Բլեֆն, իբրեւ տակտիկական զինանոցի մեխանիզմ, վերջին տասնամյակում լայնորեն կիրառություն է ունեցել` նաեւ որոշակի հաջողությամբ: Ցցուն օրինակ է Բուշի իրաքյան ավանտյուրան, թե այնտեղ միջուկային զենքի անսպառ պահեստարաններ են առկա, իսկ Միխայիլ Սահակաշվիլիի օգոստոսյան ձեռնարկումը` թե Հարավային Օսիայում վրաստանյան սահմանադրական կարգն է վերականգնվում, մասշտաբային չափման մեջ բլեֆի կիրառական նշանակությունը գերագնահատելու հետեւանք է պարզապես: Վերոնշյալ երկուսն, այս առումով, իհարկե, օրիգինալ չեն, այս փաղանգում արժանավոր տեղ ունի բավականին ընդունակ մի լիդեր եւս` Ալիեւ Իլհամ ազգանուն-անունով, որը Nabucco անվանումով գազատարի քարոզչություն է նախաձեռնել` հստակ կանխատեսելի վախճանով. անկախ ամեն ինչից` գազատարի իրագործումը, եթե հանկարծ ու դա պատահի, Բաքվի սցենարով չէ, որ լինելու է:
Ադրբեջանում դա, անշուշտ, գիտակցում են, սակայն առնվազն երկու պատճառ ունի Բաքուն, եվրոպական բեմերում սեփական մուղամները հնչեցնելու` փորձելով դա անել նույնպիսի խրոխտությամբ, ինչպիսին պահանջում է Ջուզեպպե Վերդիի համանուն օպերայի երաժշտական ընդգրկումը: Սակայն օպերան օպերացիայի վերածելու ադրբեջանական լիբրետոն, անզեն աչքին էլ տեսանելի է` արեւելյան բազարի հաշվարկներով է մշակված. փորձել ծախել այն, ինչը քոնը չէ, փորձել դա անել հնարավորինս բարձր գնով, մի բան էլ վերադիր մատուցելով` թե էդ քո թանկագին խաթեր համար էր…
Չե՞ք հավատում, լսենք Nabucco-ի նախերգանքը: «Ադրբեջանն ապացուցել է, որ առավել քան հուսալի պարտնյոր է ստանձնած պարտավորությունների կատարման առումով»,- Արեւմուտքի համար ամեն օր այս մուղամն է հնչեցնում որեւէ ադրբեջանցի գործիչ, իհարկե, չմոռանալով նավթաբազմազան մի հիմնավորում ներկայացնել Ադրբեջանի նորագույն պատմությունից: Սակայն առավել կարեւոր է պարզել, թե ինչու են հատկապես այս շեշտադրմամբ կրկներգում: Օր չի լինում, որ հարցն օրակարգում թարմությամբ պահելու նպատակով որեւէ լրագրող չհարցնի` Ռուսաստանից Ուկրաինայով գազի տարանցման հետ կապված թնջուկը Եվրոպայի հայացքը չի հառել Ադրբեջանին` իբրեւ գազի այլընտրանքային ու հուսալի մատակարարի: Հառել է` ասում են Բաքվում, իբրեւ այլոց հայացքների խորությունը չափելու ունակ մասնագետներ:
Իհարկե, դեռեւս ձեռնպահ են մնում նույնպիսի խորագիտությամբ արտահայտվել իրենց չունեցածը վաճառելու, տվյալ դեպքում` Nabucco-ական թվերի, եվրոպական պահանջարկի, ադրբեջանական առաջարկի, գնագոյացման, տարանցման, խողովակաշարի շինարարության ու այսպիսի էլի բազմաթիվ հարցերի մասին, քանի որ գիտեն հստակորեն` քաղաքական հարցադրումների առատության հանգույն, կարող է չսկսվել նույնիսկ Nabucco-ն` մնալով իբրեւ խաբկանքի շողոմ մուղամ, որից երբեք էլ բարձրարվեստ գործ չես երկնի:
Իսկ բլեֆի ողջ բովանդակությունն այս է` Եվրոպա, դու կարող ես գնել ադրբեջանական գազը, բայց եթե դա քիչ է, ապա կարող ես գազատար կառուցել Կասպիցի տակով եւ գնել ղազախական ու թուրքմենական գազը նույնպես: Այսինքն` ոչ թե կասպիական գազը կարող ես գնել, որի մեջ համեստագույն չափի է լինելու ադրբեջանականը, այլ ընդհակառակը, կարող ես գնել Բաքվի տվածը, եւ դրա կողքին էլ՝ մնացած կասպիականը: Իհարկե, երբեք չի ճշգրտվում, որ մնացած ասվածը բազմակի ավելին է լինելու: Արգելված է արտաբերել նաեւ` եթե մնացած կասպիական գազը չկա, ապա Nabucco-ի շինարարությունը կարող է իրականացվել Իլհամ Ալիեւի ամենավարդագույն երազում միայն: Սակայն դա արդեն միանգամայն այլ օպերա է, որի նախերգանքում մուղամներն արդեն տեղ չունեն:
Բայց նույնիսկ սա չէ ամենամեծ բլեֆն այս խաղում: Ամեն ինչ այնպես է մատուցվում, թե հատկապես Բաքուն պիտի լինի Nabucco-ի կենտրոնակայանը, իսկ մյուսները՝ շնորհակալ, որ Ռուսաստանը շրջանցող այլընտրանքի հղացքը ձեւավորվել է Ադրբեջանի նավթառատ ու բարեբեր հողում: Սա էլ Բաքվի երկրորդ` բովանդակությամբ քաղաքական մեսիջն է Արեւմուտքին, թե՝ տեսեք-տեսեք, թեպետ ոչ բացահայտ, բայց դե մի հակառուս էլ ես եմ էլի` թե չէ այդ դափնիները, փողի հետ միասին, չի կարելի չէ՞ միայն Միխայիլին հանձնել: Անշուշտ, սա նկատում ու հասկանում են ինչպես եվրոպական մայրաքաղաքներում, այնպես էլ Մոսկվայում, բայց քանի որ հարցադրումը սրացումներ չի ստացել, իսկ Nabucco-ի կատարման համար էլ գերադասում են նվազագույն տրամաչափի փողային գործիքներ եւ ոչ թե խողովակաշարեր գործածել, ուստի առանձնապես հարկ չեն համարում արտահայտվել այսօրինակ խորհրդածությունների վերաբերյալ:
Այդուհանդերձ, կարծում ենք` Ռուսաստանին չարժե անտեսել` անցյալ շաբաթ էր ընդամենը, որ Մոսկվայում Աբդուլլահ Գյուլի հետ խոսեցին «Հարավային հոսքի» Եվրոպա հասնելու հեռանկարից: Իսկ ի՞նչ անի սրա կողքին խեղճուկրակ Բաքու-Թբիլիսի-Էրզրումը, եթե չփորձի միջկոնտինենտալ Nabucco-ի վերածվել, Ադրբեջանին բերելով փառք, հարստություն, պատիվ, վստահելի գործընկերոջ համբավ` շնորհիվ Աշգաբադի ու Աստանայի փոխանցած գազի, եւ ի հեճուկս Մոսկվայի ու Թեհրանի ու մանավանդ վերջիններիս` գազի սեփական բազմապատիկ պաշարները վաճառելու գործում ցուցաբերած անձեռնհասության: