Երեկ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին ծանուցագրեր են ուղարկվել, որտեղ նշված է, թե նրանց վերջին աշխատանքային օրը մարտի 9-ն է: Կոմբինատի սեփականատեր «GeoProMining» ընկերության արտաքին կապերի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը տեղեկացրել է, թե ծանուցագրեր ստացողների թվերը դեռ ամփոփվում են, եւ աշխատանքից զրկվողների վիճակագրությունը հստակ կլինի միայն փետրվարի վերջին: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը վերջերս հանդիպել է կոմբինատի ղեկավարության հետ: Նրա տեղեկություններով` «1450 աշխատակիցներից, ըստ պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության կազմած պլանի, մնալու է 370 աշխատակից»: Քաղաքապետը ներկայացրել է նաեւ ՀՀ կառավարության իրականացրած քայլերը` կոմբինատին աջակցելու եւ աշխատակիցների ազատումը հետաձգելու հետ կապված. «Մոտ 2 միլիոն դոլարի կարգի մեր կառավարությունը կոմբինատին հետ է տվել իրենց մուծած շահութահարկի կանխավճար, եւ այս վերջին երկու ամիսը իրենք դրա շնորհիվ կարողացան երկարաձգել աշխատանքի պրոցեսը»: Այդուհանդերձ, ագարակցիները կառավարության նախաձեռնած քայլերն անբավարար են համարում: «Իրենք իրենց համար Երեւանում որոշում են, ինչ իրենց հարմար է, այդպես էլ անում են»,- ասել է Ագարակի հրապարակում հավաքված կոմբինատի աշխատակիցներից մեկը:
Մյուսներն էլ դժգոհել են կոմբինատի սեփականատերերից, պնդելով, թե «GeoProMining» ընկերության կողմից նշանակված օտարերկրացի կառավարիչները չեն հոգում տեղացի աշխատակիցների մասին: