Որակյալ ապրանք գնում են միայն «ծանոթ-բարեկամները»

27/02/2009 Լիանա ԳԱԼՍՏՅԱՆ

«Գնված ապրանքը հետ չի ընդունվում կամ չի փոխանակվում». մայրաքաղաքի բազմաթիվ խանութներում հաճախ կարելի է հանդիպել այսպիսի նախադասությամբ ցուցանակների, որոնք, ըստ էության, ոտնահարում են սպառողների իրավունքները:

Նման գրության կարելի է հանդիպել ինչպես եվրոպական ճանաչված ֆիրմաների հագուստ վաճառող խանութներում, այնպես էլ տոնավաճառներում ու անցումներում գործող առեւտրի կետերում: Սակայն, ըստ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետի, սպառողների կողմից ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում վաճառողը պարտավոր է տվյալ ապրանքը փոխարինել որակյալ ապրանքով կամ սպառողին վերադարձնել նրա վճարած գումարը: ՀՀ օրենսդրությամբ սպառողը նաեւ կարող է վաճառողից պահանջել ապրանքի մասին տեխնիկական տեղեկաթերթիկ կամ դրան փոխարինող մեկ այլ փաստաթուղթ: Իրենց իրավունքներից տեղեկացված չլինելու արդյունքում շատ անգամ սպառողները հայտնվում են անորակ ապրանքը ձեռքներին եւ ոչ մի կերպ չեն կարողանում հետ ստանալ իրենց գումարը կամ անորակ ապրանքը փոխանակել որակյալով:

Ըստ Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության իրավաբան Անուշ Սուքիասյանի. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» 23-րդ հոդվածի համաձայն-սպառողն իրավունք ունի փոխարինելու ոչ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում (ասենք, օրինակ, պարզվում է՝ գնած հագուստը փոքր է): Ցավոք, շատ խանութներում վաճառողները նույնպես տեղյակ չեն, որ իրենք պարտավոր են սպառողին տրամադրել որոշակի տեղեկություն տվյալ ապրանքի վերաբերյալ, որպեսզի գնորդը տեղում կողմնորոշվի»: Փոխարենը՝ շատ դեպքերում սպառող-վաճառող հարաբերությունները կանոնակարգվում են ոչ թե օրենքի պահանջից ելնելով, այլ մշտական հաճախորդի հետ լավ հարաբերություններ հաստատելու եւ այն պահպանելու ակնկալիքով: «Եթե հաճախորդին ճանաչում ենք կամ, եթե նա մեր մտերիմներից է, բնականաբար, տվյալ ապրանքի որակի վերաբերյալ զգուշացնում ենք եւ խորհուրդ տալիս, թե դրանցից որն է առավել որակյալ»,- ասում է Մալաթիա տոնավաճառի վաճառողուհին, ով չցանկացավ ասել իր անունը: Մեր այն դիտարկմանը, որ ըստ օրենքի՝ վաճառողը պարտավոր է յուրաքանչյուր սպառողին տալ որոշակի տեղեկատվություն տվյալ ապրանքի վերաբերյալ, եւ ոչ թե միայն «ծանոթ-բարեկամ» հաճախորդներին, նա պատասխանեց. «Ես այդ օրենքից տեղյակ չեմ»: Անցորդների շրջանում մեր անցկացրած հարցախույզից պարզ դարձավ, որ մեր համաքաղաքացիներն այնքան էլ տեղեկացված չեն իրենց սպառողական իրավունքներից: 60-ամյա Սամվել Հարությունյանը սպառողների մասին օրենքից պատկերացում անգամ չունի. «Անկեղծ ասած, տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը: Ուզում եք ասել, որպես գնորդ ունեմ որոշակի իրավունքնե՞ր: Ձեզ մի բան կասեմ. ՀՀ-ում գնորդն ունի զուտ պարտականություններ եւ ոչ ավելին: Գիտե՞ք, թե դա որն է. վճարել գնած ապրանքի դիմաց՝ անկախ դրա որակից: Ինչ կարեւոր է իմ գիտենալը, եթե մենք ապրում ենք մի երկրում, ուր ոչ մի օրենք չի գործում: Եվ այդքան ապրանքատեսակ գովազդելու փոխարեն լավ կլիներ մեկ-մեկ էլ մեր իրավունքների մասին տեղեկացնեն»:

Երեւանի բնակչուհի, 23-ամյա Անժելա Ավետիսյանը պատմեց, որ օրեր առաջ տոնավաճառից գնել է պայուսակ, սակայն տուն հասնելուն պես նկատել, որ պայուսակի վրա կա փոքրիկ պատռվածք: Անժելան վերադառնալով տոնավաճառ, փորձել է այն փոխարինել մեկ ուրիշով, սակայն ապարդյուն: Տոնավաճառի վաճառողուհին, ի պատասխան, ցույց է տվել պատին փակցված գրությունը. «Գնված ապրանքը հետ չի ընդունվում»: Թեպետ Անժելան տոնավաճառ է ներկայացել օրենքով սահմանված ժամկետում, այնուամենայնիվ, նա թույլ է տվել սպառողների կողմից կատարվող ամենատարածված սխալներից մեկը. նա չի պահանջել որակը հաստատող որեւէ փաստաթուղթ: Ասել է թե` գնորդը իրավունք ունի վաճառողից տեղեկություններ պահանջելու տվյալ ապրանքի արտադրման վայրի, քաշի, չափի եւ որակի մասին («ՀՀ Կազմակերպությունների եւ ձեռնարկատերերի գործունեության մասին» օրենքի 10-րդ կետ): Աբովյան քաղաքի բնակչուհի Մարինե Հարությունյանը հաստատում է, որ մայրաքաղաքից գնել էր անորակ դիմահարդարման մի քանի պարագաներ եւ ունեցել առողջական խնդիրներ. «Աչքերս ամբողջությամբ բորբոքված էին, երկար բուժումներից հետո վերջապես ապաքինվեցի: Նույնիսկ չփորձեցի վերադարձնել, քանի որ համոզված եմ, որ հետ չէին վերցնելու: Այսուհետ շատ ուշադիր եմ դիմահարդարման պարագաներիս որակի առումով»: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ որակը հաստատող փաստաթուղթ չի պահանջել վաճառողից, Մարինեն պատասխանեց. «Ցավոք, չգիտեմ, թե դա ինչ փաստաթուղթ է»: Մասնագիտությամբ մանկավարժ Ռիմա Հարությունյանը խոստովանում է, որ տեղյակ է սպառողների պաշտպանության մասին օրենքից, սակայն դեռ առիթ չի ունեցել օգտվելու: «Այնուամենայնիվ, գիտեմ, որ անորակ ապրանք գնելիս կարող եմ կտրոնը ձեռքիս մտնել խանութ եւ պահանջել, որ այն փոխեն: Հակառակ դեպքում կարող եմ դիմել դատարան»: