Հին խորհրդային անեկդոտը պատմում էր, որ երբ 80-ականներին դեպի կոմունիզմ ընթացող գնացքը կանգնեց, խորհրդային իշխանությունները ժողովրդին հանձնարարեցին շարունակել տարուբերվել-ցնցվել կանգնած գնացքում: Սույնով տպավորություն էր ստեղծվում, թե գնացքն ամբողջ թափով շարունակում է սլանալ դեպի պայծառ ապագա: Մեր իշխանություններն էլ նույն վարքագիծն ունեն: Նույն անեկդոտիկ վարքագիծը: Նախ հայտարարում են, որ ճգնաժամ չկա: Հետո խոսում այն մասին, թե ինչ հաջողությամբ հաղթահարեցին այդ չեղած ճգնաժամը: Բայց չեն ճշտում, թե որտեղ կամ որ ոլորտում են դրսեւորվել այդ հաջողությունները: Հիմա արդեն պաշտոնական վիճակագրությունն է տնտեսության կրճատում արձանագրում: Բայց բնակչության մեծամասնությունը տնտեսական վիճակագրություն չի կարդում: Փոխարենը բնակչության մեծամասնության ականջները հասու են պաշտոնական քարոզչամեքենային: Այն փետրվարի 24-ին հաղորդագրություն տարածեց, որ «Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2008թ. սոցիալ-տնտեսական գործունեության եւ 2009թ. քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ»: Աշխարհն՝ աշխարհով ու իր տնտեսական ճգնաժամով: Իսկ մենք միմիայն մեկ հոգս ունենք` կազմել հերթական զարգացման ծրագիրը: 2009թ. մայրաքաղաքին ամենայն պատասխանատվությամբ ու խիստ պաշտոնական տոնով հանձնարարված է զարգանալ: Պաշտոնական տեղեկատվությունը նույնիսկ տեղ-տեղ նկարագրել է, թե ինչպես է ապահովվելու այդ զարգացումը: Օրինակ, նշվում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել է Երեւանի աղբահանության խնդիրը: «Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրել է Երեւան քաղաքի աղբահանության կազմակերպման ծրագիրը` նշելով, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ գերմանական «Ֆիխթներ» ընկերությունը շարունակում է խորհրդատվական աշխատանքները` նպատակ ունենալով կատարել համապարփակ ուսումնասիրություններ Երեւանում սանիտարական մաքրման, աղբահանության, աղբավայրերի, բնապահպանական հիմնախնդիրների ողջ փաթեթի վերաբերյալ»: Սույն խրոխտ հրապարակումը, ինչպես նկատում եք, ներկայացնում է տեղեկատվության մի մասը: Հասկանալի չէ, թե ինչպես է ՀԲ-ն աջակցում, որպեսզի գերմանական «Ֆիխթներ» ընկերությունը խորհրդատվական աջակցություն մատուցի քաղաքային իշխանություններին: Որքա՞ն արժե այդ աջակցությունը: Ինչո՞ւ են մեր քաղաքի իշխանությունները տարիներ շարունակ համառորեն խորհրդատվություն փնտրում աղբահանությունը կազմակերպելու համար: Այն, որ աղբահանության գործը քաղաքային իշխանությունները ի վիճակի չեն կազմակերպել, գիտեն բոլոր երեւանցիները: Անհասկանալի է, թե ինչու 2007-08թթ. ճապոնական ընկերությանը, մեղմ ասած, հեռացրին այդ ոլորտից ու հիմա կրկին խորհուրդ են փնտրում: ՀԲ գրասենյակի տվյալներով` այդ ծառայությունը թանկ հաճույք է: Աղբահանության կազմակերպման մասին խելոք միտք-խորհուրդ տալու համար «Ֆիխթներ» ընկերությունը 500 հազար դոլար վարձավճար կստանա: Այ այսպես: Տնտեսական ճգնաժամը բոլոր երկրների իշխանություններին ստիպում է վերանայել իրենց պարտավորությունները, կրճատել ծախսերը: Իսկ մեր իշխանությունները համաձայն չեն անգամ աննպատակահարմար ծրագրերի գծով ծախսերը կրճատել: Մարդիկ կես մլն դոլար