Խորհրդային տարիներին մի մուլտֆիլմ կար` «Ճանապարհորդ գորտը», որտեղ գորտը բադերին համոզում է իրեն էլ տանել տաք երկրներ: Իսկ հետո, երբ բոլորը զարմանում են այդ ճանապարհորդության վրա, գորտը բոլորին պատմում է, թե որքան խելոք է ինքը, որ այդպիսի բան է մտածել: Իհարկե, «էտո յա, յա, յա պրիդումալ վսյո…» արտահայտությունը բերում է նրան, որ գորտն այդպես էլ չի հասնում տաք երկրներ, իսկ հետո, ստիպված, նա բոլորին խաբում է, որ այսօր, վաղը կամ մյուս օրը բադերը կգան իր հետեւից եւ կրկին կտանեն իրեն տաք երկրներ…
Արդի ժարգոնով այս պրոցեսը կոչվում է «վիվիշկա»: Եվ անկախ Հայաստանի առաջին «վիվիշկան» Պարույր Հայրիկյանն էր, ում կարծիքով՝ ամեն ինչի հիմնադիրն այս երկրում հենց ինքն էր` մեծն դեսիդենտ Պարույր Հայրիկյանը: Անկախություն, ինքնորոշում, նախագահի ինստիտուտ, սահմանադրություն, հանրաքվե. պարզվում է՝ այս ամենի համար հայ ազգը պարտական է պարոն Հայրիկյանին: Այն ժամանակ մեր ազգի մի փոքր հատվածը կերավ այս «կուտը»: Ավելին, եթե հավատայինք պարոն Հայրիկյանին, ապա Բելին էլ է մի նետով ինքը սպանել, Հայաստանում քրիստոնեությունն էլ է ինքը տարածել: Դե, իսկ հայոց այբուբենը կարող էր հղանալ միայն այնպիսի պայծառ գլխում, ինչպիսին է միայն Պարույր Հայրիկյանինը: Ի տարբերություն վերոնշյալ մուլտֆիլմի հերոսի՝ մերօրյա հերոսը չի ուզում գնալ հարավ: Նրա համար իսկական դրախտը միայն ԱՄՆ-ն է, որտեղից էլ նա կրկին անգամ վերադարձել է բոլորովին վերջերս: Իհարկե, ես ռուսական իմպերիալիզմի մասնիկ եմ, որ համարձակվում եմ նման անհեթեթություններ գրել նրա պես գործիչների մասին: Բայց դա խնդիր չէ պարոն Հայրիկյանի համար: Չէ՞ որ նա հիմա անձամբ Օբամայի հետ է շփվում, թեկուզեւ` բաց նամակների տեսքով:
Ցավոք սրտի, Հայրիկյանը մեր առաջին, սակայն վերջին «վիվիշկան» չէր: Ավելին, մենք դեռ շատ ուշ պետք է հասկանայինք, որ նա խորհրդային շրջանի «ԱԶԴ» գործակալությունն էր: Իսկ հետո պիտի գար հայկական «ԳՈՎԱԶԴԸ», ի դեմս «վիվիշկայի» այնպիսի գրոսմայստերների, ինչպիսիք էին պարոնայք Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը: Բայց եթե պարոն Գեղամյանը ստացավ «երջանիկ լինելու համար իրեն անհրաժեշտ գումարը» եւ այսօր զբաղված է միայն «ռոմանտիկ պաշտոնյաներին» անվճար խորհուրդներ տալով, ապա Արթուր Բաղդասարյանը, կարելի է ասել, «ժիվ, զդորով ի դովոլնո ուպիտան»: Ի դեպ, Հեղինե Բիշարյանի վերջին հարցազրույցը ժամանակակից գովազդի նմանությամբ կունենար հետեւյալ տեքստը. «Առաջին անգամ Հայաստանում, աննախադեպ քայլ ուղղված երկրի կայունությանն ու առաջընթացին: Արթուր Բաղդասարյան: Եվ իշխանություն, եւ ընդդիմություն, եւ արեւմտամետ, եւ ռուսամետ, եւ ԱԺ խոսնակ, եւ ԱԽՔ: Հարմար է բոլոր իրավիճակների համար: Արթուր Բաղդասարյան` ընտրեք, որ փոշմանեք»:
Եվ քանի որ խոսք գնաց գովազդից, ապա այդ առումով չենք կարող շրջանցել նաեւ Տիգրան Կարապետովիչին, ով հայտարարում էր, որ այսօրվա հեռուստատեսային բոլոր նախագծերը ինքն է սկսել: Իբր մի լավ բան է արել, հիմա էլ գլուխ է գովում: Բայց այսօր խոսքը հեռուստատեսության մասին չէ: Պարոն Կարապետյանը հայտարարել է, որ ուզում է դառնալ Երեւանի քաղաքապետ: «Չեմ ուզում լինել թագուհի, ուզում եմ դառնալ ծովերի տիրակալ»: Իհարկե, բացի Տ. Կարապետովիչից, Երեւանի քաղաքապետի «ընտրովի» աթոռին են հավակնում եւս մի քանի գործիչներ: Սակայն առնվազն անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է փոխվի գործող քաղաքապետը, որն այս համընդհանուր «ճառ ասողների» մեջ շատ քիչ «զանգ կախողներից է»: Ընդ որում` առանց «վիվիշկայի»: Համենայնդեպս, վերջին երկու-երեք տարիների ընթացքում Երեւանում կատարված աշխատանքների մասին նշել են անգամ արմատական ընդդիմության ներկայացուցիչները: Իսկ դա նշանակում է, որ գործող քաղաքապետը կարող է լինել կոմպրոմիսային ֆիգուր թե՛ կոալիցիայի ներսում, թե՛ ընդդիմադիր շրջանակներում: Իսկ դա այսօր ամենաշատն է պետք իշխանությանը: Այնպես որ, «գովազդային» քաղաքական գործիչներն ու «վիվիշկաները» կարող են առանձնապես չանհանգստանալ: Իրենք, համենայնդեպս, քաղաքապետ չեն դառնալու: Որքան էլ որ իրենց ծրագրերը կառավարության ծրագրի հիմքում ընկած չլինեն:
Ինչ վերաբերում է նարցիսներին, ապա նրանք մեզանում բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով: Եվ ոչ միայն քաղաքական դաշտում: Այն, ինչ այսօր կատարվում է ստեղծագործական միություններում, դրա վառ ապացույցն է: Բայց բոլոր մեր հերոսներին ուզում եմ հիշեցնել այն մուլտֆիլմի վերջը, որով սկսեցի այսօրվա իմ հոդվածը: Գորտը, թեեւ վերջում, ի վերջո, բարձրանում է դեպի վեր, սակայն` արագիլի կտուցում հայտնվելով: Այնպես որ, ինչպես ժողովուրդն է ասում, կարեւորը՝ վերջը բարի լինի: