Հարցն այնքան էլ դյուրին չէ: Ի՞նչ է ճգնաժամը Ճապոնիայի համար` պարզ է: Երկիրն արտադրել է հսկայական քանակության բարձրորակ ապրանքներ, իսկ հիմա դրանք ոչ ոքի պետք չեն: Սա գերարտադրության դասական ճգնաժամ է, որն առաջացել է արտահանումից չափազանց մեծ կախվածության պատճառով: Համապատասխանաբար, ճապոնացիների խնդիրն է՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրենց արտադրանքը կրկին պահանջարկ ունենա:
Ի՞նչ է ճգնաժամն Ամերիկայի համար` կրկին հասկանալի է: Նախկինում գործազուրկ ամերիկացիները հնարավորություն ունեին բանկերից ցանկացածի չափի սպառողական վարկ վերցնելու եւ ծախսելու սրտի ուզածի պես, իսկ հիմա այլեւս վարկ չեն տալիս: Սա կենսակերպի եւ պետական կարգավորման ճգնաժամ է: Ուստի նոր վարչակարգի խնդիրն է` բացատրել ամերիկացիներին, որ մակաբուծային կյանքի դարաշրջանն ավարտվել է, եւ գլխին հարվածել այն բանկերի, որոնք նման վարկեր են տրամադրել: Այնպես որ` հարցը, թե ի՞նչ է ճգնաժամը Հայաստանի համար, եւ ի՞նչը պետք է ելք համարել նրանից, հեշտ չէ:
Ի՞նչ ունեինք մենք ճգնաժամից առաջ: Ունեինք տնտեսության միանգամայն այլանդակ մոդել` արտադրության զրոյական աճով, գյուղատնտեսության գրեթե զրոյական աճով, արտաքին առեւտրի հսկայական բացասական սալդոյով, արտահանման շատ վատ կառուցվածքով, շուկայի եւ արտաքին առեւտրի մոնոպոլիզացիայով, գաստարբայտերության (արտագնա աշխատանքի) ամոթալի ծաղկմամբ եւ այլն: Մենք ապրում էինք մասնավոր տրանսֆերտներով, որոնցով ֆինանսավորում էինք ահռելի ներկրումը եւ գրեթե ոչինչ չէինք արտադրում: Այսինքն, մենք գտնվում էինք հաստատուն ճգնաժամի մեջ` մինչեւ համաշխարհային ճգնաժամի սկսվելը: Մի՞թե մենք ճգնաժամ պետք է համարենք այն, որ խախտվել է այդ «երջանիկ» ստատուս-քվոն, եւ մենք կցանկանայինք վերադառնալ նախկին` «մինչճգնաժամային» վիճակին: Հազիվ թե: Ուստի հարցը պետք է դնել այսպես` ինչպե՞ս անդրադարձավ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը մեր տեղական ճգնաժամի վրա: Եթե չհաշվենք ընթացիկ ժամանակավոր նեղությունները եւ դժվարությունները, ապա պետք է ընդունել, որ բավականին բարենպաստ: Քանի որ արտաքին ճգնաժամը, փաստորեն, վերջակետ դրեց Հայաստանում առաջին ալիքի միանգամայն անշնորհք ռեֆորմների պատմությանը եւ ստիպեց մեզ առաջին անգամ զբաղվելու հասկանալի ազգային տնտեսական քաղաքականության մշակմամբ: Ինչպես ասում են. չկար երջանկություն` դժբախտությունն օգնեց:
Իհարկե, մենք այսօր տեսնում ենք նոր տնտեսական քաղաքականության միայն առաջին նշանները, բայց դրանք այնքան ակնառու են, որ կարելի է խոսել կառավարության կուրսի սկզբունքային փոփոխության մասին: Կառավարությունը հայտարարել է նոր, մինչ այսօր չլսված առաջնայնությունների մասին` աջակցություն տեղական արտադրողներին, ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված հովանավորչական միջոցառումներ, ներկրումը փոխարինող գործողությունների խրախուսում եւ այլն: Մինչեւ վերջերս պաշտոնական մակարդակներում այս ամենը վատ տոն էր համարվում, բայց ճգնաժամը փոխեց մտածելակերպը, ինչը, թերեւս, զարմանալի չէ: Չէ՞ որ շուկան վերելք ապրելիս հարգի է կապիտալիզմը, իսկ անկման ժամանակ` սոցիալիզմը:
Հիմնականը, ինչը մեզ ճգնաժամն օգնեց հասկանալ, այն է, որ ինքներս պետք է շատ արտադրենք ու խթանենք իրական սեկտորում աշխատատեղերի ստեղծումը: «Ազատ առեւտրի» 18 տարիների ընթացքում մենք գրեթե զրկվեցինք արդյունաբերությունից, եւ այսօրվա գործազրկությունը փոխհատուցումն է դրա համար: Նշված կոպիտ սխալների ուղղման համար լավ են աջակցության բոլոր միջոցները եւ արդարացված` հովանավորչական բոլոր միջոցառումները: Խնդիրների մասին լիբերալ դարձվածքներով շատախոսելու ժամանակը չէ: Հարկավոր է հավաքել բարեփոխումների կրիտիկական զանգված` կարճ ժամանակում իրավիճակի որակական փոփոխության հասնելու համար: Գերխնդիր է ներքին արտադրության ըստ ամենայնի աջակցությունն՝ ինչպես ներկրման փոխարինման, այնպես էլ սկզբունքորեն նոր, հատկապես որակական արտադրությունների ստեղծման միջոցով: Կարեւոր է ընդգծել, որ հովանավորչական միջոցառումները պետք է կիրառել միայն մրցունակությամբ հայտնի ընկերությունների հանդեպ: Ոչ ոք թույլ ընկերություններին պաշտպանելու կոչ չի անում: Ընդհակառակը, պետությունը պետք է ամրացնի միայն ուժեղ, հաջողակ ընկերությունները: Պետության կողմից ազգային արտադրողներին` նրանց կապիտալ մտնելու ճանապարհով ուղղակի ֆինանսական աջակցության սկսված գործընթացը ոչ միայն արդյունավետ հակաճգնաժամային միջոց է, այլեւ նոր տնտեսական քաղաքականության արտացոլում: Ոչ ոք չի վիճում` պետությունը վատ կառավարիչ է, բայց այն կարող է լինել շատ հաջող պորտֆելային ներդրող: Մի քանի տարի անց պետությունը կարող է շուկայական գնով վաճառել ընկերություններում իր մասնաբաժինը եւ բյուջե վերադարձնել շատ ավելի մեծ գումարներ: Իսկ երկիրը կստանա ուժեղ ազգային արդյունաբերություն: Բայց այս գործընթացը պետք է զարգացնել առավելագույնս` օգնություն ցուցաբերելով գոնե 200-300 ազգային ընկերությունների: Դեռեւս պետությունն օգնել է մի տասնյակ ընկերությունների, ինչը շատ քիչ է: Հենց դրա համար գումար խնայել պետք չէ: Այն հարյուր-միլիոնավոր դոլար վարկերը, որ Հայաստանն այսօր ստանում է, անհրաժեշտ է ուղղել այդ ծրագրի իրագործմանը: Այդ դեպքում հնարավորություն կընձեռվի, որ մենք ոչ միայն չեզոքացնենք համաշխարհային ճգնաժամի բացասական հետեւանքները, այլեւ դրանից դուրս գանք նոր տնտեսությամբ:
«Դելովոյ էկսպրես»