Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, Լինարեսում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ փուլում ոչ-ոքի ավարտելով իր պարտիան չինացի Վան Յուի հետ, 3,5-ական միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ, որն այս փուլում ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Ոչ-ոքի են ավարտվել նաեւ հնդկաստանցի Վիշվանաթան Անանդի եւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի, ինչպես նաեւ կուբացի Լենիեր Դոմինգեսի ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի պարտիաները: Վ.Անանդը 3 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Հայաստանցի մեկ այլ գրոսմայստեր՝ Արման Փաշիկյանը, Մոսկվայում ընթացող Աերոֆլոտի շախմատի միջազգային բաց առաջնության «Ա-1» խմբի մրցաշարում վաստակելով 6 միավոր 8 հնարավորից, 8-րդ փուլից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում է ֆրանսիացի Էթիեա Բաքրոն՝ 5,5 միավոր: Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 5 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը, գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը 4,5 միավորով՝ 29-րդ: Մրցաշարի «Ա-2» խմբի միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը` ԱՄՆ-ից: