Մեկ տարի՝ մարտահրավերների առջեւ

22/02/2009

Մամուլում բազմաթիվ մեկնաբանություններ են հնչում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածի մասին: Բոլորը կհամաձայնեն, որ նրան արտաքին ու ներքին մարտահրավերներով լի ժամանակաշրջան է բաժին ընկել։ Այս իմաստով, կփորձեմ այլ հայացքով դիտարկել նրա գործողությունները:

Կարծում եմ` ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի պաշտոնավարման անցնող 1 տարվա (օրացուցային առումով այն կլրանա ապրիլի 9-ին) ընթացքում արտաքին-քաղաքական ճակատում նրա արձանագրած «+»-ները մի քանի անգամ գերազանցում են «-»-ներին։ Ասվածը հիմնավորելու համար բավարար է նույնիսկ թվարկել. ա) շուրջ երկու տասնյակ պաշտոնական եւ աշխատանքային այցեր ու պայմանավորվածություններ, այդ թվում՝ տարածաշրջանում դերակատար ու ՀՀ-ի համար կարեւոր գործընկեր պետությունների ղեկավարների հետ, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանն ու Ֆրանսիան են, բ) Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հռչակագրի ստորագրում, որը ռազմատենչ հռետորության սիրահար ադրբեջանական կողմին հստակ պարտավորեցնում է բացառապես խաղաղ, քաղաքական կարգավորման, միաժամանակ՝ հայկական կողմը չի զիջում արդար ու փոխընդունելի հանգուցալուծման հասնելու սեփական դիրքերը, հաջորդող ուղիղ հանդիպումներ եւ բանակցություններ Ալիեւի հետ, գ) փաստացի՝ հայ-թուրքական հարաբերություններ սկսելու ինքնատիպ ու միջազգայնորեն բարձր գնահատված նախաձեռնություն, որ ինքնին առանձին ու բազմակողմանի վերլուծության նյութ է, դ) հանգուցային ելույթներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, անվտանգության քաղաքականության հարցերով Մյունհենի համաժողովում, ե) վրաց-օսական հակամարտության օգոստոսյան պայթյունի ու դրան հաջորդած իրադարձությունների պայմաններում հնարավոր խոշոր վտանգներից ու քաղաքական ծուղակներից առավելագույնս անկորուստ խուսանավում, զ) եվրոկառույցների կողմից ՀՀ-ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման հավանականության աստիճանական նվազեցում։

Ս. Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության առանձին դրվագներ դիտարկելիս պետք է պարտադիր նկատի առնել նաեւ ներքաղաքական փաստացի իրավիճակն ու ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կեցվածքով պայմանավորված անհանդուրժողական մթնոլորտը։ Արձանագրենք նաեւ, որ արտաքին ճակատում երկրի քաղաքական զարգացումները շարունակում են մնալ մարտի 1-ի ողբերգության, հետմարտիմեկյան իրողությունների ազդեցության տակ։

Այսպես. Եվրաինտեգրման կուրս վերցրած, սահմանադրորեն ժողովրդավարության արեւմտյան արժեքներն ամրագրած, շուտով արդեն մեկ տասնամյակ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ դարձած ՀՀ-ի համար 2008թ. նախագահական ընտրությունները լուրջ ու ծանր փորձություն դարձան, եթե ոչ՝ փորձաքար։ Ընտրություններից առաջ եւ հետո քաղաքական անհանդուրժողականության սերմանումն ու ներքին առճակատման հրահրումը, տվյալ ժամանակահատվածի փաստացի իշխանության կողմից նախ՝ համարժեք կանխարգելիչ քայլերի ուշացումը, ապա՝ հանդիպակաց կոշտ, լիարժեք չհաշվարկված հակադարձումը հանգեցրեցին անխուսափելի բախման։ Դրա արյունալի, ողբերգական հետեւանքների հաղթահարումը վերածվեց նաեւ արտաքին հավելյալ մարտահրավերի։ ՀՀ վերաբերյալ նույն ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը մեկը մյուսի ետեւից ընդունեց սաստող բանաձեւեր, բանը հասավ ՀՀ-ին կես տարով ԵԽ ԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու նախագիծ ներկայացնելուն։ Սակայն Ս. Սարգսյանն, այնուամենայնիվ, կարողացավ ձեռնարկել որոշակի քայլեր՝ փաստահավաք խմբի ստեղծում, մարտի 1-ի դեպքերի մի քանի տասնյակ ակտիվ մասնակիցների ներում, Քրեական օրենսգրքի խնդրահարույց հոդվածների փոփոխության քաղաքական կամքի դրսեւորում։ Դրանք, գումարվելով նաեւ վրաց-օսական զինաբախմամբ, ռուս-ուկրաինական «գազահարմամբ» եւ այլ հանգամանքներով պայմանավորված տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական նոր իրողություններին, թույլ տվեցին միառժամանակ առկախել ՀՀ-ի «եվրոիզգոյացման» վտանգը, դրանից բխող մռայլ հետեւանքներով։

Այս ուղղության վրա այժմ էլ առկա վտանգներն, ի դեպ, կարելի է շատ ավելի արագ եւ արդյունավետ չեզոքացնել։ Հնարավոր է, եթե արդեն հաջորդող ժամանակահատվածում արվեն մարտի 1-ի հետեւանքների վերացման ու երկրում դեմոկրատիկ զարգացումների բնականոն ընթացքի վերականգնման մասին վկայող գործնական քայլեր։ Այնպիսի քայլեր, որոնք անհնար լինի չնկատել ոչ միայն Ստրասբուրգից, այլեւ ընդդիմության ղեկավարին ստիպելով վերանայել իր բարիկադային մոտեցումները։ Ըստ որում, Երեւանի քաղաքապետի մոտակա ընտրությունները կարծես հարմար առիթ են՝ ակնարկված քայլերից մի քանիսը կատարելու համար։

Սահմանափակ ժամանակահատվածում եւ լրջագույն արտաքին ու ներքին մարտահրավերների պայմաններում Ս. Սարգսյանը կարողացավ այնպիսի առաջընթաց արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում, որ կարելի է բնորոշել որպես ճեղքում՝ նախորդող ավելի քան մեկուկես տասնամյակում գրանցված դիպվածային դրսեւորումների համեմատ։ Ամենակարեւորն այս պարագայում այն է, որ ՀՀ երրորդ նախագահը հանդես եկավ այնպիսի նախաձեռնությամբ, որը թուրքական կողմին զրկեց խուսանավելու հնարավորությունից, ստիպելով ընդունել հայկական կողմի առաջադրած օրակարգը։

Ճիշտ է, նախաձեռնության մեկնարկն այնքան էլ հարթ չստացվեց։ Բազմաթիվ շահարկումների առարկա դարձավ Ս. Սարգսյանի հնչեցրած արտահայտությունը, թե` «Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց»։ Ու իսկապես, շահարկումների ալիք բարձրացավ՝ «Ցեղասպանությունը կասկածի տակ է դրվում» թեմայով, դառնալով «Ղարաբաղը ծախում են» հիստերիկ կոչերի «երկրորդ ձայնը»։ Սակայն դրան հաջորդող զարգացումները ցույց տվեցին, որ նախ՝ ՀՀ նախագահն ամենեւին էլ կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա կցանկանային նրա ընդդիմախոսները, երկրորդ՝ աստիճանաբար հայ-թուրքական շփումները զարգացան այնպիսի հունով, որ փաստացի բացառվեց Արցախի կարգավորման հարցում միջնորդական դերակատարություն ստանձնելու թուրքական մղումը։ Ամենեւին պատահական չեն պաշտոնական Բաքվի անհանգիստ մարմնաշարժումները՝ Անկարայի ուղղությամբ, իրենց «ավագ եղբոր» հասցեին ժամանակ առ ժամանակ հնչեցվող ամենեւին էլ ոչ «եղբայրական» գնահատականները։ Ավելին, եթե դա միայն հրապարակավ արտահայտված դրսեւորումներն են, ապա պատկերացնել կարելի է, թե ինչպիսին է իրական հոգեվիճակն ու բառապաշարը Բաքու-Անկարա շփումներում։

Կարծում եմ` այս հարթության վրա, Ս. Սարգսյանի բանակցային դիրքորոշումների ու քայլերի հետեւողական ընթացքը, զուգահեռված տարածաշրջանով հետաքրքրված «խոշոր խաղացողների» ազդեցությամբ, ի վերջո, միտված է հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը բերել բնական ու տրամաբանական ուղեծիր։ Այն է՝ հարաբերությունների հաստատում՝ առանց նախապայմանների ու երրորդ երկրների հետ հարաբերություններով պայմանավորված պահանջների առաջադրման, առանց պատմական իրողությունների «ռեւիզիայի», ու թշնամական գործողությունների՝ թուրքական կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման նախընթաց վերացում։

Վրաց-օսական, ապա՝ ռուս-վրացական բախման ժամանակ (Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախության ճանաչմամբ) ՌԴ ռազմավարական գործընկեր, միաժամանակ Արցախի խնդիրն ունեցող Հայաստանը այդ ընթացքում իսկապես կանգնեց լուրջ երկընտրանքի առջեւ. սատարել Մոսկվային ու խնդիրներ ունենալ նաեւ հյուսիսային հարեւանի հե՞տ, թե՞ ռազմավարական գործընկերոջը պարզորոշ բացատրել՝ ինչո՞ւ է անհնար այդ նախաձեռնությանն աջակցելը։ ՀՀ ղեկավարությունը տվյալ իրավիճակում գտավ թերեւս ամենաճշգրիտ լուծումը, որ սեպտեմբերի 3-ին իր ելույթում ձեւակերպեց ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը. «Այսօր մերթընդմերթ հնչում է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Պատասխանը հստակ է` այն նույն պատճառով, որով ժամանակին չճանաչեց Կոսովոն: Ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` ՀՀ-ն չի կարող ճանաչել նույնանման իրավիճակում գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վստահ եմ, որ անջատման միջոցով ինքնորոշման իրավունքի իրագործումը ժամանակ պահանջող գործընթաց է, որի արդյունքում այդ ինքնորոշման մտքին պետք է հարմարվեն բոլոր շահագրգիռ կողմերը, ինչպես դա եղավ ԽՍՀՄ փլուզման կամ Չեխոսլովակիայի դեպքում: Հենց դրա շուրջ են մեր բանակցություններն Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի հարցում: Մեր գերագույն նպատակն է՝ խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով համոզել ադրբեջանական կողմին, որ ԼՂ ինքնորոշման ճանաչումը, ինքնորոշման իրավունքի ճանաչումը անխուսափելի է»։

Կարծում եմ` ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի վարած արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական «բացը» մնում է նույնը՝ ՀՀ քաղաքացիներին ու հայությանը հստակ ու համոզիչ բացատրել ոչ միայն այն, թե՝ ինչ է արվում, այլեւ՝ ինչու է դա արվում, եւ հատկապես՝ ի՞նչ է տալիս մեզ՝ որպես ժողովուրդ, ազգ, պետություն։ Այնուհետեւ ստանալ նույն այդ ժողովրդի աջակցությունը՝ առնվազն համազգային շահերին վերաբերող հարցերում։ Իսկ դա հնարավոր է անել, եթե շեշտը դրվի Ս. Սարգսյանի ուժեղ կողմի, այսինքն՝ գործողությունների, այլ ոչ թե՝ խոսքերի վրա։

Նիկողոս ԱՂԱԲԵԿՅԱՆ