Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրությունների շուրջ կոալիցիայում արդեն լուրջ խմորումներ են սկսվել: Սակայն ավելի լուրջ է իրավիճակը կոալիցիայի անդամ ՀՀԿ-ում, որտեղ էլ տեղի է ունենում հնարավոր թեկնածուի շուրջ «առեւտուրը»:
Չնայած ՀՀԿ-ական որոշ շրջանակների հավաստումներին, թե քաղաքապետի իրենց թեկնածուն արդեն որոշված է, եւ նա Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանն է` դա ամենեւին էլ այդպես չէ: Հակառակը` Գ. Բեգլարյանի անունը, որպես քաղաքապետի թեկնածու՝ արդեն տեւական ժամանակ է` դադարել է արդիական լինել: Մեր տեղեկություններով, նրա թեկնածությանը դեմ է ոչ միայն իշխանության վերնախավը, այլեւ` Կենտրոն համայնքի գործարար շերտը եւ համայնքապետերից շատ-շատերը: Ասում են, որ վերջիններս նույնիսկ պատրաստ են եղել ի նշան բողոքի՝ բաց նամակ հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն հրաժարվել են այդ գաղափարից, քանի որ հասկացել են, որ իրականում Գ. Բեգլարյանի անունը որպես հավանական թեկնածու՝ շրջանառության մեջ են դրել հենց նրա թիմակիցները, եւ, որ ոչ ոք նրան քաղաքապետ դարձնել չի ցանկանում: Որոշակի շրջանակներում որպես քաղաքապետի միասնական թեկնածու` գործող քաղաքապետ Ե. Զախարյան կամ Գ. Բեգլարյան` հարցը քննարկելն անհեթեթ են համարում` նշելով Երեւանում վերջին տարիների քաղաքաշինական մեծ ծրագրերը, որի տակից քչերը կարող էին դուրս գալ: ՀՀԿ-ում այսօր ավելի հակված են Երվանդ Զախարյանի եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի թեկնածություններին: Այսօր, ըստ ՀՀԿ-ականների` հենց նրանց անունների շուրջ է տեղի ունենում իշխանական վերնախավի վերջնական ընտրությունը: Ավելին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը օրերս ՀՀԿ-ում երկարատեւ քննարկումներ են անցկացրել` հնարավոր թեկնածուների շուրջ քաղաքական տարբեր գործիչների տեսակետները քննարկելով: Կոալիցիոն տարբեր կուսակցությունների ղեկավարներ եւ առանձին քաղաքական գործիչներ իրենց մտավախությունն են հայտնել Գ. Բեգլարյանի թեկնածության շուրջ` հիշեցնելով Կենտրոն համայնքի ղեկավարի 2008թ. դժվարին ընտրությունները:
Այն, որ կոալիցիոն ուժերն այս ընտրություններին մասնակցելու են առանձին ցուցակներով` դա միանշանակ է, քանի որ, բացի ՀՀԿ-ից, մյուսներն այս ընտրություններում պայքարելու են ոչ թե քաղաքապետի, այլ համայնքապետերի համար, որոնք այդ ընտրություններից հետո դառնալու են նշանակովի եւ ունենալու են լիազոր ներկայացուցչի կարգավիճակ: Իսկ թե որ կուսակցությանը քանի լիազոր ներկայացուցչի տեղ կհատկացվի` պարզ կդառնա հենց այդ ընտրություններում նրանց ստացած ձայներից: Չնայած դրան, ասում են, որ եթե Ե. Զախարյանի թեկնածությունը հաստատվի ՀՀԿ-ում, ապա նրան կպաշտպանի նաեւ ՀՅԴ-ն: Նույնիսկ խոսակցություններ կան, որ Ե. Զախարյանի թեկնածության օգտին նախագահական է զանգահարել նաեւ անձամբ Յուրի Լուժկովը: Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ` Լուժկովին մերժել են, բայցեւ ասել են, որ Ե. Զախարյանն անպայման որեւէ պաշտոն ստանձնելու է:
Հավաստի աղբյուրներից երեկ հայտնի դարձավ, որ իշխանություններն արդեն նեղ շրջանակում որոշել են, որ Երեւանի քաղաքապետի կոալիցիոն թեկնածուն պետք է լինի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, ով իր գործունեությամբ ընկալելի է հասարակության լայն շերտերի համար եւ դրական իմիջ ունի նաեւ ընդդիմադիր ընտրազանգվածի մոտ: Շատ կարեւոր է նաեւ այն, որ Կ. Կարապետյանը ներքաղաքական որեւէ ինտրիգի մեջ չի ներքաշվել: Եվ չնեղացնելու համար իրենց ռուս գործընկերոջը, մեր աղբյուրների հավաստմամբ` իշխանությունների կողմից այժմ քննարկվում է Ե. Զախարյանին Ռուսաստանում ՀՀ դեսպան, կամ այլ պաշտոնում նշանակելու տարբերակները:
Ի դեպ, դեռեւս անցյալ տարի քննարկվում էր, որ առաջիկայում ՀՀ-ում ռուսական կապիտալով ընկերությունները կմիավորվեն մեկ հոլդինգի կամ կոնսորցիումի մեջ (այդ թվում` «ՀայՌուսգազարդը»), որը կղեկավարի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: