Ռուսական հեռուստաընկերությունների հետ համեմատվող «Հ1»-ի եթերում անցյալ կիրակի օրը, հերթական «Երկու աստղ» հաղորդման ժամանակ, մեր ժամանակների «ամենահանճարեղ ռեժիսոր-տնտեսագետ» Հրաչ Քեշիշյանը մասնակիցներից մեկին խիստ նկատողություն արեց այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ «իրենց համար կարեւոր է ոչ թե ժյուրիի կարծիքը, այլ հեռուստադիտողների, որոնք քվեարկում են իրենց օգտին»:
Այդ հայտարարությունից հետո Հ. Քեշիշյանը շատ զայրացած տոնով խորհուրդ տվեց չանտեսել ժյուրիի կարծիքը, որովհետեւ այդ ժյուրիի կազմում շատ հեղինակավոր մարդիկ են նստած, եւ նրանց խորհուրդները երբեք էլ ավելորդ չեն մասնակիցների համար: Իհարկե, հեղինակավոր մարդկանց խորհուրդները ոչ մեկի համար եւ երբեք ավելորդ չեն: Այս պարագայում վիճելու ոչինչ չունեմ: Առավել եւս, որ իմ կյանքի հիմնական կարգախոսներից մեկն է «Վեկ ժիվի, վեկ ուչիս» խոսքը: Սակայն այսքանով իմ համաձայնությունը քլիպմեյքերի հետ ավարտվում է, որովհետեւ մեծագույն ցանկության դեպքում անգամ շատ դժվար է «Ոսկե կլարնետի» հաղորդավար Նառային, մեծն դերասան Բաբկեն Ներսիսյանի որդի Տիգրան Ներսիսյանին եւ Ազգային մրցանակաբաշխությունների կարճ պատմության ընթացքում ինքն իրեն բազմաթիվ մրցանակներ հանձնած Հրաչ Քեշիշյանին անվանել հեղինակավոր մարդ: Ես չէ, որ Հ. Քեշիշյանին պետք է բացատրեմ ճանաչված եւ հեղինակավոր բառերի տարբերությունը: Ավելի լավ կլիներ, որ նույն ինքը` Հ. Քեշիշյանը, լսեր իսկապես հեղինակավոր մարդկանց խորհուրդը, որոնք տարիներ շարունակ խորհուրդ են տալիս նրան՝ չփչացնել Հանրային հեռուստատեսության եթերը: Այ, եթե ինքը մինչեւ հիմա լսած լիներ այդ խորհուրդները, կարծում եմ՝ այսօր կարիք չէր լինի, որպեսզի անձամբ հանրապետության նախագահը միջամտեր այդ հարցին:
Փոքրիկ նկատառում եւս: Երբ Սարգիս Մնոյան – Անահիտ Սիմոնյան զույգը գերազանց կատարեց իր երգը (Գնահատականը միայն իմը չէ: Հեռուստադիտողների քվեարկությամբ այս զույգն առաջին հորիզոնականում է)՝ Հ. Քեշիշյանն ասաց, որ թեեւ երգը լավ կատարվեց, սակայն ֆիլմ, որտեղ հնչել է այդ երգը` ծանոթ չէ: Հիշեցնեմ, որ դրանից ընդամենը հաշված րոպեներ առաջ հնչել էր Հայկոյի հեղինակած երգը, որը Հրաչ Քեշիշյանի նկարահանած ֆիլմից էր: Այս պարագայում եւս երգը շատ լավն էր, սակայն դժվար թե ֆիլմն այդքան ծանոթ լիներ լայն հանրությանը: Հ. Քեշիշյանի կեցվածքից, սակայն, այնպիսի տպավորություն ստեղծվեց, կարծես իր նկարահանած ֆիլմը հանրությունը պարտավոր էր իմանալ, եւ, որ այն «Հարսնացու հյուսիսից» ֆիլմից էլ ճանաչված է: Թեեւ ինքս ինձ հեղինակավոր չեմ համարում, այնուամենայնիվ, կարող եմ խորհուրդ տալ` փոքր-ինչ համեստ լինել:
Անցնենք հաջորդ «հեղինակությանը»` Մերուժան Տեր-Գուլանյանին, ում «պրեզենտացիան», որպես «Արարատ» հեռուստաալիքի տնօրեն, անցավ երկու օր առաջ: «ԱՐ» հեռուստաալիքը ստեղծելուց եւ ապա բարեհաջող քանդելուց հետո պարոն Տեր-Գուլանյանը կրկին հեռուստաալիք կգլխավորի: Այս անգամ` մշակութային: Անդրադառնամ «պրեզենտացիայի» ընթացքում հնչած մի քանի մտքերին: «Ես այդ սերիալները չեմ նայում, …, ես չեմ կարծում, որ դա մշակույթի հետ որեւէ աղերս ունի: Ամբողջ հեռուստաընկերությունները հեղեղած տեղական «ջեբկիրային» սերիալներին ես սկզբունքորեն դեմ եմ, այնտեղ չկա ոչ մի դաստիարակություն, այնտեղ կա ապադաստիարակություն»,- ասել է պարոն Տեր-Գուլանյանը: Եվ լրացրել է. «Հայերը մշակութային ազգ չեն, մշակութակիր լինել՝ նշանակում է՝ հարաբերվել մարդկանց հետ, եթե մարդկանց հարաբերության մեջ չկա մշակույթ, դա մշակույթ չէ»: Իհարկե, իսկական մշակույթը դա մշակութային գործիչների դեմ «գործ տալն է»: Ի դեպ, սովորաբար, «գործ տալուց» հետո, մշակութային գործիչներն ու մտավորականները տվյալ երկրում միշտ էլ պասիվանում են, եւ ջրի երես են դուրս գալիս այն գործիչները, որոնք եւ ստեղծում են իրենց իսկ կողմից «ջեբկիրային» կոչված սերիալները: Այդպես է եղել Խորհրդային Միությունում եւ Գերմանիայում անցյալ դարի 30-ական թվականներին: Այնպես որ, այս հարցում պետք չէ ուրիշներին մեղադրել: Եթե Մ. Տեր-Գուլանյանը հիշի, թե ինչպե՞ս էր ստորագրություններ հավաքում մշակութային գործիչների եւ մտավորականների մի հատվածի դեմ, կհասկանա, թե որտեղ են ընկած այսօրվա սերիալների արմատները:
Եվ ընդհանրապես, մենք միշտ էլ սիրում ենք «սեփական աչքի գերանը թողած, ուրիշների աչքի միջի չոփը նկատել»: Երբ արդարադատության ոլորտի նախկին աշխատակիցները մեղադրում են այդ ոլորտի այսօրվա աշխատակիցներին (հաճախ այդ մեղադրանքները արդարացի են)՝ անարդարացի վճիռներ կայացնելու համար, երեւի մոռանում են, թե որքան անմեղ զինվորներ են դատվել իրենց իսկ անարդարացի որոշումների պատճառով: Երբ որոշ գերլիբերալ տնտեսագետներ ասում էին, որ պետությունը ամենավատ բիզնեսմենն է, երազում էլ չէին պատկերացնում, որ ամենալիբերալ զարգացած երկրներն այսօր գրեթե համատարած պետական պրոտեկցիոնիզմով կզբաղվեն տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Այնպես որ, ճիշտ էր Էյնշտեյնը, երբ ասում էր, որ ամեն ինչ հարաբերական է: Ե՛վ լիբերալիզմը, եւ՛ արդարադատությունը, եւ՛ հեղինակությունը, եւ՛ «էքսպերիմենտների միությունը», եւ «ջեբկիրությունը»: