Փետրվարի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ, Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանը վերականգնվել է իր պաշտոնում: Սահմանադրական դատարանը բավարարել է քաղաքացի Ս. Ղանթարջյանի հայցն ընդդեմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի որոշման, համաձայն որի՝ պրոֆեսորը 2008թ. ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 20-ին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություններից հետո ԵՊՀ 4 դասախոսներ` Ս. Ղանթարջյանը, Հայկ Ղազարյանը, Սեդրակ Հովհաննիսյանը եւ Ռոբերտ Դավթյանն, Ա. Սիմոնյանի որոշմամբ, ազատվել էին աշխատանքից: «Պատճառը» նրանց տարիքն էր, սակայն իրականում նրանք բոլորը դեկանի ընտրությունների ժամանակ պաշտպանել էին տնտեսագիտության ֆակուլտետի նախկին եւ գործող դեկան Հայկ Սարգսյանի թեկնածությունը, իսկ Ա. Սիմոնյանը բացահայտ կերպով պաշտպանում էր պրոֆեսոր Հարություն Մարզպանյանին: Նշենք, որ Ս. Ղանթարջյանի մյուս երեք գործընկերներն իրենց պաշտոններն ավելի վաղ վերականգնել էին առաջին ատյանի դատարանների միջոցով: Ի դեպ, օրերս ռեկտորի պաշտպանյալը` ԵՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Հ. Մարզպանյանը, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Պատճառն այն է, որ 54-ամյա պրոֆեսորը դրանից մի քանի օր առաջ հանրապետությունից փախել էր իր 17-ամյա ուսանողուհիներից մեկի հետ: