Լատինաամերիկյան ֆիլմերը նոր շունչ են բերում եվրոպական կինո

17/02/2009

Բեռլինի միջազգային կինոփառատոնում լավագույն ֆիլմ է ճանաչվել Պերուում նկարահանված «Ափսոսանքի կաթը» ֆիլմը (ռեժիսոր Կյաուդիա Լյոսա), որը պատմում է բռնաբարության արդյունքում ծնված կնոջ ու մոր կաթի հետ ժառանգած վախի զգացումի մասին: Այդ տարօրինակ ֆիլմը յուրատեսակ գեղագիտությամբ է ստեղծվել, այն «լուռ» ու դանդաղ է, ֆիլմում երկխոսություններ գրեթե չկան, փոխարենը` չքողարկված ցավ կա: Մահը, կյանքն ու բռնությունը ֆիլմում շատ անձնական տեսակետից են ներկայացված, իսկ այդ տեսակետը հիմնված է հնագույն առասպելների վրա։ «Արծաթե արջ» մրցանակին են արժանացել արգենտինա-ուրուգվայական «Հսկա» (ռեժիսոր Ադրիան Բենիեզա) եւ գերմանական «Եվ մնացածը» ֆիլմերը։

Բեռլինի կինոփառատոնը, որը միշտ աչքի է ընկել քաղաքականացված դիրքորոշմամբ, այս տարի հրաժարվել է քաղաքական զուգահեռներ անցկացնող ու հստակ կոռեկտությունն ընդգծող կինոֆիլմերը պատվելուց: Այն այս տարի դեմքով դեպի մարդկային զգացմունքներ է շրջվել: Կամերային ու շատ անձնական ֆիլմերը Եվրոպան այժմ ստանում է ոչ թե ասիական, այլ՝ լատինաամերիկյան կինեմատոգրաֆիստներից (անցյալ տարի Բեռլինում բրազիլական ֆիլմ էր հաղթել)։

Բեռլինը այժմ իսկական «կինոբում» է ապրում։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում կինոդիտումները դարձել են ամենադեմոկրատական ու մատչելի ժամանցի միջոցը։ Բեռլինում հանդիսատեսի քանակն այս տարի ռեկորդային էր, ավելի քան 300 հազար մարդ է կինոդահլիճներում եղել։ Շատ գերմանացիներ հատուկ «Բեռլինալեի» ֆիլմերը դիտելու համար արձակուրդ էին վերցնում ու ժամանում մայրաքաղաք։