 18-ից: Լրատվական կայքերի հիմնադիր Անար Մամեդհանովը օրեր առաջ հայտարարել էր, որ աշխատանքը դադարեցվել է տեխնիկական պատճառներով` խոստանալով, որ «Day.Az»-ը, «Today.Az»-ը փետրվարի 25-ից կվերսկսեն գործել: Սակայն Ադրբեջանում բազմաթիվ փորձագետներ կայքերի գործունեության դադարեցումը կապում էին մարտին նախատեսված սահմանադրական հանրաքվեի հետ, որի ընթացքում քվեարկության է դրվելու նաեւ Իլհամ Ալիեւի` նախագահի պաշտոնում երրորդ անգամ առաջադրվելու դրույթի վերացման հարցը: «Քանի որ վաճառքի հարցերով զբաղվել են պարբերականների հիմնադիրները, այլ մանրամասներ ինձ հայտնի չեն: Բոլոր դեպքերում, այլեւս չեմ աշխատելու այդ պարբերականներում»,- ասել է Բայրամովը: Դեռեւս հայտնի չէ, լրատվական պարբերականներում կադրային փոփոխություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ: