Երեւանի քաղաքապետի ընտրությունը խոստանում է դառնալ Հայաստանի իշխանության հերթական փորձաքարը: Քաղաքապետի ընտրությանը մասնակցելու մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը: Նույնպիսի հայտարարություն է արել Ժողովրդական կուսակցությունը: Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները նույնպես հայտարարում են, որ ընդդիմությունը քննարկում է այդ ընտրությանը մասնակցելու հարցը, եւ որոշումը հստակ կլինի, երբ ճշտվի ընտրության ժամկետը: Ինչ վերաբերում է իշխանությանը մաս կազմող կուսակցություններին, ապա այստեղ բավական անորոշ վիճակ է, քանի որ Երեւանը «համեղ պատառ է», իսկ «դանակավորները»` շատ:
Հենց իշխանական ճամբարի խնդիրն էլ կարող է դառնալ Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրության գլխավոր ինտրիգներից մեկը: Կոալիցիայի անդամ կուսակցություններից «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները հայտարարում են, թե ընտրությանն իրենց մասնակցության մասին հարցին կպատասխանեն այն ժամանակ, երբ հարցը կքննարկի կոալիցիան, եւ պարզ կլինի կոալիցիայի դիրքորոշումը` միասնական, թե առանձին-առանձին մասնակցություն կտրվածքով: Սակայն, կոալիցիայի անդամ մեկ այլ կուսակցություն` «Օրինաց երկիրը», օրերս հայտարարեց, թե մասնակցելու է ընտրությանն ու պատրաստում է իր համամասնական ցուցակը: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին եւ ՀՀԿ-ին, ապա այստեղ կարծես թե առայժմ հստակ որոշում չկա՝ թե մասնակցության ձեւի, թե թեկնածուի առումով: Ըստ ամենայնի, իշխանությունը պետք է ջանքեր գործադրի կոալիցիայի հավակնությունների «ոսկե միջինը» գտնելու համար, ինչը բավական բարդ գործ է: Կոալիցիայի որեւէ կուսակցություն հենց այնպես չի հրաժարվի Երեւանից, իսկ այդ դեպքում էլ պետք է «համարժեք փոխհատուցում» տրվի նրանց, ինչը նույնպես բավական բարդ գործ է: Ըստ ամենայնի, կոալիցիոն կուսակցությունները փորձելու են օգտվել այս հանգամանքից:
Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունը չի կարող «բախտի քմահաճույքին» հանձնել Երեւանի քաղաքապետի ընտրությունը: Երեւանն այսօր գրեթե ողջ հանրապետությունն է բոլոր առումներով: Մյուս կողմից, Երեւանի ընտրված քաղաքապետն արդեն իսկ քաղաքական լուրջ գործոն է դառնում, որը նույնպես, հաշվի առնելով հայաստանյան իշխանության որակներն ու փիլիսոփայությունը, դառնում է պոտենցիալ գլխացավանք: Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետի պաշտոնում պետք է լինի մեկը, ով ոչ միայն կարողանա գլուխ հանել քաղաքի խնդիրներից, կարողանա ապահովել քաղաքում իրագործվող լայնածավալ ծրագրերի շարունակականությունը, այլեւ չունենա քաղաքական հավակնություններ, լինի փոխզիջումային ֆիգուր կոալիցիոն իշխանության համար: Թերեւս, սա է պատճառը, որ իշխանությունն այսքան երկար է մտածում մասնակցության ձեւի եւ մանավանդ թեկնածուների անձի շուրջ:
Մամուլում շատ է խոսվում այս կամ այն հավանական թեկնածուի մասին: Տրվում են Դավիթ Հարությունյանի, Գագիկ Բեգլարյանի, Կարեն Կարապետյանի, այլոց անունները: Սակայն բոլոր դեպքերում էլ նշվում է, որ տվյալ թեկնածուին դեմ է այս կամ այն կուսակցությունը կամ իշխանական խմբավորումը: Չի բացառվում, որ ի վերջո իշխանությունը կանգ առնի հենց ներկայիս քաղաքապետի թեկնածության վրա, որի պաշտոնավարման շրջանը նշանավորվեց քաղաքում լայնածավալ ծրագրերի իրագործմամբ: Մյուս կողմից, ներկայիս քաղաքապետը երբեւէ քաղաքական հավակնություններ չի ցուցաբերել եւ կոալիցիոն շրջանակներում կարող է դառնալ հենց այդ փոխզիջումային թեկնածուն:
www.lragir.am