Ինչպես է կոփվում տեսակետը

25/02/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Թեեւ սպասվում էր, որ «Ակցիզային հարկի մասին» օրենքում կատարվող փոփոխությունների նախագիծն ԱԺ այս քառօրյայի օրակարգ ընդգրկվելու հարցը պետք է որոշվեր պատգամավորների քվեարկությամբ, բայց երեկ պարզ դարձավ, որ այն արդեն ընդգրկվել է:

Հիշեցնենք, որ այս օրենքը փոփոխության ենթարկվեց անցած տարվա դեկտեմբերի 26-ին, իսկ հունվարի 15-ին էլ նախագահ Սերժ Սարգսյանը այն վավերացրեց: Այդ փոփոխության արդյունքում բարձրացվեց ներկրվող ալկոհոլային խմիչքների նկատմամբ կիրառվող ակցիզային հարկը: 1 լիտր օղու համար 380 դրամը դարձավ 760 դրամ, գարեջրի դեպքում` 70 դրամը` 140 դրամ: Դեկտեմբերին ընդունած այս փոփոխությունը պետք է գործեր մարտի

1-ից: Բայց ընդամենը օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու Արմեն Աշոտյանն այս բարձրացումներն իջեցնելու նոր նախագիծ են ներկայացրել ԱԺ քննարկմանը: Այս նոր նախագծի համաձայն՝ արդեն ներմուծվող օղու դեռեւս գործածության մեջ չմտած 760 դրամ ակցիզային հարկը պետք է իջեցվի 600 դրամի, գարեջրի 140 դրամը` 105 դրամի: Եվ, ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարում, ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովն անցած ուրբաթ այս օրինագիծը քառօրյայի քննարկմանը ներկայացնելուն դեմ էր արտահայտվել: Սակայն երեկ անսպասելիորեն պարզվեց, որ օրինագիծն ընդգրկվել է քառօրյայի օրակարգ նույն հանձնաժողովի դրական եզրակացությամբ:

«Ի՞նչն է փոխվել»,- հարցրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Հանձնաժողովի տեսակետն է փոխվել»,- պատասխանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Տեղեկացնենք, որ ուրբաթ օրը, երբ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովն այս հարցը քննարկել եւ մերժել էր, նիստին ներկա չի եղել հանձնաժողովի նախագահ հանրապետական Վարդան Այվազյանը: Նա հանրապետությունից բացակայում էր: Փոխարենը՝ քննարկումը տեղի է ունեցել նրա տեղակալ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի ղեկավարությամբ: «Հաստատ դեմ եմ քվեարկելու այս օրինագծին: Ես չեմ կարող այն փաստաթղթին, որի վերաբերյալ արտահայտվել եմ դրական, հիմա հակառակը խոսել»,- անցած շաբաթ մեր թերթին ասել էր պարոն Բոստանջյանը: Երեկ առավոտյան նույն հարցով արդեն Վ.Այվազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի երկրորդ նիստ, որի ժամանակ էլ որոշվել է դրական եզրակացություն տալ օրինագծին: Իսկ այս նիստին ներկա չի եղել արդեն Վ.Բոստանջյանը: Վերջինս երեկ ԱԺ նիստերին ու նաեւ՝ «Ակցիզային հարկի մասին» օրենքում առաջարկվող նոր փոփոխությունների քննարկմանը չէր մասնակցում եւ չէր պատասխանում հեռախոսազանգերին: Պարզվեց նաեւ, որ կարծիքը կտրուկ փոխել եւ կողմ է արտահայտվել հանձնաժողովի ՕԵԿ-ական թեւը: Իսկ երեկվա նիստին դեմ են արտահայտվել ՀՅԴ-ից Արա Նռանյանը եւ «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, ովքեր նախորդ նախագծի հեղինակներն էին: Բոլոր դեպքերում ի՞նչ տեղի ունեցավ շաբաթ-կիրակի օրերին, որ հանձնաժողովն իր տեսակետը կտրուկ փոխեց:

«Տեխնիկական խնդիր էր, առաջարկվել է բացասական եզրակացություն տալ, որովհետեւ նախագիծը թերի էր: Հեղինակները նախորդ օրենքում եղած մի քանի կետերի` օրինակ, էթիլային սպիրտի մասին չէին գրել»,- պատասխանեց Վարդան Այվազյանը:

Դեմ քվեարկողները, սակայն, այդ կարծիքին չէին, եւ նրանք իրենց դիրքորոշումը պայմանավորում էին իրենց կուսակցությունների դիրքորոշումով: Եվ պարզ է, որ հանգստյան օրերին Տնտեսական հանձնաժողովի շատ անդամներ «ինստրուկտաժի» են ենթարկվել: Բոլոր դեպքերում տարօրինակ նախադեպ էր, որ փոփոխության ենթարկվեց նոր ընդունված, նախագահի կողմից վավերացված եւ դեռեւս գործածության մեջ չմտած օրենքը: Իսկ ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշվեց նման փոփոխության գնալ: Վ.Այվազյան ներկրվող ալկոհոլային խմիչքի տարեվերջյան բարձրացված ակցիզային դրույքաչափը 2 ամիս հետո իջեցնելու քայլը պայմանավորեց հիմնականում տեղական արտադրողին խրախուսելու եւ Կառավարության կողմից բոլորովին վերջերս մաքսատուրքի բարձրացման առաջարկով: Ի դեպ, այս առաջարկությունն էլ ԱԺ-ում կքննարկվի այս քառօրյային: «Քանի որ բարձրանում է մաքսատուրքը, ուստի առաջ է գալիս խիստ էական տարբերություն ներմուծման եւ արտահանման գների վրա, ինչը առաջ էր բերելու միջազգային կազմակերպությունների լուրջ քննադատությունը: Որպեսզի տարբերությունը մեծ չլինի, մենք որոշեցինք կարեկտիրովկա մտցնել: Միջազգային կառույցներից մենք նաեւ ակնկալում ենք ֆինանսական աջակցություն: Եթե ակցիզային հարկը մնա նույնը, միջազգային կառույցների հետ կարող է լուրջ խնդիր ունենանք, դրա համար մենք փորձեցինք 10-15 տոկոսի սահմաններում իջեցում կատարել»,- ասում է Վ.Այվազյանը եւ ավելացնում, թե դեկտեմբերին երբ ակցիզային հարկը բարձրացվում էր, մաքսատուրքի բարձրացման մասին խոսք չէր գնում:

Ակցիզային հարկի նոր դրույքաչափի իջեցմանը դեմ են, սակայն, դաշնակցականները: Արծվիկ Մինասյանի ասելով, թեեւ ալկոհոլային խմիչքներն ընդգրկված են այն ապրանքների ցանկում, որոնց մաքսատուրքը պետք է բարձրացվի, բայց միեւնույն է, դրանց մաքսատուրքը չի բարձրացվելու: «Մաքսային օրենսգրքի

102-րդ հոդվածի 4-րդ մասում նշված են 22 ապրանքատեսակներ, այդ թվում՝ եւ՛ ալկոհոլային, եւ՛ ոչ ալկոհոլային խմիչքները, որոնց համար առանձին` «յուրահատուկ» դրույքաչափ է սահմանված: Ըստ օրենքի՝ «յուրահատուկ» դրույքաչափը տարբերվում է ստանդարտից, որովհետեւ այն ոչ թե տոկոսներով է որոշվում, այլ յուրաքանչյուր ապրանքի մասով առանձին թիվ է գրվում: Եվ դա նոր ներկայացված մաքսատուրքի փոփոխությանը չի ենթարկվում` Մաքսային օրենսգրքի փոփոխությունը չի բերելու ներկրվող ոգելից խմիչքների մաքսատուրքի բարձրացմանը: Եթե մաքսայինի «յուրահատուկ» դրույքաչափերում փոփոխություն անեին, ապա օղու համար կգանձվեր նաեւ մաքսատուրք եւ կլիներ 570 դրամ` 190 դրամով կբարձրանար, ու ավելին կլիներ, քան նույնիսկ դեկտեմբերի փոփոխությունը: Բայց քանի որ այս «յուրահատուկ» դրույքաչափում փոփոխություն չի նախատեսվում, օղու ակցիզային հարկը մնում է 600 դրամ»,- ասում է Ա.Մինասյանը:

Բոլոր դեպքերում, «Ակցիզային հարկի մասին» օրենքում առաջարկված այս փոփոխությունն ԱԺ-ում ստեղծել է մի հետաքրքիր, բայց ոչ անսովոր իրավիճակ: Սա այն դեպքերից է, երբ հերթական անգամ ապացուցվում է, որ պատգամավորները` ԱԺ-ն, իշխանության մյուս մասի` կառավարության ու նախագահի որոշումների դակողներն են: Հակառակ դեպքում նրանց չէին ստիպի փոխել «դիրքորոշումը» եւ դեմ արտահայտվել այն բանին, որին ընդամենը 2 ամիս առաջ կողմ են քվեարկել: Իսկ «դիրքորոշման» փոփոխությունն ավելի շատ յուրահատուկ է ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցություններին: Եթե ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը կարող է հիվանդանալ եւ չմասնակցել քննարկումներին, իսկ ՀՅԴ-ն նախ` քննադատել, հետո` կողմ քվեարկել, ապա կոալիցիայի մյուս երկու խմբակցություններին այս ճոխությունը չի թույլատրվում: Իսկ օրինագիծը կքննարկվի եւ առաջին ու երկրորդ ընթերցմամբ կընդունվի հավանաբար այսօր եւ վաղը, որպեսզի ապրիլին արդեն մտնի ուժի մեջ: