Սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, Միջազգային կարգի մրցավար, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, Երեւանի Պատվավոր քաղաքացի, Ա. Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի տնօրեն, «Աշխատանքային կարմիր դրոշ», «Փառքի նշան», «Մովսես Խորենացի» շքանշանների ասպետ, ՀԱՕԿ-ի պատվավոր նախագահ, Մարմնամարզության հանրապետական ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի եռակի ոսկե դափնեկիր. այս բոլորի կրողը Ալբերտ Ազարյանն է: Նա մրցույթների է մասնակցել աշխարհի 39 երկրներում, օլիմպիական խաղերում, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճել է 49 ոսկե, 41 արծաթե եւ 10 բրոնզե մեդալներ, իսկ Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքում ճանաչվել է 20-րդ դարի լավագույն մարզիկը: Ի դեպ, Ճապոնիայում ստեղծվել է մարմնամարզիկ-ռոբոտ, որն անվանակոչել են՝ Ազարյան: Փետրվարի 17-ին Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում ՀԱՕԿ նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ նշվեց Ալբերտ Ազարյանի 80-ամյա հոբելյանը: «Մենք բոլորս հպարտ ենք, որ ունենք Ալբերտ Ազարյանի նման անգերազանցելի վարպետ, որը մեր հայրենակիցն է։ Եվ մեզանից յուրաքանչյուրը պիտի կարողանա գնահատել եւ մեծարել մեր ազգի մեծերին, ովքեր իրենց ուրույն ձեռագիրն են թողել հայ ժողովրդի պատմության մեջ։ Նա իր նվիրումով, իր աշխատանքով այդ ամենն իրականացրել է, եւ հիմա եկել է գնահատանքի պահը։ Ու մենք պետք է արժանավայել գնահատենք մեր մեծերին։ Այսօր ոչ մեկին որեւէ բանով զարմացնել հնարավոր չէ. միայն հարգանքով, ուշադրությամբ եւ հոգատար վերաբերմունքով։ Առավել եւս այն մարդկանց հանդեպ, ովքեր` ամեն մեկն իր ոլորտում, մեր պատմության մի մասնիկն են կերտել։ Պետք է մեր երիտասարդներին սովորեցնենք, դաստիարակենք այն ոգով, որ նրանք կարողանան գնահատել մեր մեծերի վաստակը, սովորեն նրանցից եւ փորձեն գերազանցել իրենց նախորդների արդյունքները»,- գնահատականի իր խոսքում ասել էր Գ. Ծառուկյանը` Ա. Ազարյանին շնորհելով նաեւ ՀԱՕԿ-ի բարձրագույն՝ «Տրդատ Մեծ» մեդալը, եւ «Ջիփ» ավտոմեքենա։
– Պրն Ազարյան, մարզիկի համար աշխատասիրությունն ու ընդունակությունները հերի՞ք են, թե բախտը եւս կարեւոր նախապայման է:
– Բախտը միայն խոսակցություններ են: Կարեւոր է քրտնաջան աշխատանքը, ամեն մեկը պետք է ունենա նպատակ եւ ամեն ինչ անի իր նպատակին հասնելու համար, պետք է չարչարվի: Ես կարճ ժամանակամիջոցում եմ հասել իմ նպատակներին, իմ ֆիզիկական ուժի շնորհիվ, եւ դրա հետ միասին՝ նաեւ տեխնիկան, որն ինձ փոխանցել է իմ մարզիչը` Սիմոն Ղարագյոզյանը: Ես մշտապես շրջապատված եմ եղել այնպիսի մարդկանցով, ովքեր ինձ միշտ աջակցել են, օրինակ՝ Հրանտ Շահինյանը: Կարեւոր են եւ ֆիզիկական պատրաստվածությունը, եւ աշխատասիրությունը, եւ ամենակարեւորը` նվիրվածությունը հայրենիքին:
– Ի՞նչ հաջողություններ ունի Ձեր դպրոցը:
– Դպրոցը ժամանակին տվել է օլիմպիական չեմպիոն` 1980թ., երբ որդիս դարձավ չեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոններ ենք տվել, եռակի չեմպիոն Արթուր Հակոբյանը: Սովետական Միության Սպարտակիադայի չեմպիոն ենք ունեցել: ՀՀ անկախացումից հետո մի քիչ դժվարացավ, քանի որ սպորտաձեւերը քչացան: Երկու մարզադպրոց ունենք հիմա Երեւանում` Հրանտ Շահինյանի անվան եւ մեր դպրոցը, որոնք դարձյալ քիչ են սպորտի զարգացման համար: Աշխարհի գավաթի չեմպիոններ ենք տվել նաեւ անկախացումից հետո, Հարություն Մերտինյանը եւ Վահագն Ստեփանյանը: Այսօր ունենք տաղանդավոր երեխաներ: Եթե այն ժամանակ մենք 10 գնահատականով էինք միջազգային մրցումներին մասնակցում, հիմա առնվազն 17 է պետք հավաքել: Բարդացրել են: Մեր դպրոց շատ երեխաներ են հաճախում: Խնդիրն այն է, թե նրանցից քանի՞սը կդառնան մարմնամարզիկներ:
– Ի՞նչ էր արվում ԽՍՀՄ տարիներին սպորտը զարգացնելու համար, եւ հիմա ի՞նչ չի արվում:
– Մարմնամարզությունը պետք է դարձնել ավելի մասսայական, ինչպես, ասենք, Սովետական տարիներին էր: 1964-ից մինչեւ հիմա ես եմ դպրոցը ղեկավարում, եւ այն ժամանակ դպրոցը Մոսկվայից ստանում էր անհրաժեշտ բոլոր գործիքները, բացի այդ՝ մեր հանրապետության առաջնությանը մասնակցում էին նաեւ մյուս քաղաքները եւս` Գյումրի, Վանաձոր, եւ շրջաններից ընտրում էինք լավագույններին: Սովետական հանրակրթական դպրոցները եւս ունեին մարմնամարզության համար անհրաժեշտ գործիքներ, իսկ հիմա դրանցից ոչ մի բան չի մնացել: Բոլոր ծնողներին մշտապես բացատրում եմ, որ 5 տարեկանից սկսած՝ ցանկացած երեխա պետք է զբաղվի մարմնամարզությամբ: Մարմնամարզությունը բոլոր սպորտաձեւերի հիմքն է: Այն զարգացնում է մկանները, տեխնիկան, ֆիզիկական ուժ է տալիս երեխային: Այսօր արեւելյան սպորտաձեւերին եւ պարերին ավելի շատ են ուշադրություն դարձնում, քան մարմնամարզությանը, որը բոլորին է անհրաժեշտ: Ուղղակի մեր դպրոցը պետք է որակավորում ստանա, որ կարողանա մասնակցել օլիմպիական խաղերին: Այսօր մեր նպատակն է` 2012թ. խաղերին մասնակից ունենալ:
– Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:
– Մենք հիմա շատ գրագետ եւ պատրաստված երիտասարդություն ունենք, բայց անհրաժեշտ է հարգանք մեծի նկատմամբ: Պետք է մտածել մեր քաղաքի մաքրության մասին, մեր երիտասարդությունը դեռ դրան չի հասել: Ժամանակն է գիտակցել, որ միայն կրթությունը բավական չէ, հեռուստատեսությամբ տեսած վատ բաները եւս վերցնել պետք չէ: Այնքան պատրաստված են մեր երիտասարդները, որ նույնիսկ 5 տարեկան երեխաներ են գալիս մեզ մոտ, որոնք այնպիսի բաներ գիտեն, որ մենք դա նույնիսկ 10 տարեկանում չգիտեինք: Երեւի այդ ամենը մեր հեռուստատեսությունից է գալիս: Պետք է վերահսկել մերօրյա հեռուստատեսությունը, եթերի լեզվին պետք է հետեւել:
– Բացի Ձեր որդուց՝ ընտանիքում պրոֆեսիոնալ մարմնամարզությամբ զբաղվողներ կա՞ն:
– Չորս երեխա ունեմ, 7 թոռ ու 3 ծոռնիկներ, բայց բացի Էդիկից, ոչ ոք չի զբաղվում: Միայն Էդիկն էր, եւ մի ընտանիքից երկու օլիմպիական չեմպիոններ՝ մարմնամարզության մեջ մինչ այդ գրանցված չէր: Տղաս հիմա ԱՄՆ-ում է, այնտեղ հասարակական մարզադպրոց է բացել: Նրա կինը եւս մարմնամարզության վաստակավոր մարզիչ է, կինս եւս մարզիչ է, այնպես որ, սպորտային ընտանիք ենք:
– Հին երեւանցիներն ասում են, որ քաղաքը կորցրել է իր դեմքը, Դուք ի՞նչ կասեք:
– Ես Երեւանի Պատվավոր քաղաքացի եմ, սիրում եմ իմ քաղաքը: Երեւանը փոխվել է միայն դեպի լավը, շատ գեղեցիկ է մեր քաղաքը: Կարծում եմ, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանի ջանքերն իզուր չեն: Քաղաքին պակասում է մաքրությունը, որը միայն քաղաքապետարանից կախված չէ, դա առաջին հերթին մեր բնակչության մեղքն է: Ես 1963-ից ապրում եմ Կիեւյան փողոցում, եւ այն ինձ համար քաղաքում ամենասիրելի տեղն է: