ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դիտարկմամբ, նախկինում հարկային եւ մաքսային ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելիս երեւան էին գալիս նաեւ ոլորտի պաշտոնյաների չարաշահումներ, իսկ քննչական մարմնի ձեւավորումից հետո, անցած ամբողջ տարվա ընթացքում «միայն մեկ դեպք է եղել», երբ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնյան չարաշահում է կատարել: ՀՀ Դատախազության կոլեգիայի երեկվա նիստում Ա. Հովսեփյանը նշել է, որ ինքը կողմ է մասնագիտացված քննչական ծառայություններին: Ավելին, կարծում է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ պետք է ունենա իր քննչական մարմինը, քանի որ ոլորտի գործերը յուրահատուկ են, բայց դատախազական մարմինները պետք է հետեւեն, որ գործերի քննության ընթացքում բացահայտվեն նաեւ չարաշահումներ թույլ տված պաշտոնյաները: «Նախաքննական մարմնի գործողությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը, ով նաեւ դատարանում դատավարական ղեկավարում է իրականացնում, իրավունք չունի անմիջական մասնակցությամբ հսկողություն կատարել»,- կոլեգիայի նիստում ասել է Ա. Հովսեփյանը` հավելելով, որ այս պայմաններում էականորեն դժվարանում է դատարանում մեղադրանքը պաշտպանելը: Նա նաեւ ցուցում է տվել բոլոր դատախազներին՝ «թմրամիջոցը ձեռք է բերվել անծանոթ անձից կամ գտել են փողոցում» ձեւակերպումով գործերը դատարան չուղարկել: «Ոչ ոք դրան չի հավատում, անպատիվ երեւույթ է իրավապահ համակարգի համար, երբ դատարանում մեղադրական եզրակացության մեջ նշվում է, թե թմրամիջոցը ձեռք է բերվել անծանոթ անձից կամ գտել են փողոցում»,- ասել է Ա. Հովսեփյանը: