«Արեւմուտքը կարող էր կանխել մարտի 1-ը»

20/02/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այսօր լրանում է 2008թ. նախագահական ընտրությունների 1 տարին: Ընտրություն, որ 1 տարի հետո էլ հասարակության կողմից չընդունվեց, որի արյունոտ հետեւանքները այսօր էլ չեն մաքրվել եւ մեր հասարակությանն ու պետությանը պահում են լարված ու ներքաղաքական ճգնաժամի մեջ: Անցած տարվա փետրվարի 19-ի ընտրական միջոցառման արդյունքում ձեւավորված իշխանությունն այդ օրվանից մինչ օրս շարունակում է միջազգային կառույցներին եւ, որ ամենակարեւորն է, հայ հանրությանը խոստումներ տալ, թե ամեն ինչ անում է եւ կանի ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու համար: Մինչդեռ մինչ այսօր շարունակվում է մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների` անվերջանալի թվացող դատավարությունը: Արդյունքում այսօր էլ ու վերջին տվյալներով մինչեւ մարտի 1-ը մարդիկ իրենց բողոքն ազատ արտահայտելու իրավունք չունեն: Եվ, ի վերջո, մինչ օրս շարունակվում է գործող իշխանություններին չպաշտպանած մարդկանց նկատմամբ քաղաքական ու տնտեսական հետապնդումները: Բոլոր դեպքերում ի՞նչ է փոխվել նախագահական ընտրություններից 1 տարի հետո, կամ ի՞նչ տեղի ունեցավ 1 տարի առաջ: 1 տարվա հեռավորությունից այդ դեպքերի մասին է մեր զրույցը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ: Նախ` պարոն Հովհաննիսյանը ՀՀ-ի ներկա քաղաքական ու իշխանական համակարգն անվանեց «ախոռամտություն»:

– Այս ամենը ես համարում եմ ախոռամտություն, ախոռամտության շրջապտույտ: Դա յուրահատուկ վերաբերմունք է պետության կառավարման խնդիրներին, քաղաքական գործունեությանը, որը դրսեւորում են մարդիկ, ովքեր քաղաքականությունը դիտում են որպես սոցիալական բեւեռացման, գործող տնտեսական համակարգի պահպանման միջոց: Դա շատ լավ բնութագրվում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վեպում, երբ հեղինակն ասում է՝ այնտեղ բոլոր անասունները հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են: Ախոռամտությունը մի սոցիալական վարքագիծ է, երբ փորձ է արվում արմատախիլ անել հրապարակային քաղաքականությունը, քաղաքական գործընթացները, եւ դրանք փոխարինել ապաքաղաքական, բայց քաղաքական փոխանորդ ներկայացվող գործընթացներով, որոնց իմաստը կերակրատաշտն է եւ դրանից օգտվելու համար քաղաքական տանիքների ստեղծումը: Հայաստանի ողջ քաղաքական դաշտը եւ դրան սերտաճած իշխանական համակարգը հիշեցնում է ախոռ, որտեղ ամեն ինչը կանոնակարգված, կանխորոշված եւ վերահսկելի է: Այնտեղ ախոռապանները մի քանիսն են, որոնց մի ձեռքում կերակրատաշտն է, մյուս ձեռքում մտրակն է, նրանք կանոնակարգում են այդ ախոռի կենսագործունեությունը: Եվ դրա իմաստը այն է, թե ում կհաջողվի մոտենալ կերատաշտակին:

– Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 2008թ. նախընտրական եւ հետընտրական շրջանում, կամ ինչո՞ւ այդքան հզոր ժողովրդական աջակցություն վայելող ընդդիմությունը չկարողացավ իշխանության գալ:

– 2008թ. ընտրություններին տեղի ունեցավ ապստամբություն՝ 2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքը փոխելու, մերժելու նպատակով: Պետք է ասեմ, որ այդ ընտրությունները բանդիտների եւ վերջինների կողմից 100 տոկոսով կառավարելի երիտկարիերիստների քաղաքականությանը մասնակից լինելու մենաշնորհի ամրագրումն էր: Մեր երկրում քաղաքական սուբյեկտներ են միայն կրիմինալ մեծահարուստները եւ նրանց գովերգող երիտկարիերիստները: Հասկանալի է, որ սրանք հրապարակային քաղաքականությունից շատ հեռու են: Մյուս կողմից` ես միշտ ասել եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնելու շանս չուներ մի շարք պատճառներով: Մայր պատճառը, որը 1998թ. բերեց նրա հրաժարականին, վերացված չէր: Դա այն էր, որ Ղարաբաղը հստակ հայտարարեց, թե չի ընդունում Լ.Տեր-Պետրոսյանի մոտեցումները եւ մտադիր չէ դրանք քննարկել: Բուն պատճառն այն էր, որ Տեր-Պետրոսյանը չէր վերահսկում Ղարաբաղի իշխանություններին: Իսկ համաշխարհային քաղաքական կենտրոնները միահամուռ ձգտում էին, որ Երեւանում իշխանության ղեկին կանգնած դեմքը երաշխավորեր ԼՂՀ քայլերի կանխատեսելիությունը, լիազորված հանդես գար ԼՂՀ անունից: Տեր-Պետրոսյանն այդ պահանջներին չէր համապատասխանում, դրա համար էլ նրան ասացին` գնա: Ոչ մի հայտնի ուժեր էլ չկային: Թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը եւ թե՛ միասնական Եվրոպան ձգտում են գործ ունենալ մեկի հետ: Չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել: Ղարաբաղը չճանաչված պետություն է, նրա վրա ճնշում չեն կարող գործադրել, Հայաստանի վրա կարող են: Ուրեմն դրանք շահագրգռված էին, որ Հայաստանում պետության ղեկին կանգնած մարդը ներկայացնի նաեւ Ղարաբաղը: Ես Ստրասբուրգում աշխատել եմ ՀՀ պատվիրակության կազմում՝ որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, այն ժամանակ, երբ նախապատրաստվում էր ՀՀ ընդունելությունը Եվրոպայի խորհուրդ: Ու ԵԽ կազմում ընդունվելու պարտավորություններից մեկն այն էր, որ Հայաստանը պետք է իր ազդեցությունն օգտագործի ԼՂ-ի վրա` երաշխավորելով բանակցային գործընթացի շարունակելիությունը, պատերազմական գործողությունների չվերսկսման հեռանկարը եւ նպաստի ադրբեջանցիների ու հայերի միջեւ վերջնական փոխհամաձայնության հարցերում: Դա Արեւմուտքի համար շատ կարեւոր հարց էր: Եվ եթե ԼՂ հասարակությունը եւ ղեկավարությունը պատերազմ եւ խաղաղություն թեմայով բանավեճի արդյունքում Լ.Տեր-Պետրոսյանին կտրականապես մերժում էին, ինչպե՞ս կարելի էր Հայաստանից ակնկալել, որ կկարողանա երաշխավորել Ղարաբաղի որոշակի վարքագիծը: Իսկ այս անգամ Լ.Տեր-Պետրոսյանի վերադարձը մի փրկարար օղակ էր, որի միջոցով հնարավոր էր չեզոքացնել Հայաստանը Ադրբեջանին նմանեցնելու ծրագիրը, որտեղ բացակայում է հրապարակային քաղաքականությունը: Բայց Լ. Տեր-Պետրոսյանի ծրագրերը ձախողվեցին երկու պատճառներով: Առաջինը` աշխարհում նախադեպ չի եղել, որ ետսոցիալիստական շոկային վայրիվերումների ռահվիրան հեռանալով քաղաքականությունից` հետո վերադառնա եւ նորից ստանձնի նախագահի պաշտոնը (հիշենք թեկուզ նոր ժողովրդավարական Լեհաստանի խարիզմատիկ պրեզիդենտ Լեխ Վալենսայի ձախողված փորձը): Երկրորդը, ինչպես ասացի, Ղարաբաղն է: Հիշո՞ւմ եք, ետընտրական շրջանում, երբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, թե եթե Լ.Տեր-Պետրոսյանը նույնիսկ երկրորդ անգամ հասնի ՀՀ նախագահի աթոռին, Ղարաբաղը նրան չի ճանաչի (Համաձայնեք, որ այս հայտարարությունը շատ նման էր 1996թ. Վազգեն Սարգսյանի այն հայտնի հայտարարությանը, որ եթե Վազգեն Մանուկյանը հավաքի ձայների 100 տոկոսը, միեւնույն է, չի տիրանա նախագահի աթոռին): Դրանով հարցը փակվեց: Մեր տարածաշրջանում Ղարաբաղի դերը չափազանց մեծ է, եւ դա անդրադառնում է նաեւ ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա: Այնպես որ, խոսակցությունները, թե մարտի 1-ը գունավոր հեղափոխության փորձ էր, մերկապարանոց մեղադրանքներ են: Գունավոր հեղափոխությունը նման է մի ներկայացման, որի ավարտը happi end է լինում:

– Կարելի՞ է ենթադրել, որ մարտի 1-ի արյունալի իրադարձությունները տեղի ունեցան նույն Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Եվրոպայի անտարբերության արդյունքում:

– Մարտի 1-ի իրադարձությունները եւ առհասարակ Հայաստանում հետընտրական զարգացումները ամենեւին էլ թավշյա հեղափոխություն չէր եւ ոչ էլ գունավոր հեղափոխության փորձ: Գունավոր հեղափոխություններին բնորոշ է մի առանձնահատկություն, որը դրսեւորվեց բոլոր նման հեղափոխությունների ընթացքում: Եթե դա առկա չէ, ուրեմն դա գունավոր հեղափոխություն չէ: Դա բարեկամի զանգն է, ես պայմանականորեն այդպես եմ անվանում: Այսինքն՝ ընդդիմության եւ իշխանության առճակատման կուլմինացիոն պահին, որպես կանոն, արեւմուտքից` Փարիզից, Վաշինգտոնից կամ Լոնդոնից զանգ է գնում երկրի ղեկավարին եւ հստակ ասվում է, որ պետք է ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց, հակառակ դեպքում դրան կհետեւեն միջազգային կոշտ սանկցիաներ: Այդպես է եղել Ուկրաինայի պարագայում: Վերջերս OPT-ն հարցազրույց հեռարձակեց Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ, ով ասաց, թե ալեկոծությունների ամենաթեժ պահին իրեն է զանգահարել ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Քոլին Փաուելը: Եվ հղում անելով ընդդիմադիր առաջնորդներից մեկին` ասել է, թե տեղեկություններ ունի, որ Կուչման նախապատրաստվում է ցուցարարների դեմ ուժ կիրառել: Կուչման պատասխանել է, թե ստիպված կլինի դա անել, որովհետեւ իրեն էլ հասել են այնպիսի տեղեկություններ, որ ընդդիմությունը որոշել է գրոհել նախագահական պալատ: Եթե գրոհեն, ապա ուժ գործադրելը չի բացառվի: Փաուելը հաջորդ օրը զանգահարել եւ երաշխավորել է, որ ընդդիմությունը նախագահի պալատի վրա չի գրոհելու, իշխանությունն էլ պետք է երաշխավորի, որ ուժ չի կիրառի: Կուչման երաշխավորել է: Կուչմային ու Շեւարդնաձեին եղել է «բարեկամի զանգ», թե չէ նրանք անպայման ուժ կկիրառեին:

– Փաստորեն Վրաստանի եւ Ուկրաինայի այն ժամանակվա իշխանությունները ցուցարարների դեմ ուժ չեն կիրառել, որովհետեւ Արեւմուտքից «բարեկամի զանգ» է եղել, իսկ Հայաստանում կիրառվել է, որովհետեւ այդ զանգը չի՞ եղել:

– Համենայնդեպս, ոչ նրա համար, որ Կուչման ու Շեւարդնաձեն ավելի բարի էին կամ պակաս դաժան էին, քան Ռոբերտ Քոչարյանը: Կուչմայի դեպքում, փաստորեն, Ք. Փաուելը միջնորդական առաքելություն է ստանձնել, իսկ Հայաստանում այդ բարեկամի զանգը չի եղել: Ավելին, Արմեն Գեւորգյանը հավաքել է դեսպաններին եւ ասել է, թե ստեղծված իրավիճակից դուրս գալու միջոցները սպառվել են, եւ միակ ճանապարհը հատուկ միջոցների կիրառումն է: Դեսպանները գլուխները տմբտմբացրել ու գնացել են տուն: Եվ դրանից հետո նրանց վերադասի կողմից արյունահեղությունը կանխելու որեւէ փորձ չի արվել: Պարզապես այստեղ Արեւմուտքը գունավոր հեղափոխության իրականացման ծրագիր ի սկզբանե չի ունեցել:

– Արեւմուտքը կարո՞ղ էր կանխել մարտի 1-ի արյունահեղությունը:

– Իհարկե, կարող էր, որովհետեւ Քոչարյանը Կուչմայից ուժեղ նախագահ չէր: Ինքն իրեն վոին է անվանում, բայց ամենեւին էլ գայլի սիրտ չէր կերել, եթե Ռայսը զանգեր եւ ասեր` ոչ մի կաթիլ արյուն չթափվի, ուժ չկիրառվի, բռնություն չլինի խաղաղ ցուցարարների դեմ, ու նա կգնա՞ր այդ քայլին: Այդքան միամիտ չի կարելի լինել: Ռայսը չէ, նրա տեղակալ Դենիել Ֆրիդի զանգն էլ հերիք էր, որ այդ դեպքերը չլինեին, այլապես պատժամիջոցներ կլինեին: Ինչո՞ւ այդ պատժամիջոցները չհետեւեցին մարտի 1-ին, որովհետեւ, նորից եմ ասում, զանգ չի եղել: Եթե այդ բարեկամական զանգը լիներ, եւ Ռ. Քոչարյանը չենթարկվեր, համոզված եղեք, որ Հայաստանին կզրկեին ձայնի իրավունքից, եւ դրան կհետեւեին նաեւ այլ պատժամիջոցներ:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ են հետապնդում բավական երկար ձգվող մարտի 1-ի գործով ձերբակալված անձանց դատավարությունները:

– Ցավալի է այն, որ այդ դատավարությունները եւս ախոռի շատ բնութագրական երեւույթ են: Դրանք եղել են նաեւ 90-ականներին` «Դրո», դաշնակ եւ այլն: Եթե չլիներ դատավարությունները, կլիներ հրապարակային բանավեճ: Քաղաքական բանավեճը վիժեցնելու լավագույն ձեւը անվերջանալի դատավարություններն են: Իմ ընկերներն այսօր բանտում են, ինչպե՞ս ես կարող եմ անկաշկանդ մասնակցել հասարակական-քաղաքական բանավեճին: Կամ այսօր այս պայմաններում հնարավո՞ր է բանավեճ կամ երկխոսություն: Անհնարին է, որովհետեւ դատավարությունների ֆոնին որեւէ երկխոսություն, ազատ բանավեճ հնարավոր չէ: Իսկ առանց բանավեճի ճգնաժամից դուրս գալու ուղիների պարզաբանումը հնարավոր չէ: