«Թատրոնները տեղից շարժվել չեն ուզում»

17/02/2009

Մոսկվայում տեղի ունեցող ամենախոշոր ու հեղինակավոր ամենամյա թատերական ստուգատեսին՝ «Ոսկե դիմակին», մասնակցելու է նաեւ Հայաստանը։ «ՀայՖեստ» թատերական փառատոնը Մոսկվայում ներկայացնելու է Երեւանի Պետական տիկնիկային թատրոնը եւ Մանկական գեղագիտական կենտրոնին կից գործող «Փոքր թատրոնը»։ «ՀայՖեստի» նախագահ, դերասան ու պրոդյուսեր Արթուր Ղուկասյանն այդ թատրոնների ընտրությունը շատ պարզ է բացատրում. «Նրանք արձագանքեցին «Ոսկե դիմակի» առաջարկին։ Իսկ մյուս թատրոնները՝ ոչ։ Եթե, ասենք, Մոսկվայում ներկայանալու ցանկություն հայտներ Դրամատիկական թատրոնը, մենք մեծ հաճույքով Հայաստանի տաղավարում կներկայացնեինք նրանց ներկայացումները, ասենք՝ վիդեոնյութերի տեսքով։ Ներկայանալ կարելի է տարբեր կերպով։ Եվ եթե թատրոնը չի ուզում Մոսկվա գործուղել իր մարդուն, ապա այն կարող է գոնե տեսագրություններ ուղարկել։ Իսկ մեր շատ թատրոնները տեղից շարժվել չեն ուզում»։ «Ոսկե դիմակի» ներկայացուցիչներն անցյալ տարի Երեւան էին ժամանել՝ «Թատրոն պլյուս» ծրագրի համար բեմադրություններ ընտրելու նպատակով։ Եվ նրանց ընտրությունը կանգ էր առել Վահան Բադալյանի ստեղծած «Օֆելյայի թատրոնի ստվերները» ու «Յոթ զգայարաններ» ներկայացումների վրա («Փոքր թատրոն»)։ Արթուր Ղուկասյանը նկատում է, որ այսօր միայն Վահան Բադալյանի գործերն են բարձր գնահատվում պրոֆեսիոնալների կողմից, նաեւ՝ ժանրային առումով ուշադրության են արժանանում տիկնիկային բեմականացումները։ «Եթե Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը այդքան ակտիվ ու ճիշտ չաշխատեր, մեր տիկնիկային թատրոնների մասին ոչ ոք չէր էլ իմանա արտասահմանում։ Արդյունքի հասնելու համար տաղանդավոր լինելը բավարար չէ, հիմա անպայման պետք է ակտիվ լինել։ Իսկ մեր թատրոնի ղեկավարները սովոր են բազմոցին նստել ու ասել՝ ոչ ոք մեզ մոտ չի գալիս։ Նույնիսկ, երբ մենք որպես «Ոսկե դիմակի» գործընկեր, զանգահարում էինք թատրոններ ու առաջարկում DVD-ներ տալ մեզ՝ Մոսկվա տանելու համար, շատերն ասում էին՝ է՜, հիմա դրա ժամանակը չունենք։ Զարմանալ կարելի է, թե ինչո՞ւ են մեր թատրոններն այդքան անհեռանկարային մոտեցում ցուցաբերում։ Սա այն գործն է, որը ոչ ոք իրենց փոխարեն անել չի կարող։ Թատրոններն իրենք շահագրգռված պիտի լինեն կապեր ստեղծելու մեջ»,- ասում է Ա.Ղուկասյանը։