Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Փարիզում կայացած Օսկանյան-Մամեդյարով
հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ
տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցը։ Խոսքն այս անգամ
Աղդամ-Ստեփանակերտ-Լաչին-Գորիս-Սիսիան-Նախիջեւան ավտոմայրուղու մասին է։
Ընդ որում, ադրբեջանական կողմն այն կարծիքին է, թե այդ ճանապարհը պետք է
վերահսկվի եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի կողմից։ Նկատենք, որ նման
ճանապարհ արդեն իսկ գոյություն ունի, ուստի դրա վերագործարկումն
առանձնապես մեծ ֆինանսական ծախսեր չի պահանջի։
Մի կողմից, այս տարբերակի քննարկումը լավ է այն առումով, որ Մեղրիի հարցը
վերջնականապես կարող է դուրս գալ օրակարգից։ Բայց մյուս կողմից,
ադրբեջանական կողմի նախապայմանները որեւէ տրամաբանության չեն ենթարկվում։
Բանն այն է, որ ըստ ադրբեջանական կողմի, այդ ճանապարհը կարող է գործել
միայն այն բանից հետո, երբ հայկական զորքերը դուրս կբերվեն ազատագրված
տարածքներից, եւ Հայաստանը կհայտարարի, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային
պահանջներ չունի։
Ուշադրություն դարձրեք՝ այդ ճանապարհի վերագործարկումով հայկական կողմը
ոչինչ չի շահում։ Առանց այն էլ Աղդամ-Ստեփանակերտ-Լաչին-Սիսիան ճանապարհը
շատ լավ գործում է եւ լիովին գտնվում է հայկական ուժերի վերահսկողության
տակ։ Փաստորեն, ադրբեջանական կողմը մեզ «մեծահոգաբար» թույլ է տալիս
ապաշրջափակել Նախիջեւանը, բայց դրա դիմաց ոչ թե ինքն է զիջումներ անում,
այլ մեզանից է զիջումներ պահանջում։