«Ռուսաստանի երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունը պատրաստել է «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի շրջանակներում Աստարա (Ադրբեջան)-Աստարա (Իրան)-Ռեշտ-Ղազվին երկաթուղու նախագծի իրացման տեխնիկատնտեսական հիմնավորման վերջնական տարբերակը եւ ներկայացրել ադրբեջանական եւ իրանական կողմերին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պետական երկաթուղու պետ Արիֆ Ասքերովը: «Ադրբեջանական կողմն ուսումնասիրում է այդ փաստաթուղթը: Այն պետք է քննարկվի եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստում` ճշտելու մի քանի թվեր»,- ասել է Ասքերովը: Նրա խոսքով` այդ նախագիծն իրացնելու համար անհրաժեշտ է 260 մլն եվրո, բայց ֆինանսավորման աղբյուրներն «առայժմ որոշված չեն»: Աստարա (Ադրբեջան)-Աստարա (Իրան)-Ռեշտ-Ղազվին երկաթուղու շինարարության նախագծի շրջանակներում աշխատանքների հիմնական ծավալը իրականացվելու է Իրանի տարածքում: Ադրբեջանական երկաթուղին Իրանի երկաթուղային ցանցին միացնելու համար ծրագրվում է կառուցել 8,4 կիլոմետր երկարությամբ Աստարա (Ադրբեջան)-Աստարա (Իրան) երկաթգիծը: Բացի այդ, Ադրբեջանում նախատեսվում է կառուցել 4 երկաթուղի` յուրաքանչյուրը 1050 մետր երկարությամբ: Սկզբնական փուլում այդ ուղեգծով բեռնափոխադրման ծավալը կկազմի 5-7 մլն տոննա, իսկ հետագայում կհասցվի 15-20 մլն տոննայի: Ադրբեջանական կողմի կանխատեսումների համաձայն` Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթուղային միջանցքով բեռնափոխադրումից Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները կկազմեն տարեկան 30-40 մլն մանաթ: