«Հաճախ չի պատահում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ հայտարարեն, որ հակամարտության կողմերից մեկի գործողությունները խոչընդոտում, խանգարում են խաղաղ գործընթացին: Այն, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, դրա մասին ասվել է թե՛ Մոսկովյան հռչակագրում, թե՛ Հելսինկիում եռանախագահող երկրների ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ 56 երկրների արտգործնախարարների կողմից արված երկու հայտարարություններում, որտեղ ընդգծվում է, որ խաղաղ, քաղաքական բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանն այլընտրանք չկա»,- երեկ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով համանախագահների` փետրվարի 19-ին տարածած հայտարարությանը, որում նշվում էր, որ չնայած ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի խնդրանքով 2008 թվականի դեկտեմբերի 24-ին եւ 29-ին շրջանառության մեջ դրված երկու զեկույցներին` ԵԱՀԿ Մինսկի խումբը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը ռազմական լուծում չունի: «Երբ 56 երկիր մի բան է ասում, համանախագահները՝ եւս նույնը, իսկ Ադրբեջանը` մեկ այլ, ապա Ադրբեջանը պետք է մտածի՝ ինչ կերպ բացատրի այդ երկրներին, թե որն է իր ապակառուցողական քաղաքականության պատճառը»,- ասել է Է.Նալբանդյանը: «Համանախագահներն ընդգծում են, որ հակամարտության արդար եւ հարատեւ կարգավորման առանցքային տարրը ուժի գործադրման բացառումն է»,- ասված էր հայտարարության մեջ: