2008 թ. աշխարհում ոսկու միագումար պահանջարկը կազմել է 3,66 հազար տոննա՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 4 տոկոսով՝ չնայած ոսկերչական ճյուղում եւ արդյունաբերությունում այս թանկարժեք մետաղի սպառման անկմանը. Այս տվյալները բերված են «ՎՏԲ Կապիտալ» ներդրումային բանկի տեսության մեջ: «Անցյալ շաբաթ Ոսկու համաշխարհային խորհուրդը հրապարակել է չորրորդ եռամսյակում ոսկու շուկայի իր գնահատումները՝ հաստատելով ոսկու ներդրումային պահանջարկի մեծացման ընթացիկ միտումը»,- ասված է հաշվետվությունում:
Ըստ խորհրդի տվյալների՝ չորրորդ եռամսյակում որոշվող ներդրումային պահանջարկն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 182 տոկոսով՝ 141 տոննայից մինչեւ գրեթե 400 տոննա: «Ամբողջությամբ վերցված թանկարժեք մետաղի ներդրումային պահանջարկը 2007 թվականի մակարդակի նկատմամբ աճել է 64 տոկոսով: Ներդրողները ավելիով փոխհատուցել են ոսկերչական ճյուղում ոսկու սպառման ավելի քան 10-տոկոսանոց անկումը եւ արդյունաբերության մեջ մետաղի օգտագործման չափավոր կրճատումը»,- նշված է «ՎՏԲ Կապիտալի» տեսության մեջ: Դրա հետ մեկտեղ՝ ոսկերչական ճյուղը եւ արդյունաբերությունը նախկինի պես ապահովում են ոսկու համաշխարհային սպառման մոտավորապես 70 տոկոսը:
Անցյալ տարի ոսկու առաջարկը գրեթե չի փոխվել՝ նվազելով 1 տոկոսով. ըստ որում, չորրորդ եռամսյակում այն աճել է 5 տոկոսով: «Այս տարի առաջին եռամսյակը նույնպես, հավանաբար, կբնորոշվի ոսկու բարձր ներդրումային պահանջարկով, որի աճի տեմպերն առայժմ գերազանցում են ոսկերչական արդյունաբերության կողմից պահանջարկի նվազման տեմպերը: Սակայն ռիսկերից հեռանալու միտումի թուլացման համեմատ այդ աճը, ամենայն հավանականությամբ, կդանդաղի»,- գտնում են Ներդրումային բանկի փորձագետները: