«Լուվրը» զարմացրեց բոլորին

17/02/2009

Փարիզի «Լուվր» թանգարանում մեկնարկել է «Մոնա Լիզայի հուղարկավորությունը» ցուցադրությունը, որի գաղափարը պատկանում է չինացի նկարիչ Յան Պեյ Մունգին։ Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավի կողքին նա տեղադրել է հինգ հսկայական կտավներ, որոնց վրա պատկերել է ինքն իրեն, նաեւ՝ իր մահացած հորը, իսկ Մոնա Լիզային կրկնօրինակել է լաց լինելիս (նրա աչքերից արցունքներ են հորդում)։ Որոշ կտավների վրա գանգեր ու կմախքներ կան։ Ֆրանսիայում ապրող չինացի նկարիչն ասել է, որ հասկանում է, որ իր գաղափարներին շատերը դեմ կլինեն։ «Բայց «Լուվրի» տնօրենն ինձ լիակատար ազատություն էր տվել, եւ ես ընտրեցի ամենահայտնի նկարը։ Արդյունքում՝ ստացա ժամանակակից Սուրբ Երրորդություն՝ Հայր, Որդի եւ Մոնա Լիզա, որը խորհրդանշում է Սուրբ Ոգին։ Բոլորս գիտենք, որ «Լուվրը» նկարիչների գերեզմանոց է, եւ ես երջանիկ եմ, որ հասցրել եմ այստեղ կենդանի ժամանակ մուտք գործել»,- ասել է այս մեծ պրովոկացիայի հեղինակը։

Չինացի նկարիչը պատրաստվում է Ամերիկայում Բարաք Օբամայի դիմանկարների շարք ներկայացնել, իսկ Ռուսաստանում ցուցադրել Պուտինի պորտրետները։ «Լուվրի» տնօրեն Անրի Լուարեթը նոր ցուցադրության միտքը շատ արդիական է համարել՝ ասելով, որ անցյալի նկարիչները պետք է երկխոսության մեջ մտնեն ժամանակակիցների հետ։ «Հիմա զարմացնելու ժամանակներն են, իսկ «Լուվրին» հաջողվեց զարմացնել այցելուներին»,- ասել է նա։ Շատերը նրա որոշումն անթույլատրելի են համարել, ասելով, որ աշխարհի ամենահեղինակավոր թանգարանը չի կարելի Դիսնեյլենդի վերածել։