գումարը ծախսում են աղբահանության կազմակերպման մասին խորհուրդ լսելու համար: Թե այդ գումարով քանի՞ աղբատար մեքենա, համապատասխան տեխնիկա կարելի էր գնել հանրապետության համար, ընդ որում` լավագույն` գերմանական արտադրության, ամենեւին էլ կարեւոր չէ: Կարեւոր է նորից ու նորից անցնել նույն ճանապարհով: Անցնել մի քանի անգամ: Մեր անկախության պատմությունն ընդհանրապես ու շատ լայն իմաստով կարելի է կենցաղային աղբի մշակման փնտրտուքների պատմություն ներկայացնել: 90-ականներից արտասահմանից փորձում ենք ֆինանսական միջոցներ ներգրավել աղբահանության գործը կարգավորելու համար: Տարբեր երկրներից պարբերաբար մասնագետներ եւ նման գործունեությամբ զբաղվող ընկերություններ են գալիս: Գալիս են, ուսումնասիրում, խելոք խորհուրդներ տալիս, նախագծեր առաջարկում ու մեկնում: Իհարկե, խորհուրդ տվողները աշխատանքի վարձը ստանալուց հետո են մեկնում: Մի քանի անգամ նույնիսկ ՀՀ-ում աղբավերամշակման մեծ գործարան կառուցելու նախագծեր ներկայացրին: Շատ մեծ գործարան, որ կարողանանք տարածաշրջանի երկրների կենցաղային աղբը ներմուծել ու վերամշակել: Կանաչները մուֆտա աղմուկ բարձրացրին. լուրջ վախեցել էին տարածաշրջանի աղբանոցը դառնալու հեռանկարից: Մոռացել էին, որ այս տարածաշրջանում մենք հարեւաններ չունենք, այլ ունենք 3 ճակատ ու 1 կիսաճակատ: Հետեւաբար, նրանց հետ տնտեսական ձեռնարկ չենք կարող իրականացնել: Աղբավերամշակման ժամանակակից գործարան կառուցելն արժե 1,5-10 մլն եվրո` կախված գործարանի մասշտաբից ու վերամշակման տեխնոլոգիական հնարավորություններից: Այս ոլորտում օտարերկրյա ներդրումներ չեն կատարվում, որովհետեւ աղբավայրերի մի մասը սեփականաշնորհված է, եւ սեփականատերերը գիտեն, որ այն վաղ թե ուշ լուրջ բիզնես է դառնալու, պարզապես մեծ ներդրումներ են պահանջվում: Ինչպես շունը` դեզի վրա, ոչ ինձ, ոչ քեզ: Վերամշակման գործարանների բազմաթիվ բիզնես-նախագծեր են ներկայացվել արտասահմանյան լուրջ կազմակերպությունների կողմից: Տեղում ուսումնասիրություններ են արվել, վերլուծություններ: Բայց իրենց իսկ առաջարկներից հրաժարվել են, որովհետեւ մեր իշխանությունների գործելաոճը` նոր բիզնեսում «փայ մտնելու» անզուսպ ձգտումը, անիմաստ է դարձրել գործարանի կառուցումը: Սակայն, միեւնույն է, մեր իշխանություններին աղբի թեմայից ետ պահել չի լինի: Աղբատար մեքենաներ գնելու, այս ոլորտում աշխատավարձերը բարձրացնելու, աղբամշակման գործարան կառուցելու հնարավորություն տալու փոխարեն՝ նրանք տարիներ շարունակ մտածում են աղբահանության մասին ու վճարում խորհուրդներ տվողներին: Հայ իրականության մեջ աղբի նկատմամբ վերաբերմունքը մի տեսակ ուրիշ է: Ուրիշ է ու բարձրացված բանահյուսության մակարդակի: Հայ ծնողը երեխային հորդորում է լավ սովորել. «այլապես կմեծանաս՝ զիբիլ թափող կդառնաս» սպառնալիքով: Ու հավանաբար, մեր իշխանավորները` քաղաքապետերից մինչ նախարար, լավ չեն սովորել: Որովհետեւ մեծացել ու ամբողջ աշխատաժամանակը նվիրում են աղբահանության կազմակերպման ծրագիր մշակելուն ու վճարովի թանկարժեք խորհուրդներ լսելուն: Մինչդեռ բնակավայրերի փողոցները, բակերն ու շրջակայքը թաղված են աղբի մեջ: Ով կմտածեր, որ «Ավլեմ-թափեմ փոշին» երգի գերմաներեն թարգմանությունը կարժենա 500 հազար դոլար: