Չնայած հրապարակման շուրջ առաջացած աղմուկին` հայ եւ ադրբեջանցի համասեռամոլների սիրո մասին պատմող գիրքը մեծ պահանջարկ է վայելում:
Արտուշը եւ Զաուրը երկու դպրոցահասակ տղաներ էին ու մեծանում էին Ադրբեջանի բազմազգ մայրաքաղաք Բաքվում: Սակայն ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չեղավ: Պատերազմը խանգարեց նրանց վայելել իրենց սերը ու բաժանեց երկուսին:
Արտուշը հայտնվեց Հայաստանում, իսկ ադրբեջանցի Զաուրը ստիպված եղավ սգալ իր հեռացած սիրո հիշատակները՝ մնալով Բաքվում: Գրքի սյուժեն այնքան էլ արտասովոր թեմա չէ աշխարհի համար: Սակայն գիրքն ուղղակի ցնցեց Ադրբեջանի հասարակությանը: Իսկ գրքի հեղինակ Ալեքպեր Ալիեւը վատ համբավ ձեռք բերեց հայրենիքում: Չէ՞ որ սիրո պատմության գլխավոր հերոսները տղամարդիկ են:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ սկսված երկու տղամարդկանց սիրո պատմությունը նկարագրող գիրքը հակասական կարծիքներ առաջ բերեց:
«Կարծում եմ, միայն հիվանդ երեւակայության տեր կամ առնվազն կատարյալ ցինիկը կարող էր նման բարբաջանք գրել. հեղինակն ուղղակի թքում է իր երկրի եւ Ղարաբաղյան պատերազմից տուժած միլիոնավոր մարդկանց վրա: Սա ուղղակի անբարոյականություն է, ահա թե ինչ»,- վրդովվում է բաքվեցի ուսանող Սուլթան Գաֆարովը:
Եվ սա տարածված կարծիք է Ադրբեջանում: Երկրում համասեռամոլությունն օրինական կարգավիճակ է ստացել դեռեւս 2000թ. սեպտեմբերին. այսինքն` այս հիմքերով տեղ գտած խտրականությունը պատժվում է օրենքով: Չնայած այս փաստին` ադրբեջանցի համասեռամոլները չեն կարողանում խուսափել երկրում իրենց նկատմամբ տարածված խտրականությունից:
«Հասարակությունը ծայրահեղ անհանդուրժողականություն է դրսեւորում համասեռամոլների նկատմամբ, իսկ ՁԻԱՀ-ի մասին հրապարակումները պարզապես «կրակի վրա յուղ են լցնում» այս առումով: Ճիշտ է, սա համատարած երեւույթ չէ: Օրինակ, բարձր սոցիալական դիրքերի հասնող համասեռամոլներին քննադատությունը շրջանցում է: Հանրությունը հարուստ համասեռամոլին ավելի շատ է տղամարդ համարում, քան աղքատ, բայց սեռական ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդուն»,- համոզված է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովը:
Ալիեւը գիտեր, որ նման բարդ ու հակասական մթնոլորտում գրքի հրապարակումը չէր կարող փայլուն անցնել: «Ադրբեջանում ոչ մի հրատարակչություն չէր համաձայնի համասեռամոլների մասին պատմող գիրք տպագրել. նրանց կարծիքով՝ սա պղծում էր իրենց ազգի բարի անունը»,- IWPR-ի հետ հարցազրույցում նշեց գրողը: «Գրքի սյուժեի առանցքը հայ-ադրբեջանական հակամարտության հիման վրա է կառուցված, իսկ համասեռամոլների սերն այստեղ երկրորդական խնդիր է, պարզապես ուշադրությունը շեղելու համար է: Բոլորն էլ գիտեն, որ ամբողջ Հարավային Կովկասում համասեռամոլների նկատմամբ խիստ բացասական վերաբերմունք է տարածված: Փորձել եմ այս ֆոնի վրա ներկայացնել երեք հարեւան երկրներում տեղի ունեցող հակամարտությունների համայնապատկերը»:
Ի վերջո, անցյալ ամիս Ալիեւի գիրքը տպագրվեց մի մասնավոր հրատարակչության շնորհիվ, եւ ի՞նչ. այն սկսեց մեծ ժողովրդականություն վայելել: Գրավաճառներից մեկի խոսքերով` հակասական վեպը «թարմ թխած հացի պես» էր վաճառվում:
«Ուրախ եմ, որ այդ վեպին, ի վերջո, հաջողվեց կոտրել Ադրբեջանում տարածված պահպանողական կարծիքը: Վաղուց պետք էր ազատվել նախապաշարմունքներից, մի քիչ էլ անլուրջ վերաբերվել հասարակական կարծիքին: Հույս ունեմ՝ հեղինակը կկարողանա դիմանալ ընթերցողների եւ քննադատների բազմաթիվ հարձակումներին»,- ասում է բաքվեցի գործարար Խանլար Ագաեւը:
Եվ իսկապես, հարձակումների տարափը սկսվեց ամեն կողմից` ներառյալ իսլամական երկրի հոգեւոր առաջնորդները: Բաքվի Իսլամական համալսարանի ռեկտոր Հաջի ֆուադ Նուրրուլլան համասեռամոլության խիստ հակառակորդներից է: Նրա կարծիքով` ոչ ավանդական սեռական կողմնորոշման տարածումը արտասահմանյան հիմքեր ունի եւ միտված է փչացնելու ազգային մշակույթը:
«Ղուրանում սա խիստ դատապարտվում է: Դա մեղք է, ուղղակի աննորմալ երեւույթ: Անընդունելի է, որպեսզի տղամարդը կնոջ հագուստ կրի կամ իրեն կնոջ պես պահի: Նման մարդիկ պետք է առանձնացվեն հասարակության նորմալ անդամներից, որպեսզի չվարակեն նրանց եւս»,- նշում է Նուրրուլլան:
Ադրբեջանցի համասեռամոլներին կյանքի նման պայմաններում միակ աջակցող բարեգործական կազմակերպությունը 2006թ. հիմնված Գենդերային զարգացման եւ բարգավաճման միությունն է, որի ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է Հոլանդիայի կողմից: Կազմակերպության նախագահ Քամրան Ռզաեւի հավաստմամբ` ադրբեջանցի համասեռամոլների ամենամեծ խնդիրները գոյություն ունեն նրանց ընտանիքներում: «Եղել են դեպքեր, երբ իրենց երեխայի ոչ ավանդական սեռական կողմնորոշումը բացահայտած ծնողները պարզապես նրան ծեծել եւ դուրս են շպրտել տանից: Նման դեպքերում մենք այս երիտասարդներին հոգեբանական աջակցություն ենք տրամադրում եւ փորձում խոսել նրանց ծնողների հետ: Որոշ երիտասարդ ծնողներ իրենք են գալիս մեր գրասենյակ, իսկ մեր խնդիրն է՝ պարզապես նրանց բացատրել, որ իրենց երեխաները ո՛չ հանցագործներ են, ո՛չ էլ թմրամոլներ. նրանք սովորական մարդիկ են, մեզ նման աշխատում են, սովորում եւ ունեն իրենց ուրույն հետաքրքրությունները»,- ասում է Ռզաեւը:
Լեսբուհի Նաթավանը կազմակերպության խոհանոցում հավաքված մի քանի երիտասարդների նման գլանակը ձեռքին՝ իր մասին է պատմում: Նրա խոսքերով` ծնողները գիտեին իր ոչ ավանդական կողմնորոշման մասին, սակայն աշխատում էին այդ մասին տանը չխոսել: «Յուրաքանչյուր խոսակցություն լեզվակռվի էր վերածվում: Նրանք սա այլասերում են համարում. հավանաբար կարծում են, թե ես շատ դժբախտ եմ: Կցանկանայի լիարժեք ընտանիք կազմել, ապրել սիրած էակի հետ: Տղամարդիկ ինձ չեն հետաքրքրում, բայց եթե փորձեմ կնոջ հետ ապրել, բոլորը երես կթեքեն ինձանից»,- ասում է Նաթավանը:
Ռզաեւի հավաստմամբ, Բաքվում, այնուամենայնիվ, կան համասեռամոլների մի քանի զույգեր. ոմանք նույնիսկ, արդեն տասնամյակից ավելի է, ինչ միասին են: Կան նաեւ այնպիսիները, որոնք իրենց կապն օրինականացնելու նպատակով մեկնել են արտասահմանյան երկրներ, որտեղ համասեռամոլների ամուսնությունը թույլատրվում է օրենքով: Ինչպես հետագայում պարզվեց, նույն կերպ վարվել են նաեւ այս պատմության հերոսները՝ Արտուշը եւ Զաուրը: Նրանք բաժանվել էին հայ-ադրբեջանական հակամարտություն պատճառով. կողմերն այդպես էլ դեռեւս համաձայնության չեն եկել: Սակայն նույնիսկ սա չխանգարեց, որպեսզի երկարատեւ բաժանումից հետո սիրահարները հանդիպեն Թբիլիսիում` քաղաք, որտեղ հանդիպող հայերն ու ադրբեջանցիները կարող են կրկին ընկերներ լինել: Այստեղ էլ նրանց ամուսնացրեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու` ծագումով հոլանդացի կնոջ ընկերը:
Նիգյար ՄՈՒՍԱԵՎԱ
«Trend» լրատվական գործակալության թղթակից
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի IWPR «Կովկասյան լրատու» պարբերականից