Ժամանակ են շահում

25/02/2009

Այսօր լրանում է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության` նախորդ անգամ սահմանված ժամկետը: Սակայն երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Սուքիաս Ավետիսյանը եւ Գագիկ Աբրահամյանը ԱԺ-ին խնդրեցին հանձնաժողովի աշխատանքները երկարացնել եւս մեկ անգամ` արդեն` 6,5 ամսով` մինչեւ սեպտեմբերի 15-ը: Հանձնաժողովն անցած 8 ամիսներին որոշ չափով կատարել է իր պարտականությունների միայն առաջին կետը` մահվան հանգամանքների բացահայտումը հիմնականում թողնելով նախաքննական մարմնին եւ նոյեմբերին ստեղծված փաստահավաք խմբին: Եթե այս 2 մարմիններն աշխատեն եւս 1 տարի եւ չպարզեն կամ չուզենան պարզել, թե մարտի 1-ի 10 զոհերը ի՞նչ հանգամանքներում են սպանվել, ապա հանձնաժողովն, ամենայն հավանականությամբ, այդ խնդիրը փակված կհամարի նաեւ իր համար: Համենայնդեպս, ակնհայտ է, որ հանձնաժողովի անդամներն ու նախագահ Սամվել Նիկոյանը չեն ուզում այդ հարցի հետ կապված պատասխանատվությունն իրենց վրա վերցնել: «Ի վերջո, ի՞նչ պարզեցիք «Չերյոմուխա 7» փամփուշտի զենքի կիրառման մասին, որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հանձնաժողովին»,- երեկ հարց ուղղեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը` ավելացնելով, որ «հանձնաժողովը մինչ օրս չի լսել նաեւ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանին եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: «Մեզ թվում էր, որ մենք շատ մոտ էինք մի բան ճշտելուն, որովհետեւ կան մարդիկ, ովքեր օգտագործել են «Չերյոմուխա 7»-ը, կան զենքեր, որոնցից կրակվել են, կան այն կապսուլաները, որոնք հանդիսացել են մահվան պատճառ: Մնում էր նույնականացնել, որ հրացանից են դուրս եկել: Ցավոք սրտի, փորձաքննությունն ասաց, որ հնարավոր չէ նույնականացնել»,- պատասխանեց Ս.Նիկոյանը` շրջանցելով ներկա եւ առաջին նախագահներին լսելու հարցը: Հանձնաժողովի աշխատանքը երկարացնելու առաջարկը ԱԺ-ում քվեարկության կդրվի հավանաբար այսօր: