2008թ. նոյեմբերից մինչ օրս Կապանի տարածաշրջանի Նոր Աստղաբերդ (նախկին Փայահան) համայնքում գայլերի բաժին են դարձել 30 մանր ու 2 խոշոր եղջերավոր անասուններ, հորթեր, 2 ավանակ: Գյուղապետ Սուրիկ Թեւանյանն «Արմենպրեսին» ասել է, թե երեկոյան ժամերին գայլերը ոհմակներով մտնում են գյուղ եւ սարսափի մեջ պահում գյուղացիներին: Մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով գյուղապետարանը որոշել է գյուղում գիշերային լուսավորություն անցկացնել: Այս գործում նրանց աջակցում է «Հայէլցանց» ՓԲԸ Տաթեւի մասնաճյուղը, որն արդեն տրամադրել է մալուխ: Գայլերի դեմ պայքարում Նոր Աստղաբերդ համայնքին աջակցում է նաեւ Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչությունը` Որսորդմիության եւ Ոստիկանության աշխատակիցների հետ միասին ժամանակ առ ժամանակ կազմակերպելով գայլերի որս: Սակայն այս աշխատանքները Նոր Աստղաբերդում առայժմ արդյունք չեն տվել: