27-ամյա Էլմիրայի մաշկի գույնը չի տարբերվում հանրակացարանի սենյակի գորշ պատերի ճնշող, գունատ երանգներից: Արդեն քանի օր է` հազի նոպաների ժամանակ արյուն է փսխում: Էլմիրայի հոգում կուտակված տագնապը վերածվել է հիվանդությունների կծիկի, ու ամեն հազի նոպայի ժամանակ` կանգնելով կոկորդին, խելագարության աստիճան տակնուվրա է անում նրան: 21 տարեկանում է ամուսնացել: Ասում է` «Ես սենց չէի, գիտե՞ս ինչ առողջ էի, չաղլիկ, բարի աղջիկ էի: Ամուսնացա, տարավ իրանց տուն: Մի քանի օր անցավ ու կամաց-կամաց սկսեց բացահայտվել: Պարզվեց, որ խմող ու դաժե պլան քաշող ա: Հետո նույնիսկ իմացա, որ սրսկվում ա: Ես չգիտեի, որովհետեւ մենք իրար լավ չէինք ճանաչում, քիչ ժամանակ ենք իրար հետ անցկացրել: Ինձ վրա լավ տպավորություն էր թողել, բայց ի՞նչ իմանայի, որ հրեշ ա»: Էլմիրան նախկին ամուսնու մասին պատմելիս ամբողջ մարմնով դողում է, որովհետեւ հիշողություններն ու վիրավորանքը կրկին արթնանում են: Պատմում է, որ ամուսնանալուց որոշ ժամանակ հետո ամուսնու արատավոր սովորույթներն ի հայտ են եկել, բայց չի փորձել ամուսնալուծվել միայն նրա համար, որ երեխայի է սպասել: Հետագայում նաեւ հասկացել է, որ ամուսինը գողություն է անում ու այդ գումարով թմրադեղ է գնում: Ասում է` «Չէի հեռանում զուտ ամոթից… ուզում էի թքել ամեն ինչի վրա ու հեռանալ, բայց ամոթը խեղդեց ինձ: Սկեսուրս, կեսրայրս բոլորն էլ իրան էին պաշտպանում, որովհետեւ իրանց տղային լավ գիտեին ու ինձ նման հարիֆ էին գտել, որը նրան ա ընտրել»: Այնուամենայնիվ, Էլմիրան դիմացել է եւ չի հեռացել ամուսնուց միայն այն պատճառով, որ հարեւանների, հարազատների կողմից կշտամբանքի չարժանանա: Որոշ ժամանակ անց ամուսինը տեսնելով կնոջ հանդուրժող բնավորությունը՝ նրան հղի վիճակում սկսել է դաժանորեն ծեծել. «Չէր ծեծում է՜… ջարդում էր: Մի անգամ գլխիս նենց էր խփել, որ երկար ժամանակ ուշքի չէի գալիս: Մաման գալիս էր մեր տուն` դուռը չէի բացում, որովհետեւ ոտքից գլուխ կապտած, սեւացած էի: Չէի ուզում իմանար»: Որդին` Սեւակը, ծնվել է գլխուղեղի ծանր հիվանդությամբ: Մինչեւ այսօր երեխան պարբերաբար բուժվում է, իսկ Էլմիրայի մոտ այդ սթրեսներից թունավոր զոբ է առաջացել: Ամուսնուց այժմ տեղեկություն չունի, որովհետեւ ինքն է լքել կնոջն ու երեխային: Էլմիրայի տղայի հիշողությունների մեջ հոր կերպարը թարմ է, որովհետեւ հիշում է, թե ինչպես էր հայրն իրեն ծեծում, մինչեւ անգամ հարվածների արդյունքում շուրթերն արյունահոսում էին: «Չեմ ուզում պապան էլի գա: Վախենում եմգ»,- ասում է փոքրիկ տղան: Էլմիրան միայնակ մայր է, որն անհապաղ վիրահատության ենթակա է, սակայն հիվանդ երեխայի խնամքի դժվարություններից մոռացել է ինքն իր մասին: Ասում է` «Էս վերջին ամիսներին շատ վատ եմ: Կանացի ծանր խնդիրներ ունեմ, որոնք անմիջական կապ ունեն հորմոնների, թունավոր զոբի հետ: Արդեն քանի օր ա` հազալուց արյուն եմ թքում: Զոբից սրտիս աշխատանքն էլ ա շատ վատացել, սիրտս շուտ-շուտ վատանում ա: Գնացի «Էրեբունի» բուժկենտրոն, ասեցին` անհապաղ վիրահատություն ա պետք, բայց վիրահատությունն արժեր 250.000 դրամ: Սարսափած փախա հիվանդանոցից: Մենակ արյան անալիզն արժե 18.000 դրամ. արյունը տվեցի, բայց գինն իմանալուց հետո՝ արյունը թողած` փախել եմ հիվանդանոցից: Ես իսկի երեխայիս չեմ կարողանում կերակրելգ»: Էլմիրան մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ գտնվող մի կրպակում հաց է վաճառում, որի դիմաց օրական 1000-1500 դրամ է ստանում: Մի քանի ամիս է, ինչ անլույս է ապրում, որովհետեւ 40.000 դրամ հոսանքի պարտքի պատճառով լույսն անջատել են: Ընտանեկան նպաստ չի ստանում, քանի որ գրանցված է մոր տան հասցեում, եւ բալերն էլ չեն հերիքում դրա համար: Ասում է` «Էս հիվանդությունն անմիջապես ներվերին ա խփում, դարձել եմ կատաղած շուն»: Ապրում է Գարեգին Նժդեհ փողոցի 48 շենքի մի փոքրիկ սենյակում, որտեղից արդեն պահանջում են սենյակն ազատել: Բանն այն է, որ հանրակացարանային այդ շենքը երբեմնի գործող Կոմպրեսատորների գործարանինն է: Մասնավորեցման գործընթացի ժամանակ հանրակացարանը գործարանի հետ վաճառվել է: «Երբ ամուսինս մեզ լքեց` ընկերն ինձ ասեց` դու խելոք, լավ աղջիկ ես, չպիտի մնաս անտուն: Ասեց, որ իրա պապան երկար տարիներ աշխատել ա Կոմպրեսատորների գործարանում, ու էս հանրակացարանի սենյակն իրան են տվել: Ասեց` պապաս հիվանդանոցում ա, գնա ու երեխու հետ մնա էդ սենյակում, սա իրա սենյակն ա: Հետո էդ մարդը` Պավլիկը, 2004 թվին մահացավ, բայց մենք մինչեւ էսօր էստեղ ենք: Հիմա մեզ ասում են` ազատեք սենյակը. ախր, ես՝ հիվանդ, երեխաս՝ հիվանդ, ո՞ւր գնանք, ասեք…»,- լաց լինելով ասում է Էլմիրան, ով հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ նրան մեկ ամիս ժամանակ են տվել սենյակն ազատելու համար: Ի դեպ, հանրակացարանի սեփականատերը 1քմ-ի դիմաց 400 դոլար է պահանջում, այնպես որ, Էլմիրայի սենյակը հավանաբար վաճառվելու է: Հարցնում եմ` «Չե՞ս դիմել Շենգավիթի թաղապետարան, գուցե իրենք միջամտեն»: Պատասխանում է` «Չէ՛, գիտե՞ք, ամաչում եմ: Ախր իմ վիճակն էլ շատ վատ ա: Բա որ ինձ մի բան պատահի՝ երեխայիս հետ ի՞նչ ա լինելու»: Անցյալ տարի Էլմիրան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է դիմել` խնդրելով միջամտել հանրակացարանի սենյակի հարցում եւ թույլ չտալ իրեն վտարել այդ տարածքից: Դիմումը վերահասցեագրվել է Երեւանի քաղաքապետարան, այնուհետեւ` Շենգավիթի թաղապետարան: Թաղապետի տեղակալն անմիջապես կապվել է գործարանի բաժնետեր ոմն Սաֆարյանի հետ եւ ճշտել է որոշ տվյալներ. «Ասեց` միայնակ մայր ա, հիվանդ երեխայի հետ, ո՞նց ես հանում դուրս: Ասեց, որ մեզ չեն հանի, հանգիստ կապրենք, ու խորհուրդ տվեց դիմում գրել թաղապետարան: Էնպես ստացվեց, որ էդ օրերին երեխաս շատ վատացավ, ու տեղափոխեցինք հիվանդանոց` վիրահատության: Երկար պառկեց, ու չկարողացա սենյակի հարցով զբաղվել»: Ներկայումս հանրակացարանի բաժնետերը կրկին պահանջում է սենյակն ազատել, իսկ Էլմիրան խնդրում է մեր թերթի միջոցով դիմել համապատասխան մարմիններին. «Ես հասկանում եմ, որ իրենց սեփականությունն է, բայց ես ո՞ւր գնամ երեխայիս հետ: Ախր փոքրիկ չորս պատ է, նույնիսկ զուգարանն ու խոհանոցը միջանցքի ծայրում` ընդհանուր է: Թող էս սենյակի վաճառքի գումարն էլ զոհաբերեն հանուն մի անպաշտպան ընտանիքի: Խնդրում եմ, թող մեզ չվռնդեն, ախր մենք գնալու տեղ չունենք, երկուսս էլ ծանր հիվանդներ ենք: Մեզ բռնի ուժով կվտարեն…»:
Էլմիրան այլեւս չի մտածում սիրելու, նոր ընտանիք կազմելու մասին, ամեն ինչից խորապես հիասթափված է: Ուզում է որդու հետ խաղաղ ապրել այնքան, որքան թույլ կտան ապրել իր եւ որդու հիվանդությունները: Որդուն ուղարկում է մանկապարտեզ ու պատառոտված երկարաճիտ կոշիկները հագին՝ ամեն օր գնում հաց վաճառելու: Ասում է` «Երրորդ ձմեռն ա, ինչ էս սապոգներս կարկատում, հագնում եմ: Չեմ ամաչում, ինչ ունեմ` դա եմ հագնում: Ես էնքան բան եմ տեսել, որ կոշիկ չունենալն ամենաթեթեւ տանելին ա: Գիտե՞ք, շատ լավ, բարի մարդիկ կան. Մանկապարտեզի վարիչ Նելլի Միխայլովնան արտակարգ մարդ է: Ամիսներով չեմ կարողանում մանկապարտեզի վարձը տալ, ու ինքն առանց նեղվելու՝ վճարում է իմ փոխարեն: Ինձ շատ են օգնում իրենք, թե չէ` ես մենակ…»: