Երեւանի Այգեձորի 47 հասցեում երեկ բացվեց «Եվրոպայի տունը», որի շրջանակներում պետք է գործեն Հայաստանում նորաստեղծ Հայ-գերմանական համալսարանը եւ Եվրոպական շարժման գրասենյակը:
Բացման արարողությանը մասնակցելու համար Հայաստան էր ժամանել ՀՀ-ում Գերմանական համալսարանի հիմնադիր եւ պատվավոր նախագահ պրոֆեսոր Պաուլ Իմհոֆը: Արարողությանը մասնակցեցին նաեւ ՀՀ-ում Գերմանական համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Սարոյանը, ՀՀ-ում Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն-1860» գիտամշակութային կազմակերպության նախագահ, Բոխում քաղաքի Ռուհր համալսարանի Արեւելյան Եվրոպայի երկրների պատմության ամբիոնի ասպիրանտ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը, այլք:
Արդեն երեք տարի ՀՀ-ում գործող Եվրոպական շարժումը բազմաթիվ հանդիպումներ է կազմակերպել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովի, ինչպես նաեւ՝ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Թոմաս Քնոթեի հետ: «Եվրոպայի տանը» նախատեսվում է պարբերաբար անցկացնել բաց դասախոսություններ, քննարկումներ եւ կլոր սեղաններ եվրոպական իրողությունների, զարգացումների եւ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ:
Վ. Ենգիբարյանը համոզված է, որ «Եվրոպայի տան» շնորհիվ հնարավոր կլինի ինչ-որ չափով նաեւ Բրյուսելյան եվրոպական կյանքը՝ քննարկումների, սեմինարների միջոցով տեղափոխել Հայաստան: Հայ-գերմանական համալսարանը, որն այժմ լուծում է գրանցման վերջին տեխնիկական խնդիրները, սեպտեմբերից կսկսի իր ուսումնական գործունեությունը, իսկ հունիսին նախատեսվում է պաշտոնական բացումը: Թե ինչու պետք է հայ ուսանողը գերադասի սովորել Գերմանական համալսարանում, Էդուարդ Սարոյանն ասաց. «Հայ-գերմանական համալսարանում ավանդական կրթական համակարգի թույլ կողմը հանդիսացող միմիայն տեսականացված գիտելիքները չեն ուսուցանվելու: Մեր համալսարանում շեշտը դրված կլինի հատկապես գործնական ուսուցման վրա, քանի որ գերմանական կրթական համակարգի հիմքում հենց գործնական ուսումնառությունն է ընկած»: Հայ-գերմանական համալսարանում կարող են սովորել արդեն բակալավրի կոչում ստացած ուսանողները, ուսման տեւողությունը երկու տարի է, իսկ վարձավճարների խնդիրը, Է. Սարոյանի վստահեցմամբ, պետք է որոշի համալսարանի սենատը, որը դեռեւս կազմավորված չէ, սակայն այն չի գերազանցի հայաստանյան լավագույն համալսարանների վարձավճարների չափը: «Համալսարանը նպատակ չունի գնալ այն ճանապարհով, որով բոլոր համալսարաններն են գնում. մենք ավելի շատ կկենտրոնանանք որակական, ոչ թե քանակական կրթության վրա: Համալսարանը կիրականացնի նաեւ բազմաթիվ գիտահետազոտական ծրագրեր՝ դրանցում ընդգրկելով նաեւ ուսանողությանը: Գերմանիայում կան կրթական կենտրոններ, որտեղ մեր ուսանողները կկարողանան դասընթացների եւ պրակտիկայի մասնակցել 1 ամսից մինչեւ 1 կիսամյակ տեւողությամբ»,- նշեց Է. Սարոյանը: Համալսարանը վերազինվում է նորագույն տեխնիկական միջոցներով, եւ այնտեղ անցկացվելու են նաեւ տեսակոնֆերանսներ, որը հնարավորություն կտա ուսանողներին մասնակցելու Գերմանիայում տեղի ունեցող դասընթացներին: Նման լսարանների շնորհիվ ուսանողը հնարավորություն կունենա ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում առանց իր բնակավայրից տեղաշարժվելու մասնակցել ուսումնական ողջ պրոցեսին: Թեեւ համալսարանը կոչվում է գերմանական, սակայն համալսարանին նախատեսվում է տալ միջազգային կողմնորոշում: Ուսանողների եւ դասախոսների փոխանակման առումով, Է. Սարոյանի խոսքերով, չեն սահմանափակվի միայն Գերմանիայով, այլ եվրոպական բուհերի հետ եւս նախատեսվում են համագործակցություններ: Բացի այդ, գերմաներենի իմացությունը կարեւոր նախապայման չէ, սակայն պարտադիր է որեւէ օտար լեզվի իմացությունը: Իսկ համալսարանի դիպլոմը կընդունվի նաեւ այլ երկրներում: Համալսարանում կուսուցանվի եվրոպագիտություն եւ դրանով պայմանավորված մի շարք այլ առարկաներ եւս` եվրոպագիտություն եւ նորարարական տնտեսություններ, եվրոպագիտություն եւ միջազգային հարաբերություններ, եվրոպական մշակույթ, ձեռնարկությունների կառավարում, կիրառական հոգեբանություն եւ այլն: