«Ջուր ծախող» տղայի կարիքը շատ է զգացվում

03/07/2005 Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Կարծում եմ, կարիք չկա մանրամասնելու, թե այս շոգ օրերին ինչքան անհրաժեշտ
է ջուր ունենալը՝ մանավանդ գյուղական շրջաններում։ Բայց արի ու տես, որ
կան մարդիկ, ովքեր կարեւորություն չեն տալիս այս խնդրին։ Իսկ մարդիկ առանց
ջուր ապրել չեն կարող։
Մասնավորապես Էջմիածնի շրջանի Աղավնատուն եւ Դողս գյուղերի ողջ
բնակչությունն օրեր շարունակ զրկված է եղել խմելու ջրից։ Եվ սա՝ այն
դեպքում, երբ յուրաքանչյուր ամիս «ջրի տեսուչը» թոշակառուի ձեռքից
վերցնում է ստացած առանց այն էլ սակավ մի քանի կոպեկից իր հասանելիքը։
Բայց չէ՞ որ բոլորիս էլ քաջ հայտնի է, որ վճարվում է միայն ստացած
ծառայության համար (այս դեպքում՝ ջրի), իսկ խոսքն այստեղ ի՞նչ ծառայության
մասին է, երբ մարդիկ խմում են իրենց բակում փորված հորի ջուրը՝ նրան աղ
ավելացնելով։ Էլ չի խոսվում այս շոգ օրերին հատուկ բազմաթիվ
հիվանդությունների ու վարակների, հիգիենայի կանոնների բացակայության
մասին։
Իսկ եթե օրերից մի օր էլ ծորակից ջուր կաթի, ապա տեղացիները համոզված են, որ «օտար» է գալու։
Այո՛, նրանց կանխազգացումը չի դավաճանում. ջրի առաջին կաթիլների հետ,
հաստափոր թղթապանակը թեւի տակ՝ հայտնվում է շուրջօրյա ջրամատակարարում
քարոզող «տեսուչը»։
Իսկ այդժամ գյուղացուն էլ ոչինչ չի մնում, բացի անզորությունից, որ չի
կարողանում ապացուցել չմատուցված ծառայության եւ անհարկի գումարներ
հավաքելու փաստը (ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր)։
Հեռուստատեսության ցանկացած ալիք միացնելով, ամեն պահի հնչում է Երեւան
քաղաքի շուրջօրյա ջրամատակարարման մասին հարցը, ինչն էլ այն կարծիքն է
ձեւավորում, որ Հայաստանը սկսվում եւ ավարտվում է Երեւան քաղաքով։
Իսկ ո՞վ է մտածելու ծորակից ջուր հոսելու տեսարանից վաղուց զրկված, ռետինե
խողովակից էլ ջրին օրեր շարունակ կարոտ մնացած գյուղացու մասին։
Ինչպես բոլոր հարցերին, այնպես էլ սրան կա արդարացման պատասխան. «Տեղադրե՛ք ջրաչափեր…»:
Սա է, որ ավելի շատ է նյարդայնացնում բնակիչներին։ Իսկ ո՞վ է
երաշխավորելու, որ իրենք էլ, ուրիշների պես, ավելորդ գումարներ չեն
վատնելու ջրաչափ տեղադրելու համար, իսկ արդյունքում՝ էլի չոր ու ցամաք
ռետինե խողովակներ։
Կամ ենթադրենք, ջուր կլինի, ո՞վ է երաշխավորելու, որ ջրի մակարդակն այնքան
բարձր է լինելու, որ ոչ թե ռետինե խողովակներից (որոնք փորվել են ավելի
ցածր մակարդակից ջուր վերցնելու համար), այլ ծորակներից է ջուր գալու։ Չէ՞
որ առջեւում ձմեռ է, որի հետեւանքով էլ շարքից դուրս կգան խողովակները։