«Միկա ցեմենտ» գործարանն այս տարի աշխատատեղերի կրճատումներ չի նախատեսում: Մարտի 5-ից այն կվերսկսի ցեմենտի արտադրությունը: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է «Միկա ցեմենտի» գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը: Ըստ նրա, գործարանն այսօր էլ աշխատում է, սակայն ցեմենտ չի արտադրում. աշխատանքներն ընթանում են միայն 2008-ին կուտակված պաշարների վաճառքի ուղղությամբ:
Ձմեռային շրջանում` դեկտեմբերին, ամեն տարի դադարեցվում է գործարանում արտադրությունը, ինչը վերականգնվում է գարնանը: Նույնիսկ որոշ տարիների արտադրությունը վերսկսվել է մայիսից. դա կախված է շուկայում ցեմենտի պահանջարկից: Թե որքան են լինելու գործարանի այս տարվա արտադրության ծավալները, ըստ Ն. Մարտիրոսյանի, դեռ վաղ է ասել. դա պարզ կդառնա մարտի կեսից, ինչը եւս կապված է շուկայում առկա պահանջարկի հետ: «Միկա ցեմենտն» այսօր ունի շուրջ 800 աշխատակից:
Շուկայում գործարանի արտադրած ցեմենտի տարեկան միջին պահանջարկը 250-300 հազար տոննա է: Այս տարի, սակայն, հնարավոր է արտադրական ծավալների որոշակի անկում` պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքներով: Գործարանի արտադրած ցեմենտի շուրջ 30 տոկոսն արտահանվում է հիմնականում Վրաստան, Իրան եւ Ռուսաստան:
Ն. Մարտիրոսյանի գնահատմամբ` արտահանման ծավալներն այս տարի դեպի Ռուսաստան եւ Վրաստան նույնպես կնվազեն երկաթուղու սակագների բարձրացման հետ կապված: Դա շուրջ 19 դոլարով ավելացրել է ցեմենտի գինն այդ երկրների շուկաներում, ինչի արդյունքում հնարավոր է՝ հայկական արտադրանքը գնային տեսանկյունից կորցնի իր մրցունակությունն այլ երկրներից ներկրվող ցեմենտի հանդեպ: Ներկայումս հայաստանյան շուկայում ցեմենտի գնի բարձրացում չկա, սակայն, ըստ Ն. Մարտիրոսյանի, ապրիլի 1-ից, կապված Հայաստանում էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի թանկացման հետ, հնարավոր է՝ բարձրանա: Ինչ վերաբերում է գործարանի վաճառքի վերաբերյալ խոսակցություններին, ապա, Ն. Մարտիրոսյանի խոսքով, դրանք դեռ ընթացքի մեջ են:
«Այդ մասին որոշ բանակցություններ եղել են նախորդ տարի, սակայն դրանք ավարտին չեն հասցվել, եւ կոնկրետ արդյունքներ չկան»,- ասել է նա